...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

ՍԱՏԱՆԱ ՉԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ

Այս շաբաթը հարուստ էր ազգային-ռազմասատանայական իրադարձություններով: Մի պահ սատանան ստվերում էր թողել անձամբ Սորոսին: Բանը հասել է նրան, որ վարչապետի հանձնարարականով ԱԱԾ-ն ուսումնասիրում է սատանայի կապը QR կոդի հետ: 

Մեկ-մեկ այնպես ենք ափսոսում, որ Միխայիլ Բուլգակովը ողջ չէ, գրեր «Վարպետն ու Մարգարիտան» վեպի երկրորդ հատորը, այս անգամ՝ Վոլանդի երևանյան վոյաժների մասին: Որ Վոլանդը իմանար, թե իրեն ինչ մեղքեր են վերագրում, այդ բոլոր զրպարտիչներին մեկիկ-մեկիկ կրկեսում կհավաքեր ու պատժիչ-դաստիարակչական աշխատանքներ կտաներ հետները: Վարդան Ղուկասյանին ընդհանրապես «կալաբոկ» կսարքեր և պարահանդեսում կստիպեր տրնգի պարել: Գևորգ Պետրոսյանին կուղարկեր Վարպետի մոտ՝ մի քիչ ուշքի գալու, իսկ նրա մատի մի շարժումով ՀՅԴ երիտթևը մի ակնթարթում կհայտնվեր իրենց երազած ազգային-ավանդական վայրում. Իրանի Սպահան քաղաքում՝ շարիաթի առջև կանգնած:  

Ավելին, Վոլանդը կարգին, համեստ ու բավական զուսպ էակ էր, խորհրդարան կամ որևէ այլ տեղ գնալիս, հետը միայն Կոտ Բեգեմոտին էր տանում, մեկ էլ՝ Ազազելոյին, այլ ոչ թե՝ անձնական թիկնապահին, սուրճ դնողին, չստիկ բերողին: Առավել ևս, անհնար էր պատկերացնել, որ Վոլանդը շենքից դուրս գար, ամբողջ «սվիտան» շարք կանգնած, նրան ճանապարհ դներ կամ էլ մինչև գետին կռացած՝ խորհրդարանի մուտքի մոտ դիմավորեր: 

ՎԱՐԴԱՆԱՇՈՒՆՉ

Ընդհանրապես՝ Վարդան Ղուկասյանը իրենց խմբակցության հավաքական կերպարն է: Մեջը օլիգարխ կա, Գյումրիի տեր ու տնօրեն կա, պատմաբան կա, հանցավոր աշխարհի սիրահար կա, գողական մտածելակերպ կա, օրենքը ճշտով կտրող կա, իր ցավը տանող կա, պատմաբան կա, «գժի» թուղթը կա և ամենակարևորը՝ աստվածավախ է: Այսինքն՝ հավատում է աստծուն: Բայց՝ իր իմացած ձևով, որի  մասին որևէ խոսք չկա Աստվածաշնչում:

Ինքը իր համար նոր Սուրբ գիրք է հնարել՝ Վարդանաշունչը, որից էլ երբեմն-երբեմն մեջբերումներ է անում: 
Տեղն է իշխանություններին. եթե ռեյտինգային կոչվող այս աբսուրդ ընտրական օրենսգիրքը ժամանակին փոխեին, նորմալ ընտրական օրենսգիրք ընդունեին, հիմա մենք գժերի ցավը չէինք տանի ու այս ռեցիդիվիստների բարբաջանքները չէինք լսի:

ՍԹԱՓՎԵՔ, ԳԺՈՒԿՆԵՐ

Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս ուշագրավ հոդված էր հրապարակել: Զարմանալիորեն, բավական դիպուկ գնահատականներ էին տրված հետհեղափոխական Հայաստանում ընթացող զարգացումներին և առկա իրավիճակին: Շուտ պիտի պսակվեր:

Նա մասնավորապես գրել էր հետևյալը. «Հակաժողովրդավարական ուժերը ժողովրդավարության տրված հնարավորություններն օգտագործել են հակաժողովրդավարական արժեքներ տարածելու, հանրային համերաշխությունը խաթարելու, իսկ այնուհետև ավտորիտար կամ տոտալիտար համակարգ ստեղծելու համար։ Հակաժողովրդավարական ուժերը լուրջ մարտահրավեր են ոչ միայն սահմանադրական կարգի, այլ նաև անվտանգության համակարգի համար։ Պատմությանը հայտնի են ժողովրդավարության մի շարք անկումներ։ Դրա ցայտուն օրինակ է Վայմարյան հանրապետության անկումը և Հիտլերի իշխանության գալը:

Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի, ու իշխանությունն ունի և՛ լիազորություններ, և՛ պարտավորություններ ժողովրդավարական արժեքները և ինստիտուտները պաշտպանելու համար։ Հասկանալի է, որ  ժողովրդավարության պաշտպանության և ավտորիտար գործողությունների միջև նուրբ սահման կա: Այդ ուղով գնալը նման է ածելիի ծայրով քայլելու փորձին, սակայն այդ ուղով գնալը նաև անհրաժեշտ է ժողովրդավարության կայացման համար»:

Բա որ այդքանը գիտեք, տարիուկես ո՞ւմ էիք սպասում: Բա ինչի՞ էինք այդքան ասում, որ երկաթը տաք-տաք է պետք ծեծել, որ դատաիրավական համակարգը՝ իր սդ-ներով ու մնացական մարտիրոսյաններով, վաղուց արդեն պետք է զրոյից բարեփոխվեր, 20 տարի երկրի հարստությունները գրպանած, օլիգարխ դարձած նախկին պաշտոնյաները այսօր նույնիսկ մի լումայի չափով էլ չկարողանային այսպիսի հսկայական մեդիա-հակաքարոզչական դաշտ ֆինանսավորել: Մեր երկրից գողացած փողերով այսօր աջ ու ձախ ռադիո և հեռուստաընկերություններ են գնում, ֆեյքերի և պիցցայապաշտների բանակ ստեղծում, ո՞վ գիտե, գուցե նաև «ռոմանտիկների» խմբեր են ձևավորում: Սա լուրջ ենք ասում: Այս մարդիկ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում բազմաթիվ մարդկանց արյուն թափելով են իշխանություն զավթել: Իրենց համար ոչ մի սահման չկա. էլի պատրաստ են արյուն թափել: Իսկ դուք ընկել, ձեր խմբակցության ներսում մանր-մունր ռազբորկաներով եք զբաղված: Ինչպես Վլադիմիր Գասպարյանը կասեր՝ սթափվեք, գժուկներ: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ