...

Պատերազմի 9-րդ օրը

Պատերազմի 9-րդ օրը

Ռուս-ուկրաինական պատերազմի 9-րդ օրն է։ Ամեն օր ավելի կատաղի է դառնում պայքարը, ավելի է կոշտանում աշխարհի հզորների հռետորաբանությունը։ Իսկ այս ընթացքում արդեն հազարավորներն են սպանվել։ Ուկրաինայից դուրս եկածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Ռուսաստանն էլ լքում են աննախադեպ տեմպերով։ Միջազգային մամուլը, սոցիալական ցանցերը ողողված են չափազանց տխուր, տեղ-տեղ զարհուրելի տեսանյութերով։ Կրակի դադարեցման մասին խոսք չկա։ 

ՌԴ Անվտանգության խորհրդի վերջին նիստում Վլադիմիր Պուտինը կրկին ասել է, թե տեղի ունեցողը «ռազմական հատուկ գործողություն» է, որն ընթանում է՝ ըստ պլանի և գրաֆիկի, և դրված բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարվում են: «Ի՞նչ ես ուզում մեզնից, հեռացիր մեր երկրից: Հիմա չես ուզում հեռանալ, արի նստենք բանակցությունների սեղանի շուրջ: Ես ազատ եմ, նստիր ինձ հետ, միայն թե ոչ 30 մետր հեռու, ինչպես Մակրոնին, Շոլցին և մյուսներին ես դիմավորում: Ես հարևան եմ, խոսիր ինձ հետ»,- իր հերթին Պուտինին է դիմել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն էլ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների արտակարգ ժողովում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանելու է դաշինքի անդամ երկրների տարածքը Ռուսաստանի ագրեսիայի դեպքում: «ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, մենք առճակատման չենք ձգտում, բայց եթե այն մեր դեմ սկսվի՝ մենք դրան պատրաստ ենք և կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի ամեն մի թիզ»,- հայտարարել է պետքարտուղարը: Աննախադեպ լարված ճգնաժամը կարգավորելու միակ ելքը ռուսական զորքի անհապաղ հեռացումն է Ուկրաինայից․ այս կարծիքին է Բլինքենը։ 

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը կոչ է արել բանակցությունների եղանակով կարգավորել ճգնաժամը։ «Չինաստանը սատարում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր դիվանագիտական ջանքերը և ողջունում է ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները: ՄԱԿ-ից և միջազգային համայնքից խնդրում՝ ներգրավված բոլոր կողմերի նպատակը պետք է լինի տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և բոլորի անվտանգությունը: Հարկ է թուլացնել լարվածությունը և ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ասել է Չժան Ցզյունը: Ըստ նրա՝ Պեկինը մեծ ուշադրությամբ է հետևում այս զարգացումներին և համոզված է, որ խնդրի կարգավորման հիմքում պետք է դրվեն երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներն ու վեճերը խաղաղ եղանակով կարգավորելու ՄԱԿ-ի Կանոնադրությունից բխող պահանջը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը իրավիճակը ծայրահեղ վտանգավոր ու մտահոգիչ է գնահատել։ Նա համոզմունք է հայտնել, որ Վլադիմիր Պուտինի անխոհեմ գործողությունները սպառնալիք են ամբողջ Եվրոպայի համար: Մեծ Բրիտանիայի վարչապետի այս արձագանքը հաջորդել է Զապորոժիեի ատոմակայանի մոտ տեղի ունեցած պայթյունին ու բռնկված հրդեհին։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի դեպքում Չեռնոբիլի աղետից շատ ավելի մեծ ողբերգություն կարող է պատահել: 

Չի պատահել։ Առայժմ չի պատահել։ 

Պատրաստեց Գոհար Վեզիրյանը

ՎԱՐԿԱՆԻՇ

   1579 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ