...

Ո՞րն է մեր նպատակը և ո՞ւմ ենք ընտրում որպես դաշնակից

Ո՞րն է մեր նպատակը և ո՞ւմ ենք ընտրում որպես դաշնակից

«Բրյուսելյան հանդիպման արդյունքները Թուրքիան ողջունեց, Ալիևը հայտարարեց, որ այդ պայմանավորվածությունն Ադրբեջանի շահերից է բխում, և Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հետո տեղի ունեցավ հայ և ռուս արտգործնախարարների հանդիպումը և հայտարարվեց, որ Մինսկի խումբն, ըստ էության, գոյություն չունի և որ Ռուսաստանի վրայից մոդերատորի դերը հանում են, Եվրամիությունն ուզում է իր վրա վերցնել և բնականաբար, իր շահերից ելնելով լուծել Արցախի հարցը։ Արդեն կա առճակատում և այստեղ զուտ աշխարհաքաղաքական շահերի համար պայքար է։ Եթե քաղաքականությունն այն է, որ տանք Արցախը, բացենք Ադրբեջանի ասած «Զանգեզուրի միջանցքը», ՆԱՏՕ-ի անդամ դառնանք, մյուս մարտավարություն է, որ Արցախը և Սյունիքը պետք է պահպանենք, դա այլ դաշնակիցներ է ենթադրում։ Մեր անելիքը կախված է մեր նպատակներից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Սա շրջանառվող վերլուծություններից կամ համոզմունքներից մեկն է, որի հետ կարելի է համաձայնել կամ ոչ։ Բայց մի բան հստակ է՝ մեր անելիքն իսկապես կախված է մեր նպատակներից։ Խնդիրը հենց այստեղ է։ Այսօրվա իշխանությունը քաջություն կամ անկեղծություն չունի ձևակերպելու, ապա հայտարարելու, թե ո՞րն է մեր նպատակը։ Հնարավոր է, որ ինքն էլ չգիտի՝ ո՞րն է այդ նպատակը։ Այստեղից էլ գալիս է Հայաստանի անկանոն շարժումը՝ իրար հակասող գործողություններով ու հայտարարություններով։ Սա էլ նյարդայնացնում է կողմերին, որովհետև չեն էլ ենթադրում, որ հնարավոր է՝ ձևակերպված նպատակ չունենք։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կա այդ նպատակը, բայց այն թաքուն է պահվում հասարակությունից ու մնացածների՞ց։ Ահա այստեղ է, որ դեմ ենք առնում պատին։ Անհնարին է դառնում վերլուծելը, կանխատեսելը, կանխելը կամ վերահսկելը գործընթացների հունը։ Ի վերջո՝ ո՞րն է մեր նպատակը և ո՞ւմ ենք ընտրում որպես դաշնակից։ Սա Նիկոլ Փաշինյանի իշխանության ձևակերպելիքն է։ Չի արվում։ Բայց Հայաստանը չի սկսվել ու չի էլ ավարտվելու Նիկոլի իշխանությամբ։ Այն մեկ էպիզոդ է։ Հայաստանը քաղաքական ռեսուրսակիրներ ունի, և նրանք հիմա պարտավոր են գործել։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1249 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ