...

Երևի չի իմացել

Երևի չի իմացել

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պատահական չէ, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո են Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները միասնական այց կատարել դեպի ազերների կողմից օկուպացված հայկական Շուշի։

Այս այցի մեկնաբանությունները, տարածվող լուսանկարներն ու դրանց միջազգային արձագանքը բացատրվում է հետևյալ կերպ։

Պարզ է, որ դիվանագետներն, առանց իրենց մայրաքաղաքների համաձայնության, չէին գնա օկուպացված հայկական Շուշի։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ևս, անտեսում է Նիկոլի Հայաստանը։ Սա նշանակում է, որ եթե Հայ ժողովուրդը քվե է տալիս Շուշին հանձնող կապիտուլյանտին,ապա այդ ժողովուրդը՝ ըստ միջազգային հանության, այլևս իրավունք չունի Արցախյան հարց բարձրացնի, կամ նույնիսկ իր սեփական անվտանգությունից խոսի։

Այս այցը խոսում է այն մասին, որ անուղղելի միամիտների, կոսմոպոլիտ դավաճանների ու անհայրենիք աղանդավորների կողմից ընտրած Նիկոլը՝ պատրաստ է հանձնել նաև Հայաստանի որոշ տարածքներ։ Իսկ միջազգային հանրությունը՝ լայն ժպիտով ողջունելու է դա»:

«ՉԻ». Արդեն հակված ենք կարծելու, որ այս մարդիկ ոչ թե փորձում են ապակողմնորոշել հասարակությանը, այլ իրենք էլ հավատում են իրենց առաջ քաշած թեզերին:

Ունենք հետպատերազմյան նոր ստատուս քվո, որով Շուշին անցել է թշնամու վերահսկողության տակ: Եվ ի՞նչ, եթե Վանեցյանը կամ Քոչարյանը ընտրվեր վարչապետ, Պակիստանի կամ Թուրքիայի դեսպանները վախենալու էին և չէի՞ն գնալու Շուշի: Ի՞նչ էին անելու վերոհիշյալ երկուսը, վերսկսելո՞ւ էին պատերազմը, թե՞ օդային հարվածներ էին հասցնելու Անկարային ու Իսլամաբադին:

Զաքարյանը համառորեն չի նկատել, որ Շուշի չեն այցելել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանները: Ստացվում է, որ աշխարհի երեք հզոր երկրներ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք երկրներ հեչ էլ չեն անտեսում Հայաստանը: Կրկնում ենք՝ սա ըստ ՀՀԿ-ականի տրամաբանության, որովհետև այդ երկրների դեսպանների դեմարշը կապ չունի ոչ Նիկոլի և ոչ էլ մեկ այլ հայաստանցի քաղաքական գործչի հետ:

Ամենայն հավանականությամբ Զաքարյանը ստատուսը գրելու պահին տեղյակ չի եղել, որ վերոհիշյալ երեք երկրների դեսպանները չեն այցելել Շուշի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   811 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ