...

Դեռ ի՞նչ է պետք իմանալ 2008թ. ընտրությունների և Մարտի 1-ի իրադարձությունների մասին

Դեռ ի՞նչ է պետք իմանալ 2008թ. ընտրությունների և Մարտի 1-ի իրադարձությունների մասին

Թվում է, որ դրանց մասին ամեն ինչ գրված է, կարված է մեղադրյալների գործերի հատորներում՝ սկսած «7-ի գործից» և վերջացրած մեղադրյալի աթոռին նստած Ռոբերտ Քոչարյանով, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Արմեն Գևորգյանով, Սեյրան Օհանյանով և Յուրի Խաչատուրովով:

Սկզբից կցանկանայինք հիշեցնել, որ վարչապետ Սերժ Սարգսյանը, որն այն ժամանակ առաջադրվել էր Հայաստանի նախագահի թեկնածու, ընտրություններից առաջ օգտվում էր ուժային առնվազն երեք կենտրոնների աջակցությունից. ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության:

Վաշինգտոնի դե ֆակտո աջակցության մասին մենք տեղեկացանք Երևանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգթոնի զեկույցներից, որոնք հրապարակվել էին Վիկիլիքսի կայքում: Ամերիկացիների կողմից Սերժ Սարգսյանին աջակցելու գլխավոր պատճառն այն է, որ նա համաձայնել էր իրականացնել ամերիկացիների համար քաղաքականապես ծայրահեղ կարևոր, Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման, հարաբերությունների նորմալացման վաղուց մտադրված  նախագիծը:

Այդ նախագիծը ամերիկյան միջնորդությամբ 2000-ականներին մեկնարկել էր հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի շրջանակներում: Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի վարչակազմը մի քանի տարի Շվեյցարիայում բանակցություններ էր վարում թուրքական ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը հենց այն քաղաքական գործիչն էր, որը համաձայնել էր քաղաքական այդ նախագիծը իրագործել «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով, իսկ հետո՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները:

Բացի այդ, Սերժ Սարգսյանը Հայաստանի միակ քաղաքական գործիչն էր, որն օգտվում էր ամերիկյան ոչ հայկական լոբբիստական կազմակերպությունների ծառայություններից: 

Սերժ Սարգսյանի օգտին լոբբիստական գործունեությամբ զբաղվում էր այդ ոլորտում առավել հայտնի ընկերություններից մեկը՝ Burson-Marsteller-ը (BM)՝ իր BKSH դուստր ձեռնարկությամբ: Վերջինս առաջադրված խնդիրների լուծման համար ներգրավել էր ոչ միայն իր ամերիկյան, այլև՝ եվրոպական կառույցները: 
Համաձայն ԱՄՆ-ի արդարադատության նախարարության զեկույցի, հայկական կողմը՝ ի դեմս Գլենդելի (Կալիֆորնիա) բնակիչ ոմն Ստեփան Մարտիրոսյանի, վճարել էր 331 666 դոլար, որից 111 666-ը՝ 2006թ. երկրորդ կիսամյակում, իսկ 220 000 դոլարը՝ 2007թ. առաջին կիսամյակում (https://www.kavkaz-uzel.eu/articles/139532/ ):
Եղել են նաև մի շարք այլ կետեր, որոնց շուրջ Սերժ Սարգսյանը համաձայնել էր համագործակցել ամերիկացիների հետ: 

Սերժ Սարգսյանի թեկնածությունը Մոսկվային ձեռնտու էր բոլորովին այլ պատճառներով: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նրա հետ լավ աշխատանքային հարաբերություններ էր հաստատել, Մոսկվայում նրան վաղուց էին ճանաչում և դիտարկում էին որպես Ռոբերտ Քոչարյանի ժառանգորդ, նրա և նրա մերձավոր շրջապատի վրա հաստափոր կոմպրոմատ կար, որի միջոցով կարելի էր հուսալիորեն վերահսկել: 
Եվրոպացիների աջակցությունը՝ մի կողմից, պայմանավորված էր ամերիկացիների աջակցությամբ, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի պատրաստակամությամբ. եվրոպացիների հետ հարաբերություններում ավելի հեռու գնալ, քան իր նախորդները: Հետագայում Սարգսյանի թիմի հետ մի քանի տարի բանակցություններ էին տարվում, որ 2013թ. նոյեմբերին Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Երևանը ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիր կստորագրի:

Ինչպես հայտնի է, ստորագրման ժամկետից երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երկիրը անդամակցելու է Մաքսային միությանը (ներկայումս՝ ԵԱՏՄ):

Սերժ Սարգսյանի գլխավոր հակառակորդ, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես և ընտրարշավի մյուս մասնակիցները, արտաքին քաղաքական աջակցություն չունեին և հիմնական արտաքին խաղացողներին որևէ հեռահար խոստումներ չէին տվել: 

Փետրվարի 19-ի քվեարկությունից հետո նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի տասնյակ և հարյուր հազարավոր կողմնակիցներ՝ դատապարտելով զանգվածային կեղծիքները և չճանաչելով քվեարկության արդյունքները, բողոքի ակցիաներով դուրս եկան փողոցներ և հրապարակներ: Ակցիաների հիմնական մասը ընթանում էր Երևանի Ազատության հրապարակում: Թեպետ բողոքի ակցիաները խաղաղ բնույթ ունեն, իրավիճակը սպառնում էր դուրս գալ վերահսկողությունից, քանի որ արդեն սկսվել էին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունները և գործող ղեկավար Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն էր անցկացրել զինվորականության հետ: Այդ խորհրդակցության շնորհիվ 2008թ. փետրվարի 23-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը պատրաստեց և ստորագրեց բոլորին հայտնի 0038 գաղտնի հրամանը: 

Տեղում իրավիճակին ծանոթանալու համար Երևան ժամանեց Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան (Ֆինլանդիան ԵԱՀԿ-ում նախագահող երկիրն էր): Երևանում Կաներվան հայտարարեց. «Ես հասկանում եմ, որ իրավիճակը տվյալ պահին բավական բարդ է: Նախորդ շաբաթ կայացած ընտրությունները բողոքարկվում են ընդդիմության առաջնորդների կողմից: Ես կարծում եմ, որ միակ ելքը քաղաքական երկխոսությունն է (https://a1plus.am/ru/article/211959)»: 

Կաներվան վստահեցրեց, որ բավական քաջատեղյակ է ինչպես բուն ընտրությունների օրվա, այնպես էլ նախընտրական ժամանակահատվածի գործընթացներին: «Քաղաքական մեծամասնությունը պետք է գործի օրենքի շրջանակներում և հարգի օրենքը: Կարծում եմ, որ սա միակ ուղին է, որը հաջողության կբերի»:

Կաներվան ընդգծեց, որ որպես հիմք ընդունում է ԵԱՀԿ դիտորդների նախնական զեկույցը. «Բոլոր դեպքերում, նախնական զեկույցը ներառում է ինչպես դրական, այնպես էլ բացասական տարրեր»: Նա հիշեցրեց, որ եզրափակիչ զեկույցը պատրաստ կլինի ապրիլի կեսերին (այն հրապարակվեց միայն հունիսին):

ԵԱՀԿ նախագահը ընդգծեց, որ տեղյակ է Տեր-Պետրոսյանի շտաբի  ներկայացրած ավելի քան 300 դիմումների վերաբերյալ` կոնկրետ ընտրատեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկման մասին, սակայն վերահաշվարկել են միայն երկուսում: Կաներվան հաստատեց ընտրությունների ընթացքում կեղծիքների առկայությունը, ինչի մասին հայտնել է հայ պաշտոնյաների հետ զրույցներում:

Այսպիսով, Կաներվան դե ֆակտո արտառոց ոչինչ չէր տեսել նրանում, որ ձայների վերահաշվարկ կատարվեր ավելի քան 300 ընտրատեղամասում: Իսկապես, նրա տեսանկյունից իրավիճակն այսպիսին էր. եթե ընտրություններն անցել են արդար և վարչապետ Սերժ Սարգսյանը իսկապես հաղթանակ էր տարել, ապա նա չպետք է որևէ խնդիր տեսներ ձայների վերահաշվարկման մեջ: Իսկ եթե իսկապես տեղի էին ունեցել կեղծիքներ, ապա ձայների վերահաշվարկն այն ի հայտ կբերեր, մեղավորները կհայտնաբերվեին ու կպատժվեին: Մի խոսքով, եվրոպական քաղաքակիրթ երկրից եկած մարդու բավական համարժեք արձագանք էր կատարվածին: Ինչպես պարզվեց, Հայաստանի իշխանություններն ու ԿԸՀ-ն մտադիր չէին 300 ընտրատեղամասերում քվեների վերահաշվարկ կատարել շատ պարզ պատճառով. վերահաշվարկը կգրանցեր զանգվածային կեղծիքները վարչապետ Սերժ Սարգսյանի օգտին:

Հետո, ինչպես հայտնի է, տեղի ունեցան մարտի 1-ի իրադարձությունները, որի պատճառով զոհվեց Հայաստանի 10 քաղաքացի (նախապես հայտարարվել էր 8 զոհի մասին):

Այն, որ այս ամենի վերաբերյալ հայտարարություններով հանդես էին եկել դրսի մի շարք խոշոր խաղացողների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, բոլորին է հայտնի: 

Մի շարք հայտարարություններում զսպվածության և հետաքննություն անցկացնելու պահանջներ կային: Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսն էլ հայտարարեց. «Ես խիստ հիասթափված եմ ստացվող տեղեկություններից՝ այս առավոտյան Երևանում անվտանգության ուժերից կողմից ցուցարարներին ցրելու գործողության ընթացքում բռնություններ կիրառելու առթիվ... Ես նաև անհանգստացած եմ այն տեղեկությունից, որ նախագահական ընտրություններում պարտված՝ երկրի նախկին ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Եթե դա ճիշտ է, ապա նրան անհապաղ պետք է ազատ արձակել: Ժողովրդավարական երկրում առանց բավարար հիմքերի չի կարելի մեկուսացնել քաղաքական հակառակորդին»:

Բայց ամենաառաջինը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Կաներվայի հայտարարությունն էր, այն հրապարակվեց Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների, ինչպես նաև Գրիգոր Լուսավորիչ և Լեո փողոցների մոտ բողոքի ակցիայի մասնակիցների հետ բախումներից բավական առաջ: ԵԱՀԿ գործող նախագահ Կաներվան դատապարտեց Երևանում խաղաղ ցուցարարների դեմ ուժի գործադրումը: «Ես իշխանություններին առավելագույն զսպվածության կոչ եմ անում»,- նշված էր ԵԱՀԿ մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ: «ԵԱՀԿ-ն կայունության գլխավոր գործոն է համարում երկխոսությունը: Հայաստանի զարգացման համար այս կարևոր պահին անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ լարվածության ուժգնացումից խուսափելու համար», նշել էր Կաներվան:

Երբ հայտարարվեց առաջին մարդկային զոհերի մասին, Կաներվան չբավարարվեց և Երևան ուղարկեց իր ներկայացուցչին՝ փորձառու դիվանագետ, դեսպան Հեյկի Տալիվիտիեին: Վերջինս Հայաստանի մայրաքաղաք ժամանեց մարտի 1-ի իրադարձություններից հետո: Տալվիտիեն մի շարք հանդիպումներ ունեցավ Հայաստանի իշխանությունների, նրա հակառակորդների հետ, իսկ մարտի 5-ին երևանյան գրասենյակում հանդիպեց հինգ փորձագետների հետ՝ իրավիճակին ծանոթանալու համար: Հանդիպմանը ներկաներից երեքը պնդել էին տեղի ունեցածի վերաբերյալ բազմակողմանի և ծավալուն հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ միջազգային կառույցների (Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ-ի) մասնակցությամբ: 

ԵԱՀԿ գործող նախագահի նման մեծ ակտիվությունը թերևս սկսեց գրգռել այն արտաքին խոշոր խաղացողներին, որոնք ոչ միայն պարզապես խաղադրույք էին կատարել Սարգսյանի նախագահության վրա, այլև նրա հետ էին կապել իրենց համար կարևոր քաղաքական տարածաշրջանային նախագծի իրագործումը՝ Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման ու հարաբերությունների նորմալացման գործընթացը:

Տեղի ունեցողի լույսի ներքո, իրադարձությունները սկսեցին սրընթաց զարգանալ: Կաներվայի ծառայողական հեռախոսից ինտիմ բնույթի ավելի քան 200 SMS-հաղորդագրություններ էին ուղարկվել «Dolls» էրոտիկ պարային խմբի սթրիփթիզ-պարուհի Յոհաննա Տուկիայնենին: Վերջինս դրանք վաճառել էր «Hymy» («Ժպիտ») դեղին ամսագրին: Սկանդալ առաջացավ: Պատին սեղմված Կաներվան ստիպված էր խոստովանել, որ SMS-հաղորդագրությունները իր ծառայողական հեռախոսից էին ուղարկվել: 2008թ. ապրիլի 1-ին Կաներվան «հիվանդության պատճառով» արձակուրդ վերցրեց, իսկ ապրիլի 4-ին ստիպված էր հրաժարական տալ:

Կաներվային փոխարինեց Ալեքսանդր Ստուբը, որին ընդհանրապես չէին հետաքրքրում հեռավոր Հայաստանի իրադարձությունները: Նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ որևէ հայտարարությամբ նա հանդես չեկավ: Ի տարբերություն իր նախորդի, նա իր ներկայացուցիչներին Երևան չուղարկեց՝ իրավիճակը գնահատելու համար: Այսպիսով, Սերժ Սարգսյանի համար արտաքին խնդիրները մեկով պակասեցին: 

Իսկ ի՞նչ եղավ Կաներվայի հետ: Նրա դեմ մի քանի մեղադրանք ներկայացվեց, այդ թվում՝ կոռուպցիոն գործերով: Սակայն Կաներվան կոռուպցիոն գործերով բոլոր դատական գործընթացները շահեց և 2014թ. ապրիլին Ֆինլանդիայի Գերագույն դատարանը մերժեց նրա դեմ վերջին գործով բողոքարկումը և Կաներվային անմեղ ճանաչեց: 

Չնայած 2008թ. ապրիլի սկանդալային հրաժարականին, Կաներվայի քաղաքական կարիերան չավարտվեց: Այսպես, 2011թ. նա նորից խորհրդարանի պատգամավոր դարձավ «Ազգային դաշինք» կուսակցությունից և մինչև հիմա պահպանում է պատգամավորական մանդատը (վերընտրվել է 2015 և 2019 թվականներին): 2014թ. հուլիսին նա դարձավ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ, իսկ մի տարի անց վերընտրվեց այդ պաշտոնում: Կաներվան անգամ ԵԱՀԿ պատվավոր նախագահ դարձավ: 

Վերոհիշյալը վկայում է այն մասին, թե ինչ բարդ աշխարհում ենք ապրում: Հիրավի անսահման են տեխնիկական հնարավորությունները, որոնց շնորհիվ կարելի է «գահընկեց» անել քաղաքական գործիչների մեծամասնությանը: Բացառություն չդարձավ նաև ԵՄ երկրի նախարարը, որը սեփական աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրագործող խոշոր խաղացողների «ոտքերի տակ էր ընկնում»:

Նման դեպքերում ազնվությունն ու պարկեշտությունը կարող են խնդիր դառնալ, ընդ որում, հենց նմանատիպ հատկանիշներ ունեցողների համար: Այս դասը պետք է լավ յուրացնեն Հայաստանի բոլոր քաղաքական գործիչները, իսկ Կաներվա ազգանունը հիշվի, քանի որ նա Հայաստանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների գործով իրապես տուժածներից մեկն է: Թեպետ, ամենայն հավանականությամբ, նա դատարան չի գա:

Սարգիս Մարտիրոսյան

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ