Մոզամբիկում նախընտրական իրավիճակ էր։ Մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասան անվտանգության խարույկի նիստ էր հրավիրել, որի օրակարգում երեք հարց կար։ Առաջին՝ կտրել մեծ բաոբաբը, փայտը վաճառել սպիտակ պլանտատորներին ու այդ փողով պարգևավճարներ բաժանել մերձավոր ցեղակիցներին, երկրորդ՝ խոստանալ, որ եթե դրանից հետո մոզամբ ժողովուրդը որոշի, վոժդը պատրաստ է կանգնել այդ նույն մեծ բաոբաբի տակ ու թույլ տալ, որ իրեն նիզակներով սպանեն, և երրորդ՝ ի վերջո անտիլոպները յոնջա ուտո՞ւմ են, թե՞ ոչ։ Ու քանի որ Մոզամբիկում երեք միլիոն վոժդ կար, բոլորը հավաքվել էին խարույկի շուրջ ու շրջանաձև ցատկոտելով գոռում էին «գըմփ-գըմփ-հո՛ւ, Նգիկոլո-վո՛ժդ»։
Բայց վոժդը երկար ժամանակ չէր հայտնվում, որովհետև թեև փախչող չէր, բայց Մբունգա Լոխլավա-Տունգան, Սերժիկի Կուանակիկին, Իդիոտոտո Վազգա-Վազգան ու Դաշնակիկի Շերեփուկին սպառնացել էին որտեղ բռնեն՝ հիշեցնեն անցյալը և նրա նկատմամբ կիրառեն մոզամբ ժողովրդի մեծագույն մշակութային արժեք քանդակազարդ նիզակը։ Եթե, իհարկե, գտնեն, որովհետև Լիլիմակուկուն ամեն անգամ պնդում էր, թե այդ մշակույթը վաղուց իր մեջ է․․․
Վերջապես Նգիկոլոն հայտնվեց։ Բնականաբար՝ խարույկի հակառակ կողմից։ Երկու կողմերից քայլում էին հավատարիմ եղբայր-ռազմիկները՝ ամեն մեկը մի-մի դդումի շիշ բռնած, ու ամեն անգամ դրանցից կում անելուց հետո վոժդը տեղում ցատկոտում էր ու փայլատակող աչքերով գոռգոռում, թե բոլորին փռելու է ավազին։ Ապա մոտեցավ խարույկին, կաթսայից մսի կտոր հանեց, պատառոտեց, ախորժակով ծամեց ու ատամները քչփորելով ասաց․ «խոնարհվում եմ բոլորիդ առաջ, սիրում եմ բոլորիդ, մանավանդ՝ աղ ու բիբարով, բայց էս էրկուսը ամենահամովն էին»։ Ու բոլորը միասին գոռացին «Նգիկոլո վո՛ժդ»։ Նույնիսկ ցեղային խորհրդի անդամ Աղազա-Ղազան, որի ունքերը նաև քթից ներքև էին աճում, գոռաց՝ առանց վախենալու, որ ջայլամները կգան ու կնստեն գլխին՝ կարծելով, թե ձու է։ Որովհետև անվտանգության խարույկի նախորդ նիստում արդեն որոշվել էր, որ ջայլամները ոչ թե քարաճիկ ունեն, այլ ստամոքս, հետևաբար՝ պետք է կանեփ ցանել ու պարգևավճար բաժանել մերձավոր ցեղակիցներին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: