...

Չհրապարակված հատվածներ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից

Չհրապարակված հատվածներ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից

Պարզվում է՝ հունվարի 10-ի ասուլիսի ավարտից հետո, երբ տեսախցիկներն արդեն անջատված են եղել, Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ որոշել է պատասխանել նաև ասուլիսին չհրավիրված լրատվամիջոցների ուղարկած հարցերից մի քանիսին։ Ու թեև այդ հատվածը չի հեռարձակվել, դրա ձայնագրությունից մի հատված հայտնվել է խմբագրության տրամադրության տակ, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

- Բանը․․․ Հա, որպեսզի չասեք, թե ընդդիմադիր լրատվամիջոցների հարցերից խուսափում եմ, դրանց մի մասին կպատասխանեմ։ Էս ի՞նչ ա։ Խնդրեմ, հարցնում են, թե ինչո՞ւ է եղբայրդ միանգամից մի քանի ընկերություններում տնօրեն աշխատում։ Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, Արմեն Փաշինյանը եղբայրս ա՞։ Բայց ես կցանկանայի հարցին ա՛յլ դիտանկյունից նայել։ Իսկ Հայաստանում կա՞ այնպիսի մարդ, որն ուզեցել է միանգամից մի 200 ընկերության տնօրեն աշխատել, բայց օրենքն արգելել է։ Հասկանո՞ւմ եք, սա քաղաքացիների տարրական իրավունքների խնդիր է, որը պետք է ավելի խորքային դիտարկել։ Ասենք թե․․․ բանը․․․ էն որ․․․ կամ ասում են՝ աներձագդ անընդհատ վոյաժների մեջ է, թանկարժեք հանգստավայրեր, շոփինգ․․․ Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, Հրաչը իմ աներձագն ա՞։ Ամենայն հարգանքով, բայց ի՞նչ եք առաջարկում, օրենքով ֆիքսենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիները ցանկացած երկիր գնալու հնարավորություն ունեն, իսկ իմ բարեկամները կարող են միայն Հյուսիսային Կորեա գնա՞լ։ Կամ հարցնում են՝ էդ ինչի՞ ես մանկության ընկերոջդ նշանակել ՆԳ նախարար։ Ինստիտուցիոնալ մոտեցում է պետք, համակարգը պիտի պարզի՝ նա իմ մանկության ընկե՞րն է, թե՞ ոչ։ Համ էլ՝ բանը․․․ էն որ․․․ էն որ․․․ ես ոչ մի լծակ և իրավասություն չունեմ արգելելու, որ իմ մանկության ընկերները դառնան նախարար։

Հաջորդ հարցը նախկինների թալանածը վերադարձնելու մասին է։ Թույլ տվեք շատ անկեղծ պատասխանել։ Հասկանո՞ւմ եք, ես գիտեի, թե իրենք հանցագործներ են։ Ինձ այդպես էին զեկուցել, և ես ոչ մի հնարավորություն չունեի իմանալու, որ նրանք հանցագործներ չեն։ Հետո, երբ իմացա, նրանց հետ պայմանավորվեցի, որ համագործակցենք մի շարք պետականաստեղծ հիմնադրամների շրջանակներում․․․ Ես ի՞նչ իմանայի, որ նրանք պայմագա․․․ պայգամա․․․ պայմագարուկա․․․ պայմանագրաունակ չեն։ Համ էլ ի՞նչ տարբերություն՝ նրանք թալանածը վերադարձնում են անձամբ ի՞նձ, թե՞ անձամբ ինձ են վերադարձնում։ Էս նույն բանն ասեցի՞։ Հի-հի․․․ Մի խոսքով՝ հասկացաք։

Հաջորդը։ Հարցնում են, թե հիմա, երբ հնարավոր ամեն ինչ ձախողել եք, չե՞ք պատրաստվում արդյոք ինքնակամ կանգնել գնդակահարության պատի տակ։ Գիտե՞ք․․․ Բանը․․․ Ըըըը․․․ Բանը․․․ Ամենայն հարգանքով, ես լիովին համաձայն եմ հարցադրման հետ և կիսում եմ այդ մտահոգությունը։ Բայց եկեք հարցին նայենք ա՛յլ դիտանկյունից և մյուս շերտերն է՛լ նայենք։ Մենք պարտավոր ենք հասկանալ, չէ՞, թե հատկապես ինչ պատի մասին է խոսքը, ինչ բարձրության պատ է, որ ընկերությունն է կառուցել, երբ է կառուցվել, ինչ զինատեսակներով պիտի գնդակահարեն, որ երկրի արտադրության, ով պիտի գնդակահարելու ինստիտուցիոնալ հրամանը տա․․․ Էս ամեն ինչը ինչի՞ համար եմ ասում։ Որովհետև անկախ պետականություն ունենալու մեր վճռականությունը և ինստիտուցիոնալ բարեփոխումների կամքը հենց նրա համար են, որ որևէ ժողովուրդ իրավունք չունենա երբ ուզի՝ գնդակահարի իր առաջնորդին այն անհեթեթ պատճառաբանությամբ, թե իբր կործանել է երկիրը։ Հետո՞ ինչ, որ կործանել է։ Հիմա եթե ասեմ դժբախտ-դժգույն երկիր էր՝ էլի պիտի քննադատեք․․․ 

Ցավոք՝ այստեղ ձայնագրությունն ընդհատվում է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   90308 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ