...

Հարսանիքը Մոզամբիկում

Հարսանիքը Մոզամբիկում

Մոզամբիկում հարսանիք էր։ Մեծ վոժդ Մգագոյի ռազմիկները բռնել էին 18 հազար ջայլամ, որպեսզի տորթի համար ձու ածեն, իսկ փետուրներով զարդարեն հյուրերին, որսացել էին 25 հազար անտիլոպ, խարույկի համար կտրել էին 8 հազար բաոբաբ, խարույկի շուրջ պարելու համար դրսից հրավիրել էին հատուկ պարողների ու պայմանավորվել, որ ով լավ չցատկոտի՝ գցելու են առյուծների վանդակը, բայց․․․ Նգիկոլո Պապատուհասային չէին կանչել։ Որովհետև նա, որպես գերագույն-գլխավոր վոժդ, այսպիսի ծիսակարգ էր սահմանել․ ամեն տեղ գնում էր երկու տեղանոց պատգարակով, կողքից քայլում էին ռազմիկները՝ ամեն մեկի ձեռքին մի մեծ պարկ, որի վրա գրված էր «Իմ քյարը հիմնադրամ», սրանք ամեն ինչ խժռում էին, ավոկադոյի արաղը մինչև վերջ խմում, նվերները լցնում պարկերն ու հեռանում, իսկ հետո հայտնվում էին հարկային ցեղախմբի ռազմիկները․․․ Չէին կանչել նաև Սերժիկի Կուանակիկիին, որովհետև վերջին երեք տարիների ծիսակարգի համաձայն՝ որտեղ նա հայտնվում էր, սկսում էին չորսբոլորը ցատկոտել, գոռալ «մենք կրկեսի վերածելու Մոզամբիկ չունենք» ու բամփել գլխին։

Հարսանիքը շարունակվում էր։ Մեծ սեղանից պատկառելի հեռավորության վրա սովորական մոզամբիկցիները շրջանաձև շարված՝ հետևում էին խնջույքին ու ժամանակ առ ժամանակ գոռում «Մգագո-վո՛ժդ», որից հետո, ըստ ծիսակարգի, ցեղի կախարդը դուրս էր գալիս բեմ ու ասում «Մեծ վոժդ Մգագոն ասենք թե ինչ անում ա՝ ինքնստինքյան մոզամբ ժողովրդի համար ա անում», ու միայն դրանից հետո սեղանի շուրջ նստածները կարող էին ուտելիքի մնացորդները շպրտել ժողովրդին։ 

Իսկ երբ 888 ռազմիկներ հսկայական պատգարակով բերեցին տորթը, ցեղի կախարդը ցատկեց տեղից ու նիզակն օդում ճոճելով գոռաց․ «Իսկ հիմա բեմ դուրս կգա մոզամբ ժողովրդի ապագա մեծ վոժդը՝ սպիտակ կոստյումով»։ Սա լսելով՝ Իդիոտոտո Վազգա-Վազգայի կինը տեղից վեր ցատկեց, ծղրտաց «մի րոպե սպասե՛ք», ամուսնուն դրեց թևի տակ ու, արմունկներով աջուձախ բոլորին հրմշտելով, վազեց դեպի բեմը։ Իդիոտոտոն, ոտքերն օդում ճոճելով, փորձում էր դիմադրել ու սարսափահար գոռում էր «եթե 20 րոպեից չգամ՝ կգաք իմ հետևից», բայց արդեն ուշ էր։ Կինը բռերով պոկում էր տորթի կրեմն ու քսում Իդիոտոտոյի շորերին, որպեսզի կոստյումը սպիտակի․․․  Մյուս կողմից էլ Մբունգա-Լոխլավա-Տունգան էր վազում դեպի բեմ ու ընթացքում փորձում անզգույշ քացի տալ իրեն «պրիվետ» ասող բոլոր ցեղակիցներին․․․ Այնպես ստացվեց, որ սրանք հենց բեմի կենտրոնում էլ ճակատ ճակատի բախվեցին, ու այնպիսի գմփոց լսվեց, որ ռազմիկները դա ընդունեցին որպես սալյուտը սկսելու ազդանշան․․․

ՎԱՐԿԱՆԻՇ

   28471 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ