«Վարչապետի հրաժարականն արդիական չէ, որովհետև նա դեռ անելիք ունի և պետք է պատասխան տա»,- New Armenia.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
«ՉԻ». Մենք միշտ էլ կասկածներ ունեինք, որ Գորգիսյանը այն չէ, ինչ փորձում է իրեն ներկայացնել: Իսկապես լայնախոհ և ամենակարևորը՝ մեծահոգի գործիչ է. թողնում է, որ Փաշինյանը դեռ աշխատի: Ճիշտ է՝ ակնարկելով, որ հետագայում նրան պատասխանատվության կենթարկի:
Թերևս Փաշինյանին դեռ վարչապետի պաշտոնին թողնելու Գորգիսյանի մտադրությունն ավելի տրիվիալ պատճառ ունի. հաջորդ վարչապետ Մարուքյանը դեռ չի ցանկանում այս խառնակ իրավիճակում մտնել պատասխանատվության տակ, թող ամեն ինչ կարգավորվի, համավարակը նահանջի, այդ ժամանակ Փաշինյանը չի դիմանա Մարուքյանի ու Գորգիսյանի հեղափոխական ճնշմանը: Ասում են, որ հերոսի ազգանունով պատգամավորը անգամ այդ շարժման համար մի ամբողջ տուփ նոր թաշկինակներ է գնել և պահեստավորել: Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ու իր ոստիկանները «Զարյա» տիպի նռնակներ նետեն Գորգիսյանի և նրա համախոհների վրա, երիտասարդ պատգամավորը կրծքով է փակելու թշնամու նետած նռնակը:
Պատասխանատվության մասին: Իսկապես, համավարակից հետո որոշ գործիչներ պետք է կանչվեն պատասխանատվության և չթաքնվեն քաղաքական գործունեության քողի տակ: Օրինակ՝ Գորգիսյանի շեֆ Մարուքյանը: Վերջինս բացի հայտնի շրջանակների խոսափողը լինելուց, երբեմն նաև փոքր պատվերներ է վերցնում: «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատիրոջ շահերը պաշտպանելը դրա լավագույն ապացույցներից է: Փոխարենը մտահոգվեն, որ ֆաբրիկայի սեփականատերը չի պաշտպանում իր աշխատողների առողջությունը պահպանելու իրավունքը, առավոտից երեկո զբաղված են նրա շահերի սպասարկմամբ:
Պետք է պատասխանատվության ենթարկվեն, որ ԱԺ ամբիոնից օրհասական օրերին ընդդիմանում էին դիմակ կրելուն: Պետք է պատասխանատվության ենթարկվեն ծանր օրերին սադրանքներ կազմակերպելու համար, օրինակ՝ ԱԺ պատգամավորներին մայր հայհոյելու համար: