...

Պատերազմը շարունակվում է պատժամիջոցների հորդառատ լրահոսի ներքո

Պատերազմը շարունակվում է պատժամիջոցների հորդառատ լրահոսի ներքո

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեկնարկը տրված է։ Միջազգային մամուլը հեղեղված է այդ պատժամիջոցների ամբողջական փաթեթների լուսաբանմամբ։ Սրանով գերտերություններն ու եվրոպական երկրները, իրենց դիտարկմամբ, փորձում են սթափեցնել Ռուսաստանին, որը շարունակում է Ուկրաինան պատերազմով վերցնելու իր սկսած պարտիան։ Բոլորի համոզմունքը մեկն է՝ Պուտինը հասնելու է Կիև։ Ավելին՝ դրա մասին բաց տեքստով հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Ուկրաինայի մայրաքաղաքն անկասկած կանգնած է գրավման վտանգի առաջ ու շատ հնարավոր է, որ շրջափակման մեջ հայտնվի»,- հայտարարել է Բլինքենը CBS News-ին տված հարցազրույցում։ Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Նույն բանն են առաջարկել ԱՄՆ իշխանությունները։ Ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան իշխանությունները Ուկրաինայի կառավարության հետ քննարկել են Զելենսկու մեկնումը էսկալացիայի դեպքում։ Տեսաուղերձով է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք միայնակ ենք պաշտպանում մեր պետությունը։ Աշխարհի ամենահզոր ուժերը հեռվից հետևում են։ Երեկվա պատժամիջոցները համոզեցի՞ն Ռուսաստանին։ Դա բավարար չէ»,- հայտարարել է նա՝ ուկրաինացիներին կոչ անելով միբիլիզացվել, օգնել իրար ու բանակին։ «Այս հարձակման նպատակը մեզ վրա ճնշում գործադրելն է, հարգելի՛ քաղաքացիներ։ Ճնշում մեր հասարակության վրա։ Ես շեշտում եմ՝ ճնշում ոչ թե պարզապես իշխանության, այլ բոլոր ուկրաինացիների վրա։ Եվ այսօր ավելի շատ, քան երեկ։ Մեր տղաներն ու աղջիկները, Ուկրաինայի բոլոր պաշտպաններն առաջին օրվանից թշնամուն թույլ չեն տվել իրականացնել ներխուժման օպերատիվ ծրագիրը»,- հայտարարել է նախագահը։

Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն էլ երեկ երեկոյան նոր տվյալներ է հաղորդել՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ, ռուսական ԶՈՒ հարվածների արդյունքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 83 միավոր ցամաքային օբյեկտ: Ուկրաինական լրատվամիջոցներն արդեն հաղորդել են հարյուրավոր զոհերի ու վիրավորների մասին։ Եվ չնայած այս ամենին՝ արևմտյան փորձագետները պնդում են, որ պատժամիջոցները չեն կանգնեցնելու Պուտինին, ավելին՝ դրանք էականորեն վնասելու են ոչ միայն ռուսական տնտեսությանը, այլ նաև սանկցիաներ սահմանող երկրների տնտեսություններին։  

Պատժամիջոցները Ռուսաստանի դաշնության նկատմամբ 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցների սահմանումը լուրջ հարված է հասցնելու Ռուսաստանի տնտեսությանը։ Դրանք կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցություն են թողնելու ռուսական տնտեսության վրա։ Ամերիկյան պատժամիջոցների առաջին թիրախը ռուսական բանկերն են, որոնց ակտիվները կազմում են առնվազն մեկ տրիլիոն դոլար։ Դրանց թվում է ռուսաստանյան մեծությամբ երկրորդ՝ ՎՏԲ բանկը։ «Ամերիկայում նրանց ունեցած բոլոր ակտիվները կսառեցվեն»,- հայտարարել է Ջո Բայդենը։ Վերջինս նաև նշել է, որ կսահմանափակվի Ռուսաստանի՝ դոլարով, եվրոյով, ֆունտով և իենով բիզնես անելու հնարավորությունն ու 50 տոկոսով կնվազեցնի բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծումը երկիր։ Ամերիկյան կողմի դիտարկմամբ՝ այսօրինակ պատժամիջոցները հարվածի տակ կդնեն ռուսական, մասնավորապես՝ տիեզերական արդյունաբերությունը։ Սա, իր հերթին, խոչընդոտներ կստեղծի Ռուսաստանին ռազմական ուժերն արդիականացնելու հարցում։ «Մենք հույս ունենք, որ դա կօգնի վերջ դնել Վլադիմիր Պուտինի ռազմական նկրտումներին»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը՝ Պուտինին անվանելով ագրեսոր, որն իր դաշնակիցների հետ «ցանկանում է ցանկացած միջոցներով վերականգնել կայսրությունը»:

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել «Աէրոֆլոտ» ռուսաստանյան ավիաընկերության և ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի դեմ։ ՎՏԲ-ի բոլոր ակտիվները կսառեցվեն, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Մեծ Բրիտանիան փակում է նաև իր երկինքը ռուսաստանյան առաջատար ավիաընկերությունների համար․ ըստ այդմ՝ չվերթները դեպի Մեծ Բրիտանիա կարգելվեն։ Լոնդոնում կսահմանափակվի ռուսաստանցիների՝ բանկերում պահվող գումարների չափը։ Բացի այդ, կարգելվի բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Ռուսաստան։ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ իրենք սահմանել են երբևէ եղած ամենախիստ պատժամիջոցները։ Բրիտանիան խոչընդոտներ է հարուցելու Ռուսաստանի՝ միջազգային շուկաներում իր սուվերեն պարտքի գործարքներն իրականացնելու գործընթացում։

Գերմանիա

Գերմանիան սառեցնում է «Հյուսիսային հոսք-2»-ը։ Երկրի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է գազատարի սերտիֆիկացման գործընթացի սառեցման մասին, իսկ այն առանց սերտիֆիկացիայի չի կարող շահագործվել։

Կանադա

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Պետդումայի բոլոր պատգամավորները։ Ռուսական պետական երկու բանկերի գործունեությունը երկրի տարածքում կարգելվի։ Ռուսաստանի սուվերեն պարտքի որևէ գործարքի Կանադան չի մասնակցի։

Ճապոնիա 

Երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է ռուսական պարտատոմսերի տեղաբաշխման արգելքի սահմանման մասին։ ՌԴ քաղաքացիների «սև ցուցակներ» են գործելու, որոնց վիզաներ չեն տրամադրվելու, բացի այդ, սառեցվելու են նրանց բանկային հաշիվները։ Կիսիդան նշել է՝ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի ինքնիշխանության խախտում են, և Մոսկվային կոչ է արել վերադառնալ դիվանագիտական մեթոդներին, զգուշացնելով, որ եթե իրավիճակը սրվի, Ճապոնիան պատրաստ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել։

Ավստրալիա

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի անվտանգության խորհրդի 7 անդամների նկատմամբ` ընդլայնելով նախկին պատժամիջոցները։

Եվրամիություն

ԵՄ պատժամիջոցները ենթադրում են հետևյալ գործողությունները՝ 

    ռուսական բանկեր, 
    Պետդումայի 351 պատգամավորները, 
    27 ֆիզիկական ու իրավաբանական անձինք,
    ԵՄ պատժամիջոցների ցանկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը չկա,
    խոշոր պետական ընկերությունների 70 տոկոսը՝ ներառյալ ռազմական արդյունաբերությունը,
    նավթի արտահանման արգելք,
    ռուսական նավթավերամշակման գործարանների բարելավման անհնարին դարձնելու գործընթացի մեկնարկ,
    օդանավերի և ավիացիոն տեխնիկայի վաճառքի արգելում ռուսական ավիաընկերություններին,
    Ռուսաստանին կիսահաղորդիչների և ծրագրային ապահովման վաճառքի սահմանափակում,
    ռուս դիվանագետների ու գործարարների արտոնյալ կարգով ԵՄ մուտքի վիզաների դադարեցում:

Ֆրանսիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ամբողջությամբ միացել է Եվրամիության կողմից հայտարարված պատժամիջոցներին՝ իր երկրի կողմից էլ գումարելով սեփական պատժամիջոցների ցանկը։ Սահմանափակումները, որոնց մասին ավելի ուշ է հայտարարվելու, ազդելու են Ռուսաստանի որոշ քաղաքացիների վրա: Բացի այդ, Ֆրանսիան Կիևին կտրամադրի ռազմական տեխնիկա և 300 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնություն։ Եվ չնայած սրան՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին հայտարարել է․ «Ոչ մի եվրոպական երկրում և ԱՄՆ-ում ցանկություն չկա պատերազմել Ռուսաստանի հետ։ Այն, ինչ մենք ցանկանում ենք, այս սարսափելի ներխուժմանը որքան հնարավոր է շուտ վերջ տալն է»։ 

Վրաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հայտարարել է, որ Թբիլիսին չի միանում Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։ Որոշման համար Վրաստանի իշխանությունը հաշվի է առել «երկրի ազգային և ժողովրդի շահերը»։ Վարչապետի դիտարկմամբ՝ պատժամիջոցները «ավելի մեծ վնաս կհասցնեն մեր երկրին և մեր ժողովրդին»։

Պատրաստեց Գոհար Վեզիրյանը

ՎԱՐԿԱՆԻՇ

   1431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ