...

Մեր ռազմավարական դաշնակիցը ծանր վիճակում է․ Արծրունն է ասում

Մեր ռազմավարական դաշնակիցը ծանր վիճակում է․ Արծրունն է ասում

«Բացարձակ նմանություն չեմ տեսնում։ Բացառությամբ այն նմանությունների, որ կարող է ունենալ պատերազմ երևույթն առհասարակ». նման դիտարկում է արել ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Նա նաև նշել է, որ միջազգային արձագանքը անհամեմատելի է 44-օրյա պատերազմի հետ, ապա և պարզաբանել է՝ մենք ենք մեղավոր։ Ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ «Մեր ռազմավարական դաշնակիցը, ճիշտ է, շատ ծանր վիճակում է հայտնվել, էքզիստենցիալ պատերազմ է վարում»։ Խոսելով Ուկրաինայում պարտիզանական գործողությունների մասին՝ Հովհաննիսյանն ասել է, որ նման ձևով կոմունիկացիաների վրա հարձակումներով, ռուսներին մաշում են ու ստիպում են պլանները հետաձգել։ Իսկ ռուս-ուկրաինական բանակցությունների մասով էլ հայտարարել է, որ բանակցությունները ոչ մի արդյունք տալ չեն կարող։

Մենք ասելով՝ տեսնես ո՞ւմ նկատի ունի Արծրուն Հովհաննիսյանը՝ իշխանությա՞նը, հայ ժողովրդի՞ն, սփյուռքի՞ն, թե՞ այլոց։ Անշուշտ, շատ բաներում մեղավոր ենք. օրինակ, որ չհավատալով Արծրուն Հովհաննիսյանին և ունենալով տեղեկատվության մեր աղբյուրները, այնուամենայնիվ լռել ենք՝ շատ դեպքերում տարածելով բացառապես պաշտոնական հաղորդագրություններ։ Հաղորդագրություններ, որոնցում արտացոլված չի եղել իրականությունը, որոնցում նկարագրված են եղել մեր չեղած հաջողություններն ու հակառակորդի չեղած կորուստները։ Ուկրաինան 9-րդ օրն է՝ կռվում է պարտիզանական ջոկատներով, կանոնավոր բանակով, կամավորականների խմբերով։ Ու չենք լսել, որ գոռան, թե հաղթում ենք, հակառակը՝ ողջ աշխարհից օգնություն են խնդրում՝ զենքի, քաղաքական, հումանիտար, բժշկական, առհասարակ հնարավոր բոլոր ուղղություններով։ Իսկ մենք միայն լսում էինք, որ հաղթում ենք, աշխարհին էլ տեղեկացնում էինք, թե տեսեք՝ այս հերոսական փոքրիկ ժողովուրդը հաղթում է Թուրքիային, Ադրբեջանին, զանազան երկրներից բերված ահաբեկչական խմբավորումներին։ Մերթընդմերթ չկռվողները հռչակվում էին դավաճաններ, բայց հաջորդ պահին վրա էր հասնում հերթական բիզիմդիր օպերացիայի մասին Արծրունի ստատուսը, և մենք այլևս մոռանում էինք բոլոր չարագույժ հայտարարությունների ենթատեքստերը։ Եվ չնայած մեր մեղավորությանը՝ ռուս-ուկրաինականը բոլորովին այլ օպերայից է։ Որ Հայաստանն իր տարածքի չափով ադամանդ էլ դառնար՝ միջազգային հանրության այս կարգի արձագանքի անգամ կեսը չէր կարող ակնկալել։ Ինչո՞ւ, որովհետև Հայաստանն իր քաղաքական կշռով ոչ Ռուսաստան է, ոչ էլ Ուկրաինա։

Գոհար Վեզիրյան    

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ