...

«Երիթասադութույնը մեր ապագան է»

«Երիթասադութույնը մեր ապագան է»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմը ընտրություններին մասնակցելու է «Ապագա կա՛» կարգախոսով։ Թե ինչ ապագա կարող է լինել Հայաստանի ներկան ու ապագան խորտակած ուժի հետ, այլ հարց է։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այս կարգախոսը «գողացել» են Ռոբերտ Քոչարյանի թիմից։ Բանն այն է, որ Քոչարյանի թիմում որոշել էին իրենց դաշինքի անունը դնել «Ապագա»։

Սակայն նրանք քննարկումների մեջ են եղել դեռ, երբ, ամենայն հավանականությամբ, իշխանությունը գաղտնալսել է կամ իր ագենտներն է ունեցել թիմի ներսում, և, իմանալով այս մասին, որոշել են յուրացնել կամ փչացնել քոչարյանականների իդեան։ Գուցե մտավախություն են ունեցել, որ մարդիկ իրենց ապագան հանկարծ Քոչարյանի դաշինքում չտեսնեն, այլ՝ «Քաղպայմանագրի» հետ։ Հիմա Քոչարյանի թիմում փորձում են այլ անվանում գտնել»։

«ՉԻ». Նախ, ի՞նչ խնդիր կա, թող դիմեն դատարան: Վիկտոր Սողոմոնյանը և Արմեն Գևորգյանը դատարանին կպատմեն՝ երազում տեսել են, որ իրենց կարգախոսը պետք է լինի «Ապագա կա՛»: Հայաստանի արդար դատարանը հաստատ կբավարարի քոչարյանականների հայցը և կստիպի ՔՊ-ին հրաժարվել կարգախոսից: Նրանք էլ առանձնապես կրեատիվ չեն, չեն հասցնի մինչև ընտրությունները նոր կարգախոս մտածել:

Բացի այդ, «Ապագա կա՛» կարգախոսը օգտագործելու հարյուր տարբերակ կա: Օրինակ՝ «Ապագա կա՛ Քոչարյանի հետ» կամ «Երիթասադութույնը մեր ապագան է»:

Բայց մենք առաջարկում ենք երրորդ տարբերակը: Տարբերակ, որը կընդգծի երկուսի կապը և խորքային ընդհանրությունները: Օրինակ՝ քոչարյանականները կարող են օգտագործել հետևյալ կարգախոսը. «Առանց Փաշինյանի մենք չունեինք ապագա»: Իսկ փաշինյանական թիմը կարող է այսպես ձևակերպել իր կարգախոսը. «Առանց Քոչարյանի մենք վաղուց զրկված կլինեինք մեր ապագայից»:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ