...

Փակվեցին

Փակվեցին

Երկու օր առաջ՝ մարտի 1-ին, Ռուսաստանի դաշնության գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ից պահանջել էր արգելափակել ռուսական «Դոժդ» հեռուստաալիքն ու «Էխո Մոսկվի» ռադիոկայանը։ Ցուցում էր տրված նաև արգելափակել այդ լրատվամիջոցների կայքերն ու սոցիալական մեդիա հարթակներում եղած էջերը։ Նշենք, որ «Ռոսկոմնադզոր»-ը Ռուսաստանի տեղեկատվական դաշտը վերահսկող պետական մարմին է։ Դատախազությունը հայտարարել էր, թե այս լրատվամիջոցները սխալ և ծայրահեղական բնույթի տեղեկություններ են հաղորդում Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի բանակի գործողությունների մասին։

Այսօր արդեն հայտնի է դարձել, որ «Էխո Մոսկվի»-ն, ինչպես նաև «Դոժդը» դադարեցնում են իրենց գործունեությունը։ Առաջին դեպքում ռադիոկայանի ղեկավարությունը որոշել է գնալ ցավալի լուծման, այն է՝ լուծարել լրատվամիջոցը, ինչպես նաև համանուն կայքը։ Այս մասին հայտարարել է խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ «Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջել է հեռացնել լրատվամիջոցի հավելվածը։ 

Ինչ վերաբերում է «Դոժդ» հեռուստաընկերությանը, ապա դրա ղեկավար Տիխոն Դզյադկոն հեռացել է Ռուսաստանից։ Երկիրը լքել են նաև հեռուստաընկերության այլ աշխատակիցներ։ Նրա փոխանցմամբ՝ նման որոշում են ընդունել նաև հեռուստաընկերության մի շարք աշխատակիցներ։ Դզյադկոն նշել է նաև, որ լրագրողների հասցեին սպառնալիքներ են հնչել և աշխատակիցների անձնական անվտանգությունը սպառնալիքի տակ է։ «Ռուսաստանի ոչ մի, նույնիսկ՝ ամենահրեշավոր օրենքները մեր լրագրողները չեն խախտել, ուստի արգելափակելու հիմքեր չկան»,- ասել է «Դոժդ»-ի ղեկավարը՝ վստահեցնելով, որ իրենք կբողոքարկեն արգելափակելու որոշումը։ Մինչ այդ հեռուստաալիքը չի հեռարձակվի, որովհետև խմբագրակազմը այլ երկրից հեռարձակվելու ցանկություն չունի։ 

Հավելենք նաև, որ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Ռոսկոմնադզոր»-ը սպառնում է արգելափակել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության Svoboda.org կայքը: Գլխավոր դատախազությունն այս պարագայում էլ պահանջել է պատերազմին առնչվող որոշ նյութեր հեռացնել։ Կասկածի տակ է նաև «Ամերիկայի ձայն»-ի ռուսալեզու www.golosameriki.com լրատվական կայքը։ Պահանջը նույնն է՝ հեռացնել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ կապված նյութը: Սա դիտարկվել է ահաբեկչական գործողությունների կեղծ հաղորդում։ «Ռուս ժողովուրդն արժանի է ազատ մամուլի անարգել հասանելիություն ունենալուն, և, հետևաբար, մենք չենք կարող կատարել «Ռոսկոմնադզոր»-ի պահանջը»,- ասել է «Ամերիկայի ձայն»-ի տնօրենի պաշտոնակատար Յոլանդա Լոպեսը։

Իսկ այս ֆոնին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թիմը շարունակում է իր հետաքննությունները՝ հեռուստահաղորդումների տեսքով։ Չնայած Նավալնին անազատության մեջ է, բայց նրա շուրջ հավաքված մեդիադեմքերը հետաքննական թողարկումներով շարունակում են մերկացնել Պուտինի մերձավորներին։ 

Պատրաստեց Գոհար Վեզիրյանը

ՎԱՐԿԱՆԻՇ

   1581 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ