...

Քաղաքական դաշտի հետպատերազմյան «ղալաթները»

Քաղաքական դաշտի հետպատերազմյան «ղալաթները»

Պաշտպանության նախկին փոխնախարար, հանրապետական Արտակ Զաքարյանը հայտարարել է, թե «2021 թ․ վերընտրելով Նիկոլին՝ Հայաստանը կորցրեց արժանապատիվ խաղաղություն ունենալու հնարավորությունը» և «եթե մինչև աշուն հայ ժողովուրդը չկարողանա կամ չցանկանա իշխանությունից հեռացնել Նիկոլին, ապա 2024 թ․ ստիպված է լինելու ընդունել նոր լայնածավալ պատերազմի մարտահրավերը»։ 

Ենթադրենք՝ ճիշտ է ասում, եթե 2021-ին Նիկոլը չվերընտրվեր, գուցե իսկապես էլ հնարավոր լիներ հասնել արժանապատիվ խաղաղության։ Ու պատկերացրեք՝ «Նիկոլի վերընտրվելը» թույլ չտալու իրական շանս կար։ Առաջին նախագահը երկրորդ և երրորդ նախագահներին պաշտոնապես առաջարկել էր միավորվել և պայմանավորվել, որ իրենցից որևէ մեկը պետության առաջնորդի պաշտոնին չի հավակնելու։ Երկուսն էլ մերժեցին, և արդյունքում Նիկոլը վերընտրվեց, իրենք երկուսն էլ խորհրդարանում խմբակցություն ունեցան, իսկ Հայաստանը կորցրեց արժանապատիվ խաղաղություն ունենալու հնարավորությունը։ Ավելին՝ սրանք երկուսն էլ հայտարարում էին, թե գնում են խորհրդարան, որպեսզի «իշխանությունների կյանքը դժոխք դարձնեն», բայց ավելի ուշ հասկանալի դարձավ, որ նպատակն այլ էր՝ մանդատներն անհրաժեշտ էին, որպեսզի իշխանություննե՛րն իրենց կյանքը դժոխք չդարձնեն։ Ու պատկերացրեք՝ լավ էլ ստացվեց։ Պարզվեց՝ կարելի է Երևանի կենտրոնում «Լաո արթնացնել», հետո մարդկանց տուն ուղարկել, հետո իշխանական օլիգարխից բնակարան նվեր ստանալ, հետո հայտարարել, թե եթե այդ շարժումը չլիներ՝ Սյունիքը կորցրած կլինեինք, հետո խոստանալ նոր շարժում ձևավորել․․․ Մի խոսքով, «գորձ ա՝ անըմ են»։ 

Բայց որպես ազգի ապագայով սաստիկ մտահոգ ուժեր՝ նաև զգուշացնում են, որ «եթե մինչև աշուն հայ ժողովուրդը չկարողանա կամ չցանկանա իշխանությունից հեռացնել Նիկոլին․․․» և այլն։ Հարգելիներս, բայց աշխարհի ոչ մի երկրում ոչ մի ժողովուրդ իշխանափոխություն չի իրականացնում, ժողովուրդն ընդամենը գործիք է, որի օգնությամբ այս կամ այն քաղաքական ուժը կամ լիդերը հասնում է իշխանափոխության։ Առավել ևս, որ Հայաստանում «մինչև աշուն» հերթական ընտրություններ նախատեսված չեն, իսկ արտահերթ ընտրություններ պարտադրելու համար առաջնորդող քաղաքական ուժ է պետք։ Ավելին՝ եթե անգամ այդպիսի ընտրություններ լինեն, միևնույն է՝ քվեաթերթիկներում «հայ ժողովուրդ» գրությամբ տող չի լինելու, այնտեղ քաղաքական ուժերի անվանումներ են լինելու, և եթե դրանցից որևէ մեկի նկատմամբ մեծ վստահություն չլինի՝ «հայ ժողովրդի» մեծամասնությունը պարզապես չի մասնակցելու (ինչպես եղավ 2021-ի հունիսին, երբ ընտրելու իրավունք ունեցողների կեսից ավելին չմասնակցեց ընտրություններին)։ 

Իսկ այդ վստահությունը ձեռք բերելու համար հասարակությանը ճշմարտությունն ասելու համարձակություն է պետք, և ոչ թե հեքիաթներով կերակրելու ճարտար լեզու։ Հիշո՞ւմ եք՝ 2022-ի աշնանն է՛լ առաջին նախագահը երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկեց երկիրը ստեղծված իրավիճակից հնարավոր պակաս ցավոտ լուծումներով դուրս բերելու համատեղ պատասխանատվություն ստանձնել, և դարձյալ մերժում ստացավ։ Երկուսի պատասխանն էլ մոտավորապես նույնն էր՝ «ինչ ցավոտ լուծում, ինչ պատասխանատվություն, դեռ ամեն ինչ կորած չէ, փրկվելու մեծ հնարավորություններ կան, բայց ձևերը չենք ասի»։ Վարդան Օսկանյանը, ի դեպ, «ձևերից» մեկը ցույց տվեց։ Ոչ մի փաստաթուղթ չստորագրել, և վերջ։ Հարց՝ համաձա՞յն են դրա հետ երկրորդ և երրորդ նախագահներն ու պատրա՞ստ են հայտարարել, որ ուզում են գալ իշխանության՝ խնդիրն այդ «ձևով» լուծելու ծրագրով։ Կամ եթե համաձայն չեն՝ ի՞նչ են առաջարկում դրա փոխարեն։

Նիկոլ Փաշինյանի «ձևը» բոլորս գիտենք․ «Արցախը հանձնենք, պրծնենք»։ Բայց եթե այլընտրանքը (ոչ որպես բաժակաճառ, այլ որպես իրատեսական ծրագիր) չի ներկայացվում, ստացվում է, որ տիտղոսակիր ընդդիմությունը պարզապես սպասում է, թե երբ է ժողովուրդն ազգակործանին ռադ անելու, որ իրենք վերադարձնեն իշխանությունը ու հայտնի չէ, թե ինչ ճանապարհով տանեն երկիրը կամ «ինչ պետք ա՝ էն էլ բանակցեն»։ 

2018-ի ապրիլին մի անգամ արդեն տեսել ենք, թե ինչ է պատահում, երբ ինչ-որ պատուհասներ գործող իշխանություններին ռադ են անում ու նրանց պաշտոնները չանթում՝ առանց բառ անգամ ասելու, թե ինչպես են պատկերացնում երկրի ապագան։ Երկրորդ անգամ այդ աղետը թույլ տալ չի կարելի։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   646 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ