«Այս կյանքում 2 անսահման բան կա՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Ընդ որում՝ տիեզերքի հարցում ես վստահ չեմ». ասում էր մեծն Ալբերտ Էյնշտեյնը։
Եթե Էյնշտեյնը այսօր լիներ, այդ երկու անսահմանություններին կավելացներ նաև Քոչարյան Ռոբերտի անամոթությունն ու ցինիկությունը, ընդ որում՝ այս անգամ անվստահություն հայտնելով տիեզերքի ու մարդկային հիմարության պարագայում, իսկ Քոչարյանի դեպքում վստահությունն անվերապահ կլիներ։
Իր ամեն մի հարցազրույցում, ցանկացած թեմայի անդրադարձում Ռոբերտ Քոչարյանը բացահայտում է իր ցինիկության, ստախոսության, իրականությունը կեղծելու անսահմանությունը։ Այս հարցում նա անմրցելի է։ Անմրցելի է համաշխարհային մակարդակով։
Ուղիղ նայելով մարդկանց աչքերի մեջ՝ ասում է ու պնդում է այնպիսի բաներ, որոնց մասին գրեթե ողջ հանրությունը գիտի, որ այդպես չէ, որ ասողը բացահայտ ստում է։ Ու այդ սուտն այնքան ակնառու է, որ դա վստահորեն պնդելը նշանակում է մի բան՝ ցինիկորեն ծիծաղել մարդկանց վրա։ Ընդ որում՝ ինչպես իր ասածները լսողների, այնպես էլ՝ չլսողների։
Նախօրեին իր «աջարակից» 3 հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում (իր պարագայում, ինչպես միշտ, նախապես պատրաստված, խմբագրված հարցաշարով) Ռոբերտ Քոչարյանը նորից բացել էր ստերի կծիկը ու իրար հետևից շաղ էր տալիս ստախոսության «գոհարներ»՝ իր պաշտոնավարման շրջանը նորից գովերգելով, Արցախի հարցում կեղծ թեզեր ներկայացնելով, հեղափոխության ու գործող իշխանության հասցեին բացահայտ ստեր արտաբերելով։
Ստերի շարանը հասավ ցինիկության գագաթնակետին ու անսահմանության, երբ Քոչարյան Ռոբերտը գործող իշխանությանը մեղադրեց կոռուպցիայի ու պետական բյուջեի թալանի մեջ։ Եվ այդ մեղադրանքը հնչեցնելու համար որևէ այլ բան չգտավ, քան այնքան չարչրկված պարգևավճարները. «120 միլիոն դոլարի պարգևավճարը, օրենքով չնախատեսված, ուղղակի՝ թևերն այսպես քշտած ձեռքերով բյուջե մտած, 120 միլիոն դոլարի պարգևավճարը կոռուպցիա է՞, թե՞ կոռուպցիա չէ։ Բյուջեից ակնհայտ գողություն է»։
Մի կողմ թողնենք պարգևավճարների ոչ միանշանակ ընդունվող հարցը, քանի որ դա քննարկելու, պաշտոնյաների վարձատրության իշխանության այս մոտեցման արդարացի-անարդարացի լինելը գնահատելու, հանրության առաջ պատասխանատվության և բարոյական հարթության մեջ ճիշտ կամ սխալ լինելու խնդիրը առանձին թեմա է։
Ուղղակի ուշադրություն դարձնենք, թե ով է խոսում կոռուպցիայի ու բյուջեի թալանի մասին։ Մի մարդ, որը պետական մակարդակով Հայաստանում արմատավորված կոռուպցիայի հիմնադիրն է, որի թեթև ձեռքով կոռուպցիան դրվել է պետական համակարգի կառավարման հիմքում՝ վերից վար։
Ո՞վ է խոսում թալանի մասին. մի մարդ, որը ոչ միայն թևերն էր քշտել պետական բյուջեն, երկրի հարստությունները թալանելու համար, այլև ամբողջ մարմնով ընկել էր բյուջեի ու պետության միջոցների վրա, յուրացնում, գրպանում, թալանում, սեփականացնում, խլում էր աչքին ընկածը։
Այսօրվա պաշտոնյաների 120 միլիոն դոլարի ընդհանուր պարգևավճարների մասին խոսում է մի մարդ, որն իր պաշտոնավարման շրջանում հսկայական հարստություն է դիզել, դոլարային միլիարդատեր դարձել, որի միայն սեփականությունների անվանումների թվարկումը մի քանի էջ կլցնի։
Ով-ով խոսի կոռուպցիայից ու թալանից, գոնե կոռուպցիայի ու թալանի գեներալսիմուս Քոչարյան Ռոբերտը չխոսի։
Ախր, ցինիկությունն ու անամոթությունն էլ չափ ու սահման ունեն։ Բայց, ինչպես երևում է՝ մեր «հերոսի» պարագայում դրանք անսահման են։ Էյնշտեյնը լիներ, նա էլ դա կասեր։
Համլետ Կիրակոսյան