ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՖՖ նախկին Ռուբեն Հայրապետյանի՝ օրերս տված հարցազրույցին:
Ա. Քոչարյանը մասնավորապես գրել է. «Հաղորդման ընթացքում աչք էր զարնում քո ճարպակալած կերպարը, գուցե դրանով էր պայմանավորված նաև քո ուղեղի ճարպակալումը, քանի որ ակնհայտորեն տառապում ես ամնեզիայով (փակագծում նշեմ բացատրությունը, որ շատ չտանջվես՝ հիշողության իսպառ բացակայություն)։
90-ականներին վարչապետի օգնական Սմբատ Հակոբյանի միջնորդությամբ Ավանի «Վետերոկի» հասարակ աշխատակիցը դարձավ Երևանի «Հայ ծխախոտ» գործարանի գլխավոր տնօրենի տեղակալ։ Շատերը կհիշեն, որ այդ պաշտոնը ստանալուց առաջ, դու ինքնակամ ստանձնել էիր Ս․ Հակոբյանի հետևից պտտվող «անվտանգության աշխատակցի» դերակատարությունը։ Հասարակությունը չի մոռացել 2016թ․ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա «առիթով» նրա հանդեպ քո տեսած դաժան հաշվեհարդարի պատմությունը։
Հաճախ ես հոխորտում՝ վախկոտներին անվանելով նապաստակներ, ուստի, առաջարկում եմ քեզ օր առաջ գալ Հայաստան և ապացուցել, որ դու առյուծ ես։ Լիահույս եմ, որ մեր հաջորդ հանդիպումը կլինի նոր Հայաստանում, որտեղ ուժային կառույցներում դու այլևս հովանավորներ չունես»:
«ՉԻ». Այստեղ մենք մտադիր չենք մեկնաբանել ոչ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը, ոչ էլ՝ Անդրանիկ Քոչարյանի արձագանքը: Մեզ ավելի հետաքրքրում է նրանց միջև հեռակա բանավեճի որակը: Այսինքն՝ սա բանավեճ էլ չէ, այլ փոխադարձ վիրավորանքներով, իրար քրֆելով, իրար սպառնալով, իրար անցյալ հիշեցնելով տղայական ինչ-որ «ռազբորկա»:
Հարաբերություններ պարզելու այս ձևը մեր այսօրվա քաղաքական դաշտի որակի ամենավառ վկայությունն է: Ռուբեն Հայրապետյանը մարմնավորում է նախկին իշխանություններին, Անդրանիկ Քոչարյանը՝ ներկա: Ու հիմա մեզ փորձում են առաջիկա արտահերթ ընտրություններում կանգնեցնել բարդ ընտրության առջև՝ այս երկու... ուժ ասենք, մշակույթ, որակ... մի խոսքով՝ հոսանքների միջև: Քաղաքական ամբողջ դաշտը գրավել են ու չեն թողնում, որ ներսում միտք հայտնվի:
Այս երկու տարում առանց այդ էլ աղավաղված քաղաքական դաշտը լրիվ ապականել են, որտեղ երկու կողմի հիմնական ասելիքը «բա դո՞ւ ով ես», «բա որ ձեր ժամանա՞կ», «մի հատ քեզ նայի» ու այս կարգի արտահայտություններն են:
Մի խոսքով, բանի մեջ ենք, էն, ինչ են ասում, գիտեք էլի: Նման որակի քաղաքական դաշտով ոչ թե պետություն են կառուցում, այլ պետություն են փակում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: