«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ, կարելի է ասել, սենսացիոն հարցադրում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, նա մասնավորաբար գրել է. «Ժողովրդավարության դասեր տալուց առաջ լավ կլինի նա պատասխանի հետևյալ հարցին՝ 2018-ի դեկտեմբերին ո՞ւր կորան Հանրապետականին ընտրողների կողմից տրված 50-60 հազար հավելյալ ձայները»: Սա փաստորեն նշանակում է, որ հանրապետականներն ուղիղ տեքստով սկսել են խոսել այն մասին, որ 2018 թվականի ընտրություններում իրենցից 50-60 հազար ձայն իշխանությունները «տարել» են: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրապետականներն այս թեման լուրջ քննարկման առարկա են դարձնելու, ինչը կարող է ստվեր նետել թե՛ 2018 թվականի ընտրությունների, թե՛ ներկայիս խորհրդարանի լեգիտիմության վրա»:
«ՉԻ». Այս լուրի մեջ ամեն ինչը չքնաղ է՝ թե՛ Աշոտյանի գրառումը, թե՛ թերթի վերլուծությունը, թե ինչի կարող է հանգեցնել Աշոտյանի քնից զարթնելը:
2018 թվականի ընտրությունները ՀՀԿ-ն չի բողոքարկել, քանի որ այն խախտման գեթ մեկ դեպք չի ունեցել: ՀՀԿ-ին պակասեց 0.3 տոկոս ձայն, որ մտնի խորհրդարան, բայց անգամ այդ մի քանի հազար ձայնի վերաբերյալ ապացույցներ չուներ, որ դիմեր իր կողմնակից Հրայր Թովմասյանին:
Հիմա ընտրություններից անցել է երկու տարի, այդ ընթացքում հանրապետականները երբևիցե չեն ակնարկել, որ ընտրությունները կեղծվել են, բայց Աշոտյանը հանկարծ հիշել է 50-60 հազար ձայների մասին: Դասականը կասեր՝ յա, իրո՞ք: Ինչու 50-60 հազար, ասել, ասել է՝ միանգամից ասեք, որ հաղթանակը ձեզանից գողացան: 5 ամիս առաջ հեղափոխություն արած ժողովուրդը ձեզ կրկին ցանկանում էր տեսնել որպես իշխանություն:
Ինչ վերաբերում է կանխատեսմանը, թե գրառումը կարող է ստվեր գցել ընտրությունների վրա: Իհարկե, կարող է: Պարզվում է, որ թույլատրել են ընտրություններին մասնակցել թեկնածուների, որոնք բանականության հետ ակնհայտ խնդիրներ ունեն: