Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատարարել է, թե Եվրոպական միությունը ուշի ուշով հետևում է Հայաստանի նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործերի զարգացման ընթացքին, սակայն ընթացքի մեջ գտնվող գործերը չի մեկնաբանում: «Մենք տեղյակ ենք, որ արդարադատության նախարարությունը սերտ շփումների մեջ է միջազգային կառույցների հետ, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի հետ ևս։ Նախկինում պաշտոն զբաղեցնող անձանց մասին ես չեմ կարող խոսել, կարող եմ միայն կոնկրետ գործերով խոսել, սակայն մենք չենք մեկնաբանում կոնկրետ գործերը, և խիստ կզարմանայի, եթե կոնկրետ քննվող գործով լիներ միջամտություն։ Սակայն մենք տեսնում ենք, որ դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրվում են ջանքեր, մենք այդ ջանքերին սատարում ենք, և այդ հանգամանքը մեզ համար շատ կարևոր է»,- ասել է դեսպանը:
Եվրոդեսպանի այս հայտարարությունն իսկական սառը ցնցուղ է Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների գլխին։ Այս մարդիկ մեկուկես տարուց ավել, օրնիբուն գոռում-գոչում են, թե՝ հասե՜ք, հասե՜ք, Հայաստանում հաստատվել է բռնապետություն, իշխանության են եկել արնախում մարդիկ, որոնք ճնշում, հետապնդում, բանտերն են նետում մեզ նման ազնիվ, մաքրամաքուր, հայրենիքին նվիրված մարդկանց։
Նախկինները շաբաթը մեկ դեսանտ են իջեցնում Եվրոպայի տարբեր կառույցներում, լացուկոծ կապում, գաղտնի ու բացահայտ հանդիպում եվրոպացի պաշտոնյաների հետ, բաց ու փակ նամակներ հղում նրանց՝ բողոքելով Հայաստանի «մարդակեր» իշխանությունից, աննախադեպ ճնշումներից, մարդու իրավունքների ոտանահարումից, դատարանների վրա ազդեցությունից, դատական համակարգում ձեռնարկվող բարեփոխումների շատ փիս լինելուց, իսկ ահա եվրոպական գլխավոր կառույցներից մեկի դեսպանը ոչ ավել, ոչ պակաս, վերցնում-ասում է, թե «չորս ամիս է, ինչ այստեղ եմ, շատ տպավորված եմ դատական համակարգի բարեփոխումներում գործադրվող ջանքերով: Մենք շատ տպավորված ենք նաև՝ տեսնելով կառավարության՝ Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությամբ գործադրվող ջանքերը»։
Նախկիններն ամեն օր իրենց են ճղում, թե իբր Հայաստանում սահմանափակում են խոսքի ազատությունը, ճնշում լրագրողներին ու լրատվամիջոցներին, մինչդեռ «անհոգի» դեսպանն ասում է, որ այսօր Հայաստանում ԶԼՄ-ների մեծ ազատություն կա, կարող են առանձին դեպքերում լինել ճնշումներ այս կամ այն լրատվամիջոցի վրա, բայց դա տեսնում ենք ցանկացած երկրում. «Մենք այսօր դիտարկում ենք նաև ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կառավարության հետ որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունը»։
Ի դեպ, իրավիճակի զավեշտն այն է, որ հետապնդումներից ու ճնշումներից խոսում են նաև մարդիկ, որոնք մեղադրվում են խոշոր գումարների յուրացման, հափշտակման, պետական միջոցները խաղատներում վատնելու մեջ։ Լրատվամիջոցների ճնշումներից էլ խոսում են շրջանակներ, որոնց տիրապետության տակ է այդ լրատվամիջոցների 80-90 տոկոսը, որոնք ամեն օր բերաններից եկածն ասում են իշխանության հասցեին, իսկ «հետապնդվողներն» ու «ճնշվածներն» էլ թույնի տիեզերական չափի արտադրանք թողնում դրանցով։
Համլետ Կիրակոսյան