...

ՌԴ բոլոր քաղաքացիները՝ պատժամիջոցների տակ

ՌԴ բոլոր քաղաքացիները՝ պատժամիջոցների տակ

Ռուսաստանի դեմ տարբեր պետությունների պատժամիջոցներին միացել են համաշխարհային այնպիսի գիգանտներ, որոնք առաջատար են հագուստի, տեխնոլոգիաների, լոգիստիկայի բնագավառներում։ Սա նշանակում է, որ պատժամիջոցների թիրախային խմբերն ընդլայնվում են․ դրանք ազդելու են ոչ միայն ՌԴ պաշտոնյաների, օլիգարխների, բիզնեսմենների, պուտինյան Ռուսաստանի քարոզչությունը սպասարկող լրատվամիջոցների ղեկավարների ու քաղաքական մեկնաբանների, այլ նաև շարքային ՌԴ քաղաքացիների վրա։ «Երկաթե նոր վարագույր». արևմտյան որոշ լրատվամիջոցների կողմից այսպիսի ձևակերպում է արդեն դրվել շրջանառության մեջ։

Ավտոմեքենաներ

Համաշխարհային առաջատար ավտոմոբիլային ընկերություններից BMW-ն դադարեցնում է իր առաքումները Ռուսաստան։ Ընկերությունը որոշել է դադարեցնել իր արտադրությունը ՌԴ տարածքում՝ հայտարարելով Կալինինգրադի գործարանի փակման մասին։ Առաքումները դադարեցրել են նաև Audi-ն, Skoda-ն, Volkswagen-ը, Bentley-ն, Lamborghini-ն, Ducati-ն, Jaguar-ը, Land Rover-ը, Harley-Davidson-ը։ 

Հագուստ 

Սպորտային հագուստի առաջատար Adidas-ը խզել է իր պայմանագիրը, որը կնքել էր ՌԴ ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։ Բրենդի ղեկավարությունը հայտարարել է, թե պլանավորում է ամբողջությամբ հեռանալ Ռուսաստանի շուկայից։ Սպորտային համազգեստի մեկ այլ առաջատար էլ՝ Nike ընկերությունը, ՌԴ-ի համար իր վաճառքը դադարեցրել է օնլայն խանութների հարթակում։ Ընկերությունը հաղորդագրություն է տարածել, թե չի երաշխավորում, որ ՌԴ քաղաքացիների պատվերները կհասնեն հասցեատերերին։

Տեխնիկա 

Apple ընկերությունը ևս դադարեցրել է ՌԴ տարածքում իր ապրանքատեսակի առքուվաճառքը օնլայն խանութների միջոցով։ Պատվերի բաժնում ՌԴ քաղաքացիների դեպքում նշվում է, թե պատվերն անհասանելի է։ 

Կինոարտադրություն

Ամերիկյան հեղինակավոր Netflix ցանցը հրաժարվել է հեռարձակել ռուսական հեռուստաալիքները։ Ընկերությունը պարտավորվել էր Մարտի 1-ից հեռարձակել 20 ռուսական քարոզչական հեռուստաալիքներ, այդ թվում՝ НТВ-ն և Առաջին ալիքը։ Մինչդեռ Netflix-ը հայտարարել է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ իրենք չեն պատրաստվում այդ հեռուստաալիքներն ընդգրկել իրենց ծառայությունների ցանցում։ Համաշխարհային ամենահայտնի կինոարտադրությունները՝ Disney-ը, Warner Bros-ը, Sony Pictures-ը ևս որոշում են կայացրել հեռանալ ռուսական շուկայից։ Նրանք արդեն որոշ ռուսական պրեմիերաներ են չեղարկել։  

Լոգիստիկա

Միջազգային ծովային փոխադրողները ևս դադարեցնում են Ռուսաստանի հետ համագործակցությունը: Կոնտեյներային առաքումը դադարեցնում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Maersk-ը, Ocean Network Express (ONE)-ը, Hapag Lloyd-ը և MSC-ն: Մյուս փոխադրողներն էլ պարզապես չեղարկում են պատվերները: 

Ստացվում է, որ պատժամիջոցների տակ է հայտնվում նաև ՌԴ շարքային քաղաքացին։ Սրա գիտակցումը կարող է երկրորդ ֆրոնտ բացել Պուտինի համար հենց Ռուսաստանի ներսում։  

Պատրաստեց Գոհար Վեզիրյանը

ՎԱՐԿԱՆԻՇ

   1675 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ