...

Այսօր փաստաթուղթ չի ստորագրվի․ Սերժ Սարգսյանն է ասել

Այսօր փաստաթուղթ չի ստորագրվի․ Սերժ Սարգսյանն է ասել

Հանրային Հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանի տաղավարում երեկ հյուրընկալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը։ ՔՊ-ում «ծանր հրետանու» և կուսակցությունում առանցքային դերակատարություն ունեցող Արսեն Թորոսյանին կանչել էին, որ ընդդիմության հանրահավաքը «ջրի»։ Նա դա արեց՝ հայտարարելով, որ հանրահավաքը բեկումնային իրադարձություն չէր ՀՀ ներքաղաքական կյանքում։

Բա իհարկե՝ բեկումնային չէր։ Այն ի սկզբանե նման խնդիր իր առաջ չէր էլ դրել։ Խնդիրը այլ էր, և այդ խնդիրը լուծվեց։ Ինչպե՞ս՝ փորձենք հասկանալ։

Այսօր՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում նախատեսված է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը։ Վերջին օրերին շրջանառվում է այն միտքը, թե Փաշինյանը պատրաստվում է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որը վերջնականապես կփակի Արցախի հարցը։ Եվ ահա ընդդիմությունը այս տեղեկատվությունը իմանալուն պես հապճեպ հանրահավաք է պլանավորում, ապա հրավիրում։ Այս հապճեպ հանրահավաքի նպատակը ոչ թե ներքաղաքական կյանքում իրադարձություն հրահրելն էր, այլ Նիկոլ Փաշինյանին օգնելը։ Տեսեք, ընդդիմության հանրահավաքի երեկվա ելույթները բացառապես հայրենասիրական պոռթկումներ էին հիշեցնում՝ տեղ-տեղ համեմված կշտամբանքով առ գործող ռեժիմը։ Բայց բուն հաղորդագրությունը ուղղված էր դրսին՝ այն է՝ Փաշինյանը չի կարող հայ ժողովրդի անունից որևէ բան ստորագրել։ Եթե արեց, հնարավոր է՝ ընդվզումներ սկսվեն, ինչն այս պահին ձեռնտու չէ պատերազմի մեջ ներքաշված «բարին կամեցողներին»։ Եթե այս ամենին գումարում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպանների ակտիվ հանդիպումները ընդդիմության հետ, ապա այս պատկերն ամբողջանում է։ Ի դեպ՝ հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել այսօրվա հանդիպումից, ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է. «Ես չեմ կարող ենթադրություններով զբաղվել: Չեմ կարծում, որ վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի: Օդում կախված են, իհարկե, այդպիսի վտանգներ, բայց չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի»: Հուսանք՝ այս անգամ Սերժ Սարգսյանը ճիշտ դուրս կգա։ Մնացածը՝ հետո։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1316 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ