...

Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարը հեռանում է․ հարցեր չկա՞ն նրան

Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարը հեռանում է․ հարցեր չկա՞ն նրան

Oրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ հաստատելով այն տեղեկությունները, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ ստորագրեց համապատասխան հրամանը՝ Ջանազյանին հոկտեմբերի 3-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ։ 

Ընդգծենք, որ Վաղինակ Ջանազյանը Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր։ Հենց նա էր, որ 2011 թ․ հայտարարեց, որ գործում նկարագրված է, թե մարմնական վնասվածքներ ստանալուց առաջ տուժողներից կոնկրետ ով ինչ գործողություններ է կատարել։ «Նախաքննական մարմինը չի պատրաստվում հետմահու գնահատական տալ այդ անձանց գործողություններին: Ցավոք նրանց հարազատների վիշտն առ այսօր ոչ միայն չեն կիսում, այլև օգտագործում են այդ վիշտը քաղաքական նպատակներով, ինչպես օգտագործել են նրանց հարազատներին»,- տարիներ առաջ հայտարարել էր Ջանազյանը՝ ակնարկելով, որ Մարտի 1-ի զոհերը մինչև սպանվելը հանցավոր արարքներ են գործել: 

Հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործով հարցերն ամբողջությամբ ուղղվեցին քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։ Վերջինիս մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը», 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»։ Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռևս 2018 թվականի հոկտեմբերին։ Նրան անգամ ձերբակալեցին Ռուսաստանում, ապա ազատ արձակեցին։ 

Ընտրովի արդարադատությունը հենց սա է։ Մեկին՝ Վահագն Հարությունյանին հետապնդում են, մյուսին, որը նույն կարգավիճակն է ունեցել և շարունակել է գործի քննությունը, պահում են այնքան, որ նա հոգնի, դիմում գրի ու հեռանա՝ առանց հարցուպատասխանի։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ