ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մասին վերջին օրերին հաճախ ենք լսում, թե իշխանությունները հալածում են պետության լավագույն իրավաբաններից մեկին, նրա՝ ինչ-որ մեծ դերի մասին են խոսում Հայաստանի դատաիրավական-քննչական համակարգի կայացման գործում:
Այնպիսի տպավորություն է, որ մենք հենց նոր ենք Մարսից իջել, ու ընդհանրապես լսած չկանք Աղվան Հովսեփյանի մասին: Մինչդեռ դա այն մարդն է, որի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից դատախազ նշանակվելով, Հայաստանում սկսվեց աղմկահարույց սպանությունների և դրանց կոծկման գործընթացը: Այդ սպանությունների շարքում առանձնահատուկ էր 1999թ. փետրվարին ՀՀ Ներքին Զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանությունը: Աղվան Հովսեփյանի «փայլուն» օպերացիայի արդյունքում հրազենի երկու կրակոցից սպանված Արծրուն Մարգարյանի գործը որակվեց ինքնասպանություն:
Այս առումով, Աղվան Հովսեփյանի գործունեության վերաբերյալ արժե ներկայացնել սպանությունից հետո խորհրդարանում պատգամավոր, Սյունիքի նախկին փոխմարզպետ և Մեղրու ՆԳ շրջանային վարչության նախկին պետ, 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Մաթևոսյանի խոսքը՝ այդ գործի վերաբերյալ: Ելույթի ժամանակ Աղվան Հովսեփյանը դահլիճում էր, որը եկել էր խորհրդարան՝ Վանո Սիրադեղյանին կալանավորելու թույլտվության միջնորդությամբ:
Դավիթ Մաթևոսյանի ելույթը.
«Պետք է խոսեմ վերջին դեպքի, Արծրուն Մարգարյանի սպանության մասին, որովհետև նա իմ հարազատ ընկերն էր և հանգամանքների բերումով, մասնակցում էի որոնումների աշխատանքներին: Եղել եմ դեպքի վայրում: Ականատես եմ եղել դեպքի վայրի և դիակի զննության:
Իմ ընկալմամբ, իրավաբանությունը ունի 2 գլխավոր բաղկացուցիչ մաս. մեկը տրամաբանությունն է, մյուսը՝ բարոյականությունը: Դեպքի վայրի զննության ժամանակ, ես եղա ականատեսը, թե հանրապետության գլխավոր դատախազության ղեկավարությունը, ես ամբողջ համակարգին չեմ մեղադրում, որովհետև այնտեղ կան բավականին պարկեշտ մասնագետներ, ինչքան անտրամաբանական մոտեցում ունեցավ դեպքի վայրի և դիակի զննությանը:
Եթե հիշում եք, կարծում եմ՝ շատերդ հեռուստատեսությամբ դիտել եք, հատկապես կարևորագույն գործերով այն մի քննիչին, որը հպարտանում էր, թե ինչպես է ինքը, սպանված Արծրուն Մարգարյանի, կամ, ավելի ճիշտ, ինքնասպան եղած Արծրուն Մարգարյանի ձեռքից վերցրել ատրճանակը: Ես զարմացած ու ապշած էի: Ես ինձ պատահական մարդ չեմ համարում, որովհետև գոնե 4 տարի աշխատել եմ ներքին գործերի համակարգում, առավել ևս, ղեկավարել եմ ներքին գործերի բաժինը, մեր հանրապետության ամենածանր տարիներին: Եվ այնքան էին ոգևորված ինքնասպանության վարկածը հաստատելու ցանկությամբ, որ, կրկնում եմ, շատ ու շատ հանգամանքներ աչքաթող արվեցին:
Անցնեմ բարոյականությանը: Շտապողականությունը այնքան շատ էր ինքնասպանության վարկածի հաստատման, որ առաջին իսկ օրը, օգտագործելով ՀՀ պետական հեռուստատեսությունը, փորձեցին Մարգարյան Արծրունից կերտել հարբեցողի և, թերևս, հոգեկան հիվանդի կերպար: Եվ զավեշտը կայանում էր նրանում, որ ոչ միայն իրենց հայտարարությամբ սա փորձեցին ամրագրել, այլև օգտագործեցին հարազատին, հորաքրոջ որդուն, որը գավառական մտածողությամբ միամիտ մի տղա, չհասկանալով ինչ է կատարվում, համենայն դեպս, դրանով հասան իրենց նպատակին, ավելի շուտ փորձեցին հասնել իրենց նպատակին: Սա անբարոյականության կատարյալ աստիճանն է: Եվ ես կարծում եմ, որ բարոյականություն և տրամաբանություն չունեցող մարդիկ, ընդհանրապես այս դահլիճ որևէ միջնորդություն բերելու իրավունք չունեն, ում էլ դա վերաբերի, որ պատգամավորին էլ որ դա վերաբերի: Ուստի առաջարկում եմ հանրապետության գլխավոր դատախազին լքել այս դահլիճը՝ այստեղ չվերադառնալու պայմանով:
Պրն դատախազ, դուք բնականաբար ինձ չեք ճանաչում, և ընդամենը մեկ խորհուրդ կարող եմ տալ ձեզ. որ ես իմ ասածների համար պատասխանատու եմ: Եվ, որպեսզի ինձ լավ ճանաչեք, թերևս, պրն Սերժ Սարգսյանը բավարար չափով ինձ ճանաչում է, կարող եք խորհրդակցել նրա հետ»: