Ինչպես բազմաթիվ խոշորացված համայնքների, այնպես էլ Ապարանի տարածաշրջանի համար ՏԻՄ ընտրությունները օրենքով նախատեսված են 2022 թվականին: Սակայն իշխանությունները որոշել են ժամանակից շուտ ազատվել որոշ համայնքների անցանկալի ղեկավարներից: Մի քանի խոշորացված համայնքների և Ապարանի համար որոշել են այս տարվա նոյեմբերին արտահերթ ընտրություններ կազմակերպել համայնքների խոշորացման պատրվակով։ Ի մասնավորի, նախատեսվում է արտահերթ ընտրություններով Արագածի տարածաշրջանի կազմում գտնվող 800 բնակիչ ունեցող Մելիք գյուղը միացնել Ապարանի խոշորացված համայնքին: Ըստ շրջանառվող լուրերի` սա հարմար առիթ է Ապարան համայնքի ղեկավար, «Գնթունիք»-ի սեփականատեր Կարեն Եղիազարյանից ազատվելու համար: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Եղիազարյանը բացահայտ սատարում էր Ռոբերտ Քոչարյանին, պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և դարձել էր իշխանությունների աչքի փուշը: Նրա դեմ արշավ էր սկսվել, իրավապահները հանկարծակի խուզարկություններ էին սկսել Ապարանի քաղաքապետի տանը, շրջափակել և մանրազնին խուզարկել էին նաև նրա ավտոմեքենայի ամեն դետալը: Թե վերջիններս ինչ էին փնտրել Եղիազարյանին պատկանող տունն ու ավտոմեքենան խուզարկելիս, դժվար է ասել, բայց որ անսպասելի ներխուժումը «Գնթունիք»-ի սեփականատիրոջ տուն հստակ մեսիջ է նրա հականիկոլական գործողություններին, պարզաբանման կարիք չունի: Հիշեցնենք նաև, որ 2019թ. հոկտեմբերին Կարեն Եղիազարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 315․2-րդ հոդվածով նախատեսված՝ հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար, մասնավորապես՝ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը։ Այս համապատկերում մասնակցելու է արդյոք Կարեն Եղիազարյանը առաջիկա արտահերթ ընտրություններին. փորձեցինք մանրամասներ ստանալ հենց իրենից, սակայն նրա հեռախոսահամարին մեր զանգերը մնացին անպատասխան:
Մելանյա Ծառուկյան