Հանրային հեռուստաընկերությունը քննարկում է կազմակերպել, որի թեման եղել է Ազգային Ժողովի կողմից «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ-ի կոնվենցիան ընդունելն ու դրան հետևած արձագանքները: Հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը հայտնեց, որ Լանզարոտի կոնվենցիայի թեմայի շուրջ քննարկումներին հրավիրվել են այդ կոնվենցիային խիստ դեմ արտահայտված մոտ 10 գործչի, սակայն բոլորն էլ հրաժարվել են:
«ՉԻ». Թեպետ Պետրոս Ղազարյանը որևէ անուն չի տվել, բայց բոլոր գրված և չգրված օրենքներով դրանց թվում պետք է լինեին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և «Լուսավոր Հայաստանի» որոշ ներկայացուցիչներ: Քանի որ ամենաշատը նրանք էին մազերը փիտրում, թե՝ հայ-հարայ, հասեք, մեր երեխաներին այլասերում են:
Լավ, «Լուսավորի» ժողովուրդին դեռ մի կողմ դնենք, իրենք էս քանի օրը լայվերի վրա են նստած, բայց Գևորգ Պետրոսյանը կամ ԲՀԿ-ից որևէ մեկը ինչո՞ւ չկար: Ախր Գևորգ Պետրոսյանին մենք ճանաչում ենք որպես ազգային տղա, ադաթապաշտ, որը խիստ նվիրված է հայրենիքին ու Գագիկ Ծառուկյանին, որը ամեն օր խոսում է այս կոնվենցիայի սարսափելի հետևանքների մասին:
Ուրիշները մարդ են մեջ գցում, որ գնան Հանրային, սրանց համար՝ հեչ: Ախր պայթում ենք: Հազիվ առիթ էր, գնար, մի հատ իր հերոսական ջիղը ցույց տար, մի հատ իր էն լավ ձևերով հունից դուրս գար, մի երկու «ստրոչկա» հաթաթա տար տաղավարում գտնվող հյուրերին, սրտներս հովանար: Չեն գնացել: Երևի կամ վախեցել են, կամ հասկացել են, որ գնալու են, ասելու բան չեն ունենալու, խայտառակ լինեն, իրենց շեֆի «դրբի» տակ ընկնեն: