Օրերս ուժի մեջ մտած ծխելու արգելքից սկսել են դժգոհել ռեստորանային բիզնեսով զբաղվողները: «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ ռեստորանների ու սրճարանների տերերն արդեն բարձրաձայնում են, որ այցելուները դժգոհում են բացօթյա տարածքում ծխելու արգելքից ու չեն ցանկանում այլևս մտնել սրճարան։ Եվ սա, բնականաբար, ազդելու է նաև տնտեսական ցուցանիշների վրա։ Այս առիթով լրատվամիջոցը մեկնաբանություն է խնդրել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից։ «Տեսեք, ծխախոտի սահմանափակումների հետ կապված՝ բազմաթիվ երկրներ արդեն իսկ տարիներ ի վեր անցել են այս ռեֆորմով, մտցրել են թե՛ փակ, թե՛ բաց տարածքներում ծխելու արգելքը, և որևէ տնտեսական բացասական հետևանք ռեստորանները չեն կրել։ Եվ սա հաստատված փաստ է, և դա մենք կարող ենք փաստել թե՛ ԵԱՏՄ երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և թե՛ եվրոպական երկրներում ու ԱՄՆ շատ նահանգներում։ Այսինքն՝ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ հավասարապես արգելվում է ծխելը ռեստորանային համակարգում, ապա տնտեսապես որևէ տուժում չի լինում։ Բացի դրանից, հակառակը կա, որ միջին չեկի արժեքը, այսինքն՝ անցկացրած ժամանակը, պատվիրված սննդի քանակն ավելացել է, և ի հակառակ տենդենցն է գրանցվել, այլ ոչ թե շահույթների կորուստը»,- ասել է նախարարը։
Ծխելու ժամանակն էլ կծախսեն ուտելու վրա։ Շատ բան կպատվիրեն, ռեստորանի սեփականատերերը գոհ կմնան, տնտեսական ցուցանիշներն էլ ոլորտի մասով կաճեն։ Հանճարեղ է։ Ընդհանրապես այս իշխանության կառավարման ողջ փիլիսոփայության հիմքում ուտելն է։ Բանակի ռեֆորմ արեցին, ասացին՝ տեսեք, զինվորներն առաջ ելակ ու խորոված չէին ուտում, հիմա ուտում են։ Պատերազմից առաջ Փաշինյանին վերաբերող բոլոր ռեպորտաժներում նա ուտում էր՝ ախորժակով և բարձր տրամադրությամբ։ Հետո տանն էր ինչ-որ կանաչի ուտում՝ խրախուսելով գարնանն անպայման սնվել կանաչեղենով։ Հիմա էլ ռեֆորմի հիմքում առողջությունն են դրել, բայց ուտելու փաստը կարևորելով։ Աղի ռեֆորմն էլ նույն օպերայից է։ Էկոնոմիկայի նախարարին էլ նախօրեին գնաճի մասին հարցրին, էլի նեղսրտեց մարդկանց ուտելուց։
Կիրառական քաղաքագիտությունն առհասարակ ուղիղ կապ է տեսնում քաղաքական գործիչների, կառավարիչների, լիդերների ուտելու չափի, մշակույթի, սովորությունների և նրանց կողմից իրականացվող կառավարման որակի միջև։ Ինչքան շատ են ուտում կամ խոսում ուտելուց, այնքան վատ են կառավարում։ Արևմտյան տեխնոլոգներն առաջարկում են ուշադիր հետևել, թե իշխանություն իրացնող մարդը իշխանության մեջ եղած ընթացքում գիրանո՞ւմ է, նույնն է մնո՞ւմ, թե՞ նիհարում է։ Առաջարկում են հասկանալ նրա վերաբերմունքն ուտելիքին առհասարակ։ Ընչաքաղցները սովորաբար վատ կառավարիչներ են լինում։ Մենք չէ, տեսությունն է այդ եզրահանգումը արել։
Գոհար Վեզիրյան