...

Սահմանների պաշտպանության ծիսակարգը Մոզամբիկում

Սահմանների պաշտպանության ծիսակարգը Մոզամբիկում

Գերագույն-գլխավոր վոժդ Նգիկոլո Պապատուհասայի օրոք Մոզամբիկում պաշտոնապես հաստատվեց երկրի պաշտպանության հետևյալ ծիսակարգը։ Հենց որ հարևան ցեղախմբերի ռազմիկները մտնում էին Մոզամբիկի տարածք կամ սպիտակ պլանտատորները կանչում էին Նգիկոլոյին ու վրան գոռգոռում, Մեծ բաոբաբի տակ իսկույն Ցեղային խորհրդի նիստ էր հրավիրվում։ Բոլորը կիսաշրջանաձև նստում էին իրենց տեղերում, ու հենց որ 200 ռազմիկներ պատգարակի վրա բերում էին Մեծ վոժդ Նգիկոլոյին, Ցեղային խորհրդի վոժդ Անտիլոպոպոն ձեռքով նշան էր անում, և ռազմիկները սկսում էին իրար վրա շպրտել որպես ջրաման ծառայող դդումները։ 

Ծիսակարգը բավականին աղմկոտ էր ստացվում, որովհետև դդումները սովորաբար դատարկ էին լինում, և ռազմիկների գլխներին դիպչելիս բարձր դնգոց էր լսվում, իսկ եթե պատահաբար Աղազա-Ղազայի գլխին էր դիպչում՝ աղմուկը կրկնակի էր լինում։ Իսկ եթե աղմուկը դադարում էր՝ Մեծ վոժդ Նգիկոլոն տեղից գոռում էր «մե՛ղմ ա», ու «Քայլաքացիական հայվանագիր» ցեղախմբի ռազմիկները, որոնք ոչ միայն քայլել գիտեին, այլև քացի տալ, նոր եռանդով էին հարձակվում ու ամեն հարվածից հետո գոռում «Նգիկոլո-վո՛ժդ»։ Մբունգա-Լոխլավա-Տունգային ու Սերժիկի-Կուանակիկիին հավատարիմ ռազմիկներն էլ ձգտում էին այնպես անել, որ գլխներին ամրացված փետուրները գզգզվեն կամ արմավենու տերևներից կարված շապիկները պատռվեն, որպեսզի ծիսակարգն ավելի կատարյալ լինի։

Ծիսակարգն ավարտվում էր նրանով, որ Մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասան ելույթ էր ունենում մոզամբ ժողովրդի հպարտ զավակների առջև ու գոռգոռում, որ սավաննաները դժբախտ-դժգույն են, իսկ ինքն իր խոստացածի կրկնակին է արել, քանի որ առաջ ասում էր «ապագա կա», իսկ հիմա արդեն ասում է «ապագա կակա», որովհետև մոզամբ ժողովուրդը ապագային կակա է ասում։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   105435 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ