...

Եվրոդատարանը մի հատ էլ ապտակեց Քոչարյանին

Եվրոդատարանը մի հատ էլ ապտակեց Քոչարյանին

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:

Նշվում է, որ գործը վերաբերում է ՀԱԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանին, որը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակում հավաքը ցրելու արդյունքում։

Ոստիկանության աշխատակիցներ Հ. Կ.-ի և Է.Կ.-ի կողմից կազմված «Դավիթ Մաթևոսյանի ձերբակալման մասին արձանագրության» համաձայն՝ Մաթևոսյանն Ազատության հրապարակից բերման էր ենթարկվել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ժամը 8.50-ին՝ ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով:

Ոստիկանության աշխատակիցները ոստիկանության բաժանմունքի պետին գրավոր հայտնել էին, որ Դավիթ Մաթևոսյանը «բերման է ենթարկվել» դիմադրություն ցույց տալու, իրենց հրելու և օրինական հրամաններին չենթարկվելու համար: Մաթևոսյանը հարցաքննվել և հերքել էր ոստիկանության աշխատակիցների՝ դիմադրություն և անհնազանդություն ցույց տալու մեղադրանքները:

Երկու ոստիկանների ցուցմունքների արդյունքում Մաթևոսյանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել, որից հետո Մաթևոսյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մաթևոսյանի բողոքի համաձայն՝ ինքը չի ունեցել արդար դատավարություն, քանի որ խախտվել է իր՝ գործով վկաների և իրեն ձերբակալելու պահին նրա հետ եղած անձանց լսելու իրավունքը, որոնք կարող էին հերքել բռնություն կիրառելու մեղադրանքի պնդումը։

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ.

1. Տեղի է ունեցել դիմումատուի գործով դատաքննության արդարության վերաբերյալ Մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (արդար դատավարության իրավունք),

2. Տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդված խախտում (խաղաղ հավաքների անցկացման իրավունք):

Դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է երեք ամիսների ընթացքում դիմումատուին վճարի 13 200 եվրո՝ կրած բարոյական վնասի համար:

Մի կողմից, սա տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանի ավազակապետության դեմ պայքարում ընդդիմության, և ընդհանրապես՝ հայ հասարակության հերթական հաղթանակի փաստն է, մյուս կողմից՝ զայրացնում է այն հանգամանքը, որ ավելի քան 10 տարի Քոչարյանը իշխանություն չէ, սակայն շարունակում է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետությանը, քանի մենք՝ հարկատուներս պետք է մեր գրպանից վճարենք քոչարյանական դատարանների, ոստիկանական բեսբրեդելի, ընդդիմության դեմ բանդիտական մեթոդներով գործելու համար:

Եթե Եվրոպական վճիռներով քոչարյանական վարչակազմից տուժած անձանց փոխհատուցվող գումարները Քոչարյանի ու նրա «շայկայի» գրպանից բռնագանձվեր, այդ դեպքում մենք այնպիսի վնգստոցներ կլսենինք, որ ձայնը կհասներ մինչև Հաագա:

Իսկ Դավիթ Մաթևոսյանին և նրա բոլոր ընկերներին, համախոհներին, բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ պայքարել են ավազակապետության դեմ, տառապել բանտերում, բայց չեն ճկվել վարչախմբի հարվածներից, շնորհավորում ենք այս հաղթանակի առթիվ:

Նկարում՝ Դավիթ Մաթևոսյանը բանտից ազատ արձակվելուց հետո

ՎԱՐԿԱՆԻՇ

   7426 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ