«Ռուս-ուկրաինական պատերազմը մեզ համար հետևանքներ կունենա, որովհետև եթե Ռուսաստանն այնտեղ՝ Ուկրաինայում ճահճի մեջ ընկնի և շեղի ուշադրությունը Կովկասից, ապա մեր հակառակորդները չեն սպասի։ Նրանք այս հնարավորությունը կօգտագործեն՝ մինիմում Զանգեզուր։ Մինիմում Սյունիքում գործողությունները կսկսեն և Արցախի հարցը կփակեն։ Դա մինիմումն է, եթե Ռուսաստանը թուլանա և ընկնի այդ թակարդի մեջ։ Դեպքերը կարող են կատաստրոֆիկ լինել Հայաստանի համար, մենք պետք է շատ զգույշ լինենք, մենք պետք է պատրաստ լինենք։ Սա վաղը չի ավարտվելու, սա կարող է տարիներով շարունակվել։ Մեզ պետք են կոմպետենտ և փորձառու ղեկավարներ, որոնք պետք է ճիշտ ձևով հարաբերություններ կառուցեն Ռուսաստանի հետ։ Հուսանք, որ Ռուսաստանը հետ չի քաշվի և դուրս չի մնա այս ռեգիոնից՝ տեղը ազատելով Թուրքիայի համար, իսկ դրա հետևանքները մենք կարող ենք պատկերացնել»,- հայտարարել է «Սթենֆորդի» համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ զրույցի շրջանակներում։
Զրույցն իսկապես դիտարժան է։ Ամերիկյան հեղինակավոր համալսարանի դոկտորն օբյեկտիվորեն քննարկում է օրակարգային հարցադրումները՝ միաժամանակ ներկայացնելով ամերիկյան նախկին և ներկա վարչակազմների, քաղաքագետների և վերլուծաբանների տեսակետներն ու կանխատեսումները։ Այս զրույցում ակամայից կարևորվում է քաղաքագիտության դոկտորի կանխատեսումը Զանգեզուրի մասով։ Տեսնես այս մասին ՀՀ իշխանությունները մտածե՞լ են։ Եթե այո, և եթե իրենք էլ մտահոգություններ ունեն՝ ի՞նչ են պատրաստվում անել։ Տեսնես խորհրդարանական և առհասարակ՝ Հայաստանի ընդդիմությունը մտածե՞լ է դեպքերի նմանօրինակ ընթացքի մասին։ Եթե այո, ապա իրենց անելիքը ո՞րն է լինելու՝ շարունակել հետապնդել Փաշինյանին հեռացնելու նպատակը, շարունակել շոուներ բեմադրել Հայաստանի խորհրդարանում, ֆեյսբուքներում ստատուսներ գրել ապաշնորհ կառավարման մասին և վե՞րջ։ Թե՞ էլի կարիք չունենք մտածելու, նստելու ենք, սպասենք մինչև բանը բանից անցնի ու պատմությունը արձանագրի՝ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում կորցրինք Զանգեզուրը։
Անհրաժեշտ է սթափվել, ճգնաժամային կառավարման խորհուրդ ստեղծել, ներգրավել հասարակության մտավոր պոտենցիալը, քաղաքական փորձառությունն ու ի վերջո ձևակերպել Հայաստանի՝ այս պահի օրակարգը։ Փորձառու և կոմպետենտ գործիչները պետք է նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը։ Ինչպե՞ս՝ իրենց ավելի լավ է հայտնի։
Գոհար Վեզիրյան