...

Ծովից ծով քյանդրբազություն

Ծովից ծով քյանդրբազություն

Հայկական դեժավյու

Շաբաթն ավարտենք մի հատ պատմական էքսկուրսով: 1919-20 թվերին խառը վիճակներ էին: Հատկապես Թուրքիայում և Ռուսաստանում: Թուրքիան պարտվել էր Առաջին համաշխարհային պատերազմում, տարածքներ կորցրել, Արևմուտքը մնացած տարածքներն էլ էր պատրաստվում մեջ-մեջ անել, Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխությունից հետո քաղաքացիական պատերազմ էր, սով, Արևմուտքը զենքով, ամեն ինչով օգնում էր բոլշևիկների հակառակորդներին, Դենիկինը պատրաստվում էր արդեն Մոսկվայի վրա շարժվել...

Հայաստանի դաշնակ ղեկավարներն էլ որոշեցին, որ քանի որ Թուրքիայի ու Ռուսաստանի օրերը հաշված են, էսօր կան, վաղը չկան, մաքսիմալիստական պահանջներ ներկայացնել, ծովից ծով, Արևմուտքի պոչը բռնել, Սևրի պայմանագրով առաջնորդվել: Քեմալը քանի անգամ մերոնց ասաց՝ եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, բավարարվեք ձեր 60 հազար քառակուսի կիլոմետրով, ես գնամ, հույների հարցերը լուծեմ, որոնք շարժվում էին դեպի Անկարա: Մերոնք ասացին՝ ոչ մի թիզ, ծովից ծով, Սևր, Թուրքիան պատերազմ սկսեց, Ալեքսանդրապոլի պայմանագիր պարտադրեց, ստացանք մի 10 հազար ք/կմ տարածք: 

Մեզ մոտ դեժավյու է, երբ տեսնում ենք, թե ինչպես են մեր իշխանությունները խաչ քաշել Ռուսաստանի վրա: Կոպիտ ասած, խաղադրույք են դրել Արևմուտքի վրա՝ համարելով, որ Ռուսաստանը Ուկրաինայում թաղվել է մինչև կոկորդը, էսօր-վաղը պարտվելու է, հետները հույսեր կապելն անիմաստ է: Դե, ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից Հայաստանի հրաժարվելը այդ քաղաքականության հերթական դրսևորումներից մեկն է:

Թե ինչի են որոշել, որ Ռուսաստանը պարտվելու է, չգիտենք: Լավ, կարող է պարտվել, ենթադրենք, բայց թե ինչի են որոշել, որ այդ իրավիճակում Արևմուտքը մեզ օգնության ձեռք կմեկնի, կաջակցի, թույլ չի տա, որ հարևանները նեղացնեն... աջակցող լինեին, 1920 թվականին կաջակցեին: Բայց մատը մատին չխփեցին: Ոչ միայն Հայաստանին, այլ նաև Կիլիկիայի հայերին քցեցին:

Փոխանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորեն, չենք ասում՝ դառնան նրա վասալը, այլ այնպիսի հարաբերություններ կառուցեն, որոնց հիմքում փոխադարձ վստահություն կլինի, ճիշտ հակառակն են անում: Չորով են հետները հարաբերվում: Ոչ մերոնք են Ռուսաստանին վստահում, ոչ էլ Ռուսաստանն է մեզ վստահում: Հարաբերությունների մակարդակը գնալով իջնում է, մինչև որ հասնի հատակին: Ու հիմա մենք մոտավորապես նույն վիճակում ենք, ինչ 1920 թվականի գարնանը: 

Արի ասեմ, զավա՛կս

Եթե 1920 թվականի աղետի սկիզբը դրվեց մայիսյան ապստամբությունով, այստեղ կարող է ներքաղաքական սրացումներ լինեն: Կամ ներիշխանական: Ըհը, Երևանի փոխքաղաքապետին ձերբակալեցին, հետն էլ մի դյուժին մարդկանց: Արսեն Թորոսյանն է խառնվել իրար, քանի որ փոխքաղաքապետին մեղադրում են քովիդի հետ կապված չարաշահումների մեջ, երբ Արսեն Թորոսյանի տեղակալն է եղել առողջապահության նախարարությունում:

Հա, հեղափոխությունը նման վատ խասյաթ ունի. երբեմն խժռում է իր զավակներին: Դա էլ է լինելու: Չգրված օրենք է: Նախկին նախարար Արսեն Թորոսյանի ստատուսից դա հասկացանք, որ խժռվելուն դեմ է:

Եվս մեկ նախկին նախարարի էլ ձերբակալեցին. Գևորգ Պետրոսյանին: Երևի նման չգրված օրենք էլ կա, որ հակահեղափոխությունն էլ է խժռում իր զավակներին: Ասում են՝ ոստիկանության պարեկներին չի հնազանդվել, քշել, գնացել է, բայց մեկ է, ձերբակալել են: Երևանի փոխքաղաքապետի հետ կարող են ռաստվել, նույնիսկ դաշինք կազմել: Անքննելի են հեղափոխական ժամանակների զարգացումները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5103 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ