...

Մարտնչող մարգինալները

Մարտնչող մարգինալները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան գրառումը վերնագրել է այսպես՝ «Խաղաղության գինը»: «Մահը երբեք ավելի թանկ չի կարող լինել, քան կյանքը, չնայած մեզ հարյուրամյակներով քարոզել են հակառակը, գրել է նա ու հավելել․ «Քարոզել են ազգի արտոնյալները, որ երբեք իրենք չէին զոհվելու, քարոզել են իրենց «ազգային» հռչակած կուսակցությունները, որ մահով են արդարացրել իրենց գոյությունը, քարոզել են մոլորված մարգինալներն ու ռոմանտիկները, քարոզել են՝ մեզ զոհվելու, և ոչ թե՝ ապրելու դատապարտող օտարները»։ «Պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք։ Սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրեցինք իրական հայրենիքի մի մասը։ Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք։ Կուրացանք՝ մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Ու մինչ օրս կույր ենք, չենք հասկանում ու ընդունում մեր սխալները, հրաժարվում ենք առերեսվել գետնի վրայի իրականության հետ ու շարունակում ընտրել մահը»։ Մեր սխալների ընդունումն է բերելու խաղաղության, ոչ թե՝ դրանց կրկնումը»,- եզրակացրել է Թորոսյանը։

Տպավորություն է, թե Արսեն Թորոսյանը երկար ժամանակ կոմայի մեջ է եղել, հիմա արթնացել ու ֆեյսբուք է մտել՝ մտքերով կիսվելու։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա դառը ժպիտով արձանագրենք՝ Թորոսյանն ու իր իշխանությունը շարունակում են օբյեկտիվ իրականությունը իրենց քմահաճույքով չափել, կույր տգիտությամբ հավասարության նշան դնել 100 տարի ու 30 տարի առաջ եղածի միջև։ Միայն մի ասելիք կա՝ Արցախյան առաջին պարտադրված պատերազմի հաղթանակը «չակերտներում» առնել ու դրանից անտրամաբանական մտքեր կառուցել կարող են մարգինալ փոքրամասնությունները, որոնք ինչ-որ հրաշքով մեծամասնություն են դարձել ու անսպասելի հայտնվել կրկեսի հրապարակում։ Կույր ու խուլ, խուլ ու համր քարոզում են կյանքը ընտրել։ Երբ ասվում էր դրա մասին, որ մարդկային կյանքն ամենաթանկն է, որ կան օբյեկտիվ պատճառներ, որ այս անգամ այլ է լինելու ելքը, հակադարձում էին՝ բա որ մեզ դավաճան ասե՞ք։ Այդժամ մահը ձեռնտու էր, իշխանության քմահաճույքը դա էր պահանջում, իսկ այսօր արդեն խաղաղություն են քարոզում ու սխալի աղբյուր դիտարկում այն, ինչը 30 տարի առաջ մեզ քաղաքական ազգ դառնալու, մորթվածի ու ցեղասպանվածի բարդույթը հաղթահարելու հնարավորություն տվեց։ Կույր մտքով, համրված ու խլացած ուղեղով դժվար է հասկանալ խաղաղության գինը։ Խաղաղությունն ու խեղճությունը միանգամայն տարբեր հոգեվիճակներ են ենթադրում։ Կրկեսի հրապարակում անսպասելի հայտնված մարգինալները դժվար էլ զգան կամ հասկանան տարբերությունները։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1414 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ