...

Կոռուպցիայի դեմ պայքարի ծիսակարգը Մոզամբիկում

Կոռուպցիայի դեմ պայքարի ծիսակարգը Մոզամբիկում

Ամեն անգամ, երբ սպիտակ պլանտատորները կանչում էին Մեծ Վոժդ Նգիկոլո Պապատուհասային և մազերի մեջ խրած փետուրներից մի քանիսը պոկում, նա վերադառնում էր Մոզամբիկ և մեծ հանդիսավորությամբ իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարի ծիսակարգը։ 

Դա տեղի էր ունենում այսպես։ Քայլա-Քայլա ցեղախմբի ռազմիկները հրապարակի կենտրոն էին բերում Նգիկոլոյի՝ ոսկով և թանկարժեք քարերով զարդարված զրահապատ պատգարակը, որի վրա նստած Վոժդը բանան էր ուտում ու կեղևը շպրտում հավաքվածների վրա։ Ու որին դիպչում էր՝ հակակոռուպցիոն մարմնի հաստավիզ ռազմիկները քարշ տալով բերում էին Վոժդի մոտ։ Այնուհետև նա ներկաների «Նգիկոլո-վո՛ժդ» վանկարկումների ներքո պոկում էր կոռումպացվածի զարդերը, կախում իր վզից ու սկսում ճառը․ «Օ՛ մոզամբ ժողովուրդ, ահա ես պայքարում եմ կոռուպցիայի դեմ, որովհետև հարստությունը չարիք է, և ես ինձ վրա եմ վերցնում այդ չարիքը»։ Այդ պահին, ըստ ծիսակարգի, առաջ էին գալիս Տգիկո Ավի-Նյամ-Նյամը, որը վերահսկում էր Մոզամբիկի կոկայի պլանտացիաները՝ իբր կոկա-կոլա արտադրելու համար, և Ալենչոչոն, որի եղբայրը Մոզամբիկի տափաստանները հարթեցնելու մեծ մասնագետ էր, փռվում էին Պապատուհասայի պատգարակի առաջ ու գոռում. «Օ՛ Մեծ Վոժդ, արդա՛ր չի, որ չարիքը միայն դու վերցնես քեզ վրա, կեսը տուր եղբորդ, թող տնօրեն աշխատի»։ Եվ միայն դրանից հետո էր Մեծ Վոժդը շարունակում ճառը․ «Մոզամբ ժողովրդի անունից հրամայում եմ, որ հակակոռուպցիոն ցեղախմբի ռազմիկները փղոսկրյա և թանկարժեք քարերով զարդարված մահակներ ունենան, ու ամեն ամիս ինձ մոտ բերեն նախկին վոժդերի թալանածը, բայց՝ գիշերով, որովհետև պետական գաղտնիք է։ Ես այդ թալանածով մեր ռազմիկների համար 15 հատ ելակ եմ առնելու, բայց ռազմիկները պիտի ձեռքերով ուտեն, որովհետև դեպք է եղել, որ ռազմիկների պատառաքաղը գողացել են»։ Այս խոսքի վրա բոլորը պարտավոր էին փռվել գետնին ու գոռալ «խայտառակությո՛ւնա, մա՛հ Մբունգա-Լոխլավա-Տունգային և Սերժիկի-Կուանակիկիին»։ 

Ծիսակարգն ավարտվում էր Մբունգա-Լոխլավա-Տունգայի կամ Սերժիկի-Կուանակիկիի հաշվին կազմակերպված անտիլոպի քյալլա-փարթիով, որի համար Մոզամբիկի բյուջեից դուրս գրված ոսկին գիշերը տեղափոխվում էր Նգիկոլո Պապատուհասայի վրանը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   101391 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ