...

Վերջապես որտե՞ղ են Ուկրաինայի հայերը

Վերջապես որտե՞ղ են Ուկրաինայի հայերը

«Aravot.am»-ի թղթակիցը փորձել է հայ-ուկրաինական բարեկամական խմբում ընդգրկված ԱԺ պատգամավորներից տեղեկանալ, թե ի՞նչ աշխատանքներ են նրանք իրականացնում Ուկրաինայում ապրող հայերի հարցով և առհասարակ ռուս-ուկրաինական պատերազմի այս օրերին։ ՔՊ-ականները, հարցը լսելով, պարզապես փախչում են։ Խրոխտ ելույթներով հանդես եկող Արփի Դավոյանը, ամեն հարցի գիտակ Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, հեռանում են առանց հարցին պատասխանելու։ ՔՊ մեկ այլ պատգամավոր էլ՝ Հերիքնազ Տիգրանյանը, պատճառաբանում է, որ հանդիպման է, հրաժարվում մեկնաբանությունից։ Միակ մարդը, որ հարցին պատասխանում է, Արսեն Թորոսյանն է։ Ասում է՝ Հրաչյա Հակոբյանն արդեն խոսել է։ Հրաչյա Հակոբյանն էլ իր հերթին ասում է. «ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնել լքել Ուկրաինայի տարածքը, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ միջամտություն»: 

Քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ միջամտություն. ի՞նչ է սա նշանակում, կարող է վերծանել միայն մտքի հեղինակը։ Հետո որ շարունակում ենք՝ կռահում ենք, թե ի՞նչ է փորձել ասել ՔՊ-ական պատգամավորը։ «Լեհաստանի և Ռումինիայի դեսպանատան հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ՀՀ քաղաքացիները կարող են 15 օր ժամկետով առանց վիզայի մուտք գործել այդ երկիր, այնուհետև տեղափոխվել երրորդ երկիր: Վերջին անգամ երեկ եմ խոսել դեսպանի հետ: Դիմումները էլի շարունակվում են, բայց կարծես թե ՀՀ քաղաքացիություն ունեցողները հիմնականում տեղափոխվել են այլ երկիր: Ապաստարաններում հիմնականում Ուկրաինայի քաղաքացիներն են, որոնք չեն ցանկանում լքել այդ տարածքը»: Ի՞նչ է ստացվում. ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են երրորդ երկիր, և այդ երրորդ երկիրը Հայաստանը չէ՞։ Էս ինչ խառն են, որ մինչ օրս գոնե մոտավոր պաշտոնական թվեր չեն ամփոփվել այն մասին, թե քանի՞ հայ է դուրս եկել Ուկրաինայից, նրանցից քանի՞սն են մնացել պատերազմի գոտում, ի վերջո՝ Ուկրաինան լքած հայերի քանի՞ տոկոսն է նախապատվությունը տվել երրորդ երկրին և քանի տոկոսը՝ Հայաստանին։ Շարունակենք․ հարցին՝ Կիևը, Խարկովը շրջափակված են, այդ քաղաքներից մեր քաղաքացիները ինչպե՞ս կարող են դուրս գալ, Հակոբյանը պատասխանում է․ «Ինձ դեսպանը հաղորդեց, որ կա կոնկրետ ճանապարհ ու խորհուրդ է տրվում այդ ճանապարհով լքել, բայց այդ ճանապարհը անվտանգ չի: Միջանցք է թողնված, որ այդ միջանցքով լքեն»: Այսինքն՝ համ խորհուրդ են տալիս այդ ճանապարհով լքել, համ էլ հայտարարում են, որ այդ ճանապարհը անվտանգ չէ՞։ Երևի էս խառնաշփոթի պատճառով էլ նախընտրել են երրորդ երկրի տարբերակը։ Էնտեղ գոնե կասեն՝ լեզուն չգիտենք, թարգմանիչներ կտրամադրեն։ Իրար ավելի շուտ կհասկանան, քան մերոնց։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ