...

Երեք տարի առաջ՝ բանակի մասին

Երեք տարի առաջ՝ բանակի մասին

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որում հայտնել է, որ երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։

«Բացի դրանից՝ վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»,- գրել է Մխիթարյանը:

Նշենք, որ այս թեմային «Չորրորդ իշխանությունն» անդրադարձել էր դեռևս 2017 թվականին և մի շարք առաջարկներ էր ներկայացրել այն ժամանակվա իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին: Մխիթար Հայրապետյանի առաջարկած օրենքի նախագծում մեր առաջարկների մի մասը երևում է, բայց կան նաև տարբերություններ, ընդ որում, էական: Այնպես որ, ներկայացնում ենք «ՉԻ» հոդվածը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ տարբերությունների մասին է խոսքը:

Զինծառայության հետ կապված առաջարկներ

«Ի՞նչ պետք է անեն Վիգեն Սարգսյանը, օրինագիծը մշակողները, իշխանությունները դասալիքների ճանապարհը կտրելու, դասալքությունը կրճատելու, բանակում որակյալ կադրեր, բարձր ինտելեկտուալ հրամկազմ ունենալու համար։ 

Հուսով ենք՝ կկարդան։ Առաջին, ինչպես Իսրայելում, այնպես էլ մեզ մոտ, պետք է հումանիտար ոլորտի ուսանողների համար տարկետում չլինի։ Լինի միայն տեխնիկական ոլորտի մասնագետների համար։ Սրանով Հայաստանում կխրախուսվեն տեխնիկական գիտությունները, դրանց որակը կբարձրանա։ Նույնը՝ բժիշկների, թարգմանիչների դեպքում։ Ինչպես՝ Իսրայելում։ 

Երկրորդ, որքան էլ սկանդալային սա հնչի, մի շարք երկրների փորձը ուսումնասիրելով ենք ասում, որոշակի գումարի դիմաց ծառայությունից ազատել նրանց, ովքեր չեն ցանկանում ծառայել։ Չծառայելու արժեք սահմանվի, հաշվեն, թե երկու տարում մեկ զինվոր պահելու, հանդերձավորելու, զինելու, սնելու համար որքան գումար է ծախսվում, պլյուս՝ աշխատավարձը, և այդ ամենը կկազմի՞, օրինակ, 12 միլիոն դրամ, արժեզրկում, տարբեր սանդղակ-գործակիցներ հաշվելով, սահմանեք 15 մլն դրամ։ Թող վճարեն, չծառայեն, այդ գումարով մի հատ նորմալ զինծառայողի հետ պայմանագիր կնքեք, լավ աշխատավարձով, պայմաններով, հարցը փակվի։ Արդյունքում՝ տարատեսակ կոռուպցիոն երևույթները խիստ կկրճատվեն, զինկոմ-գեներալները ահագին եկամուտներից կզրկվեն։ 

Եվ վերջապես, երրորդ առաջարկը, որը բխում է երկրորդ առաջարկից, քանի որ հարց կարող է առաջանալ, թե ուրեմն, ինչ-որ մարդիկ կարող են չծառայել, իրենց քեֆին ապրել և այլն, ևս մեկ բան պետք է անել, ինչպես՝ գործնականում Իսրայելում է. բանակում ծառայություն չանցկացրած անձանց պետք է արգելվի պետական կառույցներում աշխատել։ Պետք է սահմանվի այդ պետական կառույցների ցանկը, դրանց մեջ պետք է պարտադիր լինեն՝ Ազգային ժողովը, կառավարությունը՝ իր բոլոր նախարարություններով ու առընթեր մարմիններով, նախագահական աշխատակազմը, ուժային կառույցները։ 

Իմիջիայլոց, ծիծաղելի փաստ է. ոստիկանական համակարգում աշխատանքի ընդունվելու համար ծառայած լինելը պարտադիր է, իսկ ահա Պաշտպանության նախարարությունում՝ ոչ։ Պատկերացնո՞ւմ եք, որ նման օրենք ընդունվի։ Ինչքան կարիերիստների վերջը կգա։ Մեզ կարող են մեղադրել իշխանափոխության կոչեր անելու մեջ, քանի որ եթե հանկարծ մեր առաջարկներն ընդունվեն, խորհրդարանի պատգամավորների կեսը վարի կգնա, կառավարության աշխատանքը կաթվածահար կլինի։ Նախագահականում տեքստեր գրողներ ու օգնականներ չեն լինի։ Խնդրեմ, երեք առաջարկ, չենք ասում, պարտադիր ընդունեք, բայց քննարկեք, մանավանդ՝ երրորդը։

Սպասում ենք ողջամիտ ժամկետներում ողջամիտ պատասխանի»։ 

Մհեր Ղալեչյան

«Չորրորդ իշխանություն», 17, նոյեմբեր, 2017թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ