...

Հայաստանի տրանզիտ հանրապետություն

Հայաստանի տրանզիտ հանրապետություն

«Երևանում բնակարաններն արդեն Լոնդոնի գներին են հավասարվել, Աշտարակում՝ Ամստերդամի, Դիլիջանում՝ Բեռլինի։ Դա անբնական է, իսկ անբնական գները երկար ժամանակ չեն կարող պահպանվել։ Հազարավոր ռուսներ և ուկրաինացիներ եկել են Հայաստան, ոմանք փորձում են տեղափոխել իրենց բիզնեսը, որից Հայաստանը մեծ օգուտներ կարող է քաղել, ոմանք պատերազմից են փախչում։ Բայց սա երկար չի տևելու, արագ եկամուտ փախցնելու փոխարեն մտածեք երկարատև օգուտների մասին ու այնպես մի արեք, որ մարդիկ զզված ու թշնամացած հեռանան Հայաստանից»,- ֆեյսբուքում նման գրառմամբ է հանդես եկել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ նշելով, որ պետության բացակայությունը հենց այս ձևով է դրսևորվում։

Առհասարակ Ստեփան Դանիելյանը միակը չէ, որ նկատել է այս թանկացումները։ Արդեն երկու օր է, սոցիալական մեդիան հեղեղված է նման հրապարակումներով։ Զուգահեռաբար կոչեր են հնչում, որ պետությունը պետք է կարգավորի այս ամենը, թե չէ եկողները, որոնց պոտենցիալ «ներդրող» ենք ընկալում, կթողնեն ու կգնան, ասենք՝ Վրաստան։ Անշուշտ, պետությունը պարտավոր է որոշակի կարգավորումներ նախաձեռնել, այլ ոչ թե հույսը դնել քաղաքացիների մեծահոգության կամ բարոյական այլ ընկալումների վրա։ Ասում են՝ ամաչեք. ցեղասպանությունից կամ սովետի փլուզումից հետո, երբ արտագաղթել եք այլ երկրներ, այդ երկրներն ու դրանց քաղաքացիները ձեզ գրկաբաց ընդունել են, օգնել են, կրթություն են տվել, և այլն, և այլն։ Հիմա դուք էլ պիտի նույնն անեք, որովհետև ժամանակին ձեզ հետ էդպես են վարվել։ Բայց սա մարդու կամ քաղաքացու վրա թողնելիք հարց չէ։ Պետություններն են սովորաբար կարգավորել այս հարցադրումները և ստեղծել այն մթնոլորտը, որում հայտնված գաղթականը կարճ ժամանակ անց այդ երկիրը համարել է իրենը։ Հիմա վերադառնանք Հայաստան․ շատ բան չկա ակնկալելու։ Պետություն չունենք, որ կարգավորումների սպասենք։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ մեր քաղաքացիների վերաբերմունքը նորեկներին բխում է հենց առաջինի բացակայությունից։ «Գլուխ ունես՝ եղունգդ քորի», «Նաղդը թողած՝ նիսյայի հետևից մի ընկի», «Երկաթը տաք-տաք են ծեծում», և այլն, և այլն։ Ծանոթ դարձվածքներ են, չէ՞, մեզ բնութագրող։ Հիմա էլ նույնն է․ ամեն մեկն իր շահն է հետապնդում՝ տաքսիստը՝ իրենը, բնակարանի սեփականատերը՝ իրենը, ռեստորանինը՝ իրենը, վարսավիրը՝ իրենը, խանութպանը՝ իրենը։ Լավն ենք, վատն ենք՝ էս ենք։ Պետք չէ խորանալ. այլ ազգերի մեջ էլ կան այս որակները, բայց պետությունները հենց դրա համար են՝ դրանք հեռանկարներ են ձևակերպում և մոդելավորում են քաղաքացիների վարքն այնպես, որ այն ծառայեցնեն այդ հեռանկարներին։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   997 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ