...

Սահմանների պաշտպանության ծիսակարգը Մոզամբիկում

Սահմանների պաշտպանության ծիսակարգը Մոզամբիկում

Մոզամբիկում լարված իրավիճակ էր։ Մեծ խարույկի վրա եփվող կաթսայի շուրջ հավաքվել էին Իմքայլա ցեղախմբի վոժդերն ու ձեռքերն օդում թափահարելով գոռում էին. «Օ, լափամա՛ն չի, պարգևավճա՛րա, Նգիկոլո-վո՛ժդ», ու ամեն անգամ, ըստ ընդունված ծիսակարգի, այդպես գոռալուց հետո Լֆիկի-Կուանակիկին ու Գռզոզոն մսի նոր կտորներ էին նետում կաթսայի մեջ։ Բայց հանկարծ լուր տարածվեց, թե մինչ իրենք մսի կտորների համար կռվում էին, Ադրբաբա ցեղախումբը եկել ու գրավել է Տանգանիկա լիճը․․․

Այդ ժամանակ Մոզամբիկի ԱԽՔ-ը (Անվտանգության Խարույկի Քամի անողը) մտավ մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասայի վրանը, մի կերպ արթնացրեց նրան, որովհետև գահավորակի կողքի դդումից սարքած շշերը դատարկ էին, ու զեկուցեց նրան իրավիճակի մասին։ Մեծ վոժդը կիսաքուն վիճակում սկզբում կարծեց, թե կաթսայի միսը վերջացել է, ու եկել են իրեն տանելու, և գոռաց. «Օ, Նգիկոլոն վո՛ժդ չի, մոդերատո՛րա», բայց հետո ընկալեց իրավիճակը, դուրս եկավ վրանից ու Իմքայլա ցեղախմբի վոժդերին ետևը գցած շարժվեց դեպի Տանգանիկա լիճը, որպեսզի այնտեղ կատարեն Նախնիների երկիրը պահպանելու իր հորինած ծիսակարգը։ Ըստ այդ ծիսակարգի՝ իրենք պիտի չոքեին գետնին (դեմքով դեպի լիճը), ձեռքերը վեր պարզեին, գոռային. «Օ՛ Հապկիկի բենամուկի, Ադրբաբա-հե՛տ գնա», ու ճակատները խփեին գետնին։ Երեք անգամ այդ արարողությունը կրկնելուց հետո, երբ գլուխները բարձրացնեին, Ադրբաբա ցեղի ռազմիկները պիտի չքված լինեին։ Բայց ամեն անգամ պարզվում էր, որ նրանք չեն չքվել, և, ըստ ծիսակարգի, իրենք երեք անգամ նիզակի կոթով հարվածում էին ԱԽՔ-ի վզակոթին․․․

Այդ ժամանակ Նգիկոլո Պապատուհասան ճառով դիմեց Իմքայլա ցեղախմբի՝ անտարբեր հայացքներով կոկայի տերևներ ծամող վոժդերին․ «Օ՛ մոզամբ ժողովրդի հպարտ վոժդեր։ Եթե թշնամին չի հեռանում լճից՝ ուրեմն լի՛ճը պիտի հեռանա թշնամուց։ Վերցնե՛նք բահերը, առու փորենք, որ լճի ջուրը հոսի ներքև ու մի քանի մղոն այս կողմ գա»։ Սա լսելով՝ բոլորը գոռացին «Օ՛ Նգիկոլո, աննախադե՛պա, Պապատուհասա-վո՛ժդ»։ Բայց առուն փորելուց հետո լճի ջուրը քշեց-տարավ Մոզամբիկի գյուղերի կեսը․․․ Սա տեսնելով՝ մեծ վոժդը նոր ճառ արտասանեց․ «Մոզամբ ժողովրդի հպա՛րտ զավակներ, դե ես ի՞նչ անեի, եթե այդպես չանեի, ինձ ասելու էին Նգիկոլոն ջրատու դավաճա՛նա»։ Սա լսելով՝ Գռզոզո ցեղախմբի ռազմիկ Անտիլոպը, որին խոստացել էին Մեծ ժողովի նախագահի պատգարակը, սկսեց հռհռալ, ծափահարել ու գոռալ «Նգիկոլո-վո՛ժդ»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   100820 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ