...

Երբ մարզպետն անտեղյակ է, պատգամավորը՝ անճար, համայնքի բիզնեսմեն ղեկավարն էլ՝ անտարբեր

Երբ մարզպետն անտեղյակ է, պատգամավորը՝ անճար, համայնքի բիզնեսմեն ղեկավարն էլ՝ անտարբեր

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ուսանողների համար ուսումնական տարին սկսվեց երկու լուրով՝ մեկը՝ լավ, մեկը՝ վատ։

Նախ` լավի մասին. ուսումնական տարեսկզբից վերջապես սկսեց աշխատել ուսանողական ավտոբուսը, բայց դա տևեց… ընդամենը մեկ շաբաթ։ Այս պահին մոտ 150 ուսանող և նրանց ծնողները անելանելի վիճակի մեջ են։ Բնակարան վարձել այլևս հնարավոր չէ. նախ թանկ հաճույք է, երկրորդ՝ ուսումնական տարին սկսվելուց հետո բնակարան վարձելը աբսուրդի ժանրից է: Ավտոբուսն էլ, որ մի քանի օր ուսանողներին տեղափոխել էր Ապարանից Երևան և հակառակ ուղղությամբ, այդպես էլ չի աշխատում։ Նաև հարց է, թե այդ ընթացքում ինչպես է 70 տեղանոց ավտոբուսը տեղափոխել 150 հոգի: Ներկայումս Ապարանի ու հարակից գյուղերի ուսանողները մայրաքաղաք են հասնում մարզային տրանսպորտով՝ Ապարանի գազելներով, եթե, իհարկե, բախտ է վիճակվում խցկվել դրանց մեջ: Նույնը տուն վերադառնալու ժամանակ է: 

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է արդյոք ապարանցի ուսանողների խնդրին, ինչին ի պատասխան՝ մարզպետը խոստացավ հետաքրքրվել ու հարցին լուծում տալ: Խոստացավ ու մոռացավ: Մնաց իրողությունը՝ ԲՈՒՀ հասնելու համար մեկ ուսանողը տրանսպորտի համար շարունակելու է վճարել օրը մոտ 2000 դրամ։

Ապարանի տարածաշրջանից ընտրված պատգամավոր Մաթևոս Ասատրյանը ուսանողական ավտոբուսի մասին մեր հարցին պատասխանեց, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում, այլ համայնքի ղեկավարի: Երբ նրան առաջարկեցինք համայնքի ղեկավարի հետ քննարկել հարցը, Մաթևոս Ասատրյանը ամենայն անկեղծությամբ խոստովանեց իր պատգամավորական անճարությունը՝ համայնքի ղեկավարը իմ ասածը չի անի: /Խեղճ ուսանողներ/:

Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանն էլ նախ զարմացավ, որ ուսանողական ավտոբուսի հարցով դժգոհողներ կան, այնուհետև հայտարարեց. ուսանողական ավտոբուսը աշխատել է, ուղղակի ավտոբուսի վարորդի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել, մահացել է վարորդի քրոջ երեխան, և դրա համար նա աշխատանքի չի գալիս: «Երեխայի քառասունքը պետք է լրանա և նոր անցնի աշխատանքի, հոգեբանական պահ կա, չէ՞։ Իմ ինֆորմացիայով Էդ հարցը կարգավորված ա, ավտոբուսը էսօր պիտի գնար, բայց չի գնացել ձյան պատճառով, իրանց ասեք՝ հանկարծ չբողոքեք, թե ավտոբուսը մի շաբաթ է գործել, ես չեմ հասկանում՝ ինչի համար են բողոքում, քանի որ չեն կարող բողոքել, որովհետև ոչ փող են տալիս, ոչ էլ, ու մենք էլ էդ ավտոբուսի հետ կապված ոչ մի պարտավորություն չունենք: Ուղղակի, քանի որ ես հանդես եմ գալիս «Գնթունիք»-ի սեփականատեր, հովանավորում եմ, երեխեքին տանում բերում են: Մարդիկ մտածում են, որ դա համայնքի հաշվին ա, բայց դա իմ հաշվին ա»: 

Մեր դիտարկմանը, թե ծնողները առաջարկ ունեն` մեկ ուսանողի հաշվով վճարել սիմվոլիկ 500-ական դրամ, որպեսզի փոխհատուցեն վառելանյութի և վարորդի աշխատավարձի ծախսերը, Եղիազարյանը պատասխանեց. «Նման առաջարկ եղել ա, բայց քանի որ ես «Գնթունիք»-ի սեփականատերն եմ, սրտանց ուզում եմ, որ էդ երեխեքը անվճար գնան գան»։ 

Տեղեկացանք, որ Ապարան-Երևան գծի սեփականատերը Արցախյան գոյամարտի ժամանակ Ապարան ջոկատի հրամանատար, ոչ վաղ անցյալում Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն է: Թե ում ջրաղացին են ջուր լցնում ուսանողական ավտոբուսը չեղարկողները, մնում է ենթադրել: 

Մելանյա Ծառուկյան

Հ.Գ. Ապարան համայնքի ղեկավարի՝ ավտոբուսի երթևեկությունը վերականգնելու հավաստիացումներից անցել է ուղիղ 20 օր, սակայն ուսանողները պնդում են, որ ավտոբուս կրկին չկա: Չենք ուզում հավատալ, որ Ապարան համայնքի ղեկավարը այդպես հմտորեն ստել ու սուտը հաստատել գիտե, սակայն փաստը մնում է փաստ, որ ուսանողական ավտոբուսը ամիսներ շարունակ չի աշխատում: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ