Եթե քաղաքականության մեջ գործեր ֆուտբոլային տեղափոխությունների պրակտիկան, ապա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կունենայինք հետևյալ տեղափոխությունները:
1. ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը կտեղափոխվեր Երևանի ավագանու «Լույս» խմբակցություն: Ակնհայտ է՝ նրա խաղային որակները, հմտությունը լավագույնս կդրսևորվեն այդ թիմում: Եթե հաշվի առնենք, որ Անի Խաչատրյանը, Թեհմինա Վարդանյանը և Դավիթ Խաժակյանը գերադասում են նույն խաղաոճը, ինչ Սամսոնյանը, կունենայինք նպատակային համալրում:
2. Հովիկ Աղազարյանը կվերադառնար ՀՅԴ թիմ՝ այնտեղ կարիերան ավարտելու համար:
3. ԲՀԿ-ն կօգտվեր ձմեռային պատուհանից և թիմ կհրավիրեր Զապին: Թիմը ներկայումս ունի ցանկություն և կատարողներ՝ խաղալու քրեական ենթամշակույթի ոճով, բայց կաղում է տեսական գիտելիքներից: Զապը կարող է մի քանի ամսում լուրջ տակտիկական հմտություններ հաղորդել Գևորգ Պետրոսյանին ու Վարդան Ղուկասյանին:
4. Գևորգ Գեորգիսյանը կտեղափոխվեր ՀՀԿ-ի «Անդրանիկ Մարգարյան» մանկապատանեկան թիմ:
5. Սերժ Սարգսյանը կվաճառեր ամբողջ ՀՀԿ-ն, միլիարդների պարտք կաներ և կգներ Նիկոլ Փաշինյանին:
6. Ռոբերտ Քոչարյանը կդիմեր դատարան և կմիջնորդեր, որ անվավեր ճանաչեն իր պայմանագիրը Հայաստանի հետ:
7. ՍԴ-ը գործարք կառաջարկեր Վերաքննիչ դատարանին: Փոխանակել Վահե Գրիգորյանին Սամվել Ռշտունու հետ՝ հավելավճարով:
8. Նիկոլ Փաշինյանը «Իմ Քայլի» առնվազն 20 պատգամավորի հետ կխզեր պայմանագիրը, և նրանք կդառնային ազատ գործակալներ:
9. Հայկ Կոնջորյանին կգներ որևէ իրանական ակումբ և կնստեցներ պահեստայինների նստարանին:
10. Արսեն Թորոսյանը կփակեր բոլոր ակումբները՝ անհայտ ծագման խթանիչներ օգտագործելու պատճառով: