...

Անեկդոտի փոխարեն

Անեկդոտի փոխարեն

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է. «Վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարների մասին լուրերը, որոնք գրեթե ամեն օր գուժում են զոհերի մասին, խորը անհանգստանալու առիթ պետք է լինեն բոլորիս համար։ Պետք է հավելյալ ջանքեր գործադրել, որպեսզի այդ զոհերն ու վիրավորները էականորեն պակասեն։

Երեք հիմնական գործոն են ազդում ճանապարհային անվտանգության վրա՝ վարորդի վարքագիծը, տրանսպորտային միջոցի սարքին լինելը և նորմերին համապատասխանությունը և ճանապարհային ենթակառուցվածքները (ճանապարհի ծածկույթ, կահավորում նշաններով, այդ թվում գծանշաններով և այլն)»:

«ՉԻ». Վերջերս աչքներովս մի տեսանյութ ընկավ, թե ինչպես է մի մեքենա Ազատության հրապարակում երեկոյան «գանյատ» անում: Տերմինը չգիտենք՝ ոնց է կոչվում. դրաֆթտինգ, շիֆթինգ, էն որ մեքենան մեծ արագությամբ ու ահավոր աղմուկով շրջաններ է կատարում: Ու կողքին երեխաները հեծանիվ էին այդ պահին քշում: 

Այ էս գործոնն էլ է ազդում ճանապարհային անվտանգության վրա. անպատժելիության մթնոլորտն ու ոստիկանության թերի աշխատանքը: Մեր տրամաբանությամբ, որևէ մեկը չի համարձակվի Ազատության հրապարակում մեքենա քշել, եթե համոզված չլինի, որ անպատիժ է մնալու: 

Ոստիկանության թերի աշխատանքն էլ առանձին թեմա է: Որպեսզի պարզ լինի, թե ոնց է աշխատում ոստիկանությունը, ընդամենը մի հատ օրինակ բերենք: Մի քաղաքացի այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարտունու ոստիկանությունից նամակ եմ ստացել, որ Մարտունու անձնագրայինի մուտքի դռան դիմաց ծխելու համար տուգանվում եմ 50.000 դրամ: Բայց ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ նույնպես կա երկու պարզ փաստարկ՝

1. Ես Մարտունի վերջին անգամ եղել եմ 10 տարի առաջ ու ընդհանրապես կապ չունեմ Մարտունու հետ:

2. Ես չեմ ծխում:

Հիմա բլից հարց ՀՀ Ներքին Գործերի նախարարությանը կամ այն ոստիկանին, ով կազմել ա տվյալ ակտը ու իր հրամանով ինձանից պահանջում ա ոստիկանության հաշվեհամարին փոխանցեմ 50.000 դրամ: Խախտում անող մարդուն ո՞նց եք իդենտիֆիկացրել:

Ընդամենը անուն ազգանուն ա ասել, դուք էլ պատահական Արմեն Մկրտչյանից պահանջում եք 50.000 դրա՞մ, թե՞ կա անբացատրելի իդենտիֆիկացնելու տարբերակ, երբ ԵՐԵՎԱՆՈՒՄ ու իր աշխատավայրում գտնվող ՉԾԽՈՂ մարդուն դուք նկատում եք նաև Մարտունու անձնագրայինի դեմը ծխելուց: 

Արդյունքում հիմա պիտի փաստաբան վարձեմ, գումար ու ժամանակ ծախսեմ, որպեսզի ապացուցեմ, որ ես տվյալ պահին Մարտունիում կարող էի ծխել միայն վիրտուալ իրականությունում»:

Ըհը, հաշվեք, անեկդոտ պատմեցինք: Որտեղ պետք է պատժեն, չեն պատժում, որտեղ պետք չի, պատժում են: Ու նմանատիպ պատմությունները շատ են: Չենք բացառում, որ Ազատության հրապարակում մեքենա քշելու համար բռնել, ուրիշին են տուգանել, դրանով թեման փակել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   612 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ