Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են Չեմպիոնների լիգայում «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղից հետո տեղի ունեցած անկարգություններին և ծեծկռտուքին:
«Հաշվի առնելով, որ «Փյունիկը» այս տարի մասնակցելու է եվրոպական մրցաշարերից մեկի խմբային փուլին և դեռ անցկացնելու է առնվազն 4 տնային հանդիպում, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալու է Հայաստան - Ուկրաինա ազգային հավաքականների հանդիպումը, դիմում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ առաջարկելով համատեղ ուժերով կանխել ֆուտբոլ խաղի հետ առնչություն չունեցող ցանկացած դրսևորում:
Այս համատեքստում կոչ ենք անում լրատվամիջոցներին չտարածել անկարգությունները ներկայացնող տեսանյութերը և լուսանկարները»:
«ՉԻ». Հիշում ենք, երբ խորհրդարանում պատգամավորներն իրար քացի էին տալիս, մտնում էին լրագրողների սենյակ, ասում՝ մի նկարեք, դուրս եկեք: Թե ինչի չնկարահանեն, չէին ասում: Երևի պետության հեղինակությունն էին այդպես ցանկանում բարձր պահել:
Նույնն էլ հիմա է: Ասում են՝ անկարգություններ են եղել, բայց մի նկարեք, կամ գոնե մի տարածեք: Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդը» կամ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան նման բան հայտարարի: Ընդհակառակը, ցանկացած միջադեպի դեպքում հրապարակավ բոլոր լրատվամիջոցներին ու երկրպագուներին կոչ են անում, որ եթե ինչ-որ բան են նկարել, դա ուղարկեն իրենց, որ հետաքննություն անցկացնեն, մեղավորներին հայտնաբերեն ու պատժեն:
Նույնն էլ դուք արեք. պարզեք միջադեպի մեղավորներին, նրանց մուտքը ստադիոն արգելեք: Ինչպես ամբողջ Եվրոպան է անում: Տեսանյութերը կան, ոստիկանությունը տեղում է եղել:
Փոխարենը կոչ են անում՝ մի տարածեք: Դա անիմաստ է: Նման դեպքերը միշտ էլ նկարվելու են ու տարածվելու են, ինչպես ամբողջ աշխարհում է արվում: Դրա փոխարեն ոստիկանությանը կոչ արեք, որ նորմալ կատարի իր պարտականությունները, կանխի վայ-երկրպագուների խուլիգանությունները, հետներն ավելի խիստ վարվի, ինքնությունները պարզի և այլն: Ոնց որ ամբողջ աշխարհում են անում: