Մարտի 1-ի գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը լռվել-մնացել է իր հորինած «կոնսենսուս մինուս մեկ» թեզի սարդոստայնի մեջ։ Անցած տարվա սկզբներին էր նա երկնել այս թեզը՝ նկատի ունենալով այն, որ հասարակական-քաղաքական ուժերի լայն համախմբում տեղի կունենա ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության, հետո կլինի թեժ աշուն, իր կողմնակիցները փողոցային հզոր պաքար կծավալեն, իշխանությունից դժգոհ հանրությունը կմիանա ադ պայքարին, խորհրդարանում կփոխվի քաղաքական դասավորությունը, և այդպիսով գործող իշխանությունը կտապալվի։
Խոստովանենք, որ ֆանտաստիկ ժանրի սյուժե է, հատկապես, եթե նկատի ունենանք հայաստանյան ներկայիս ժամանակաշրջանի իրողությունները, քաղաքական անցուդարձը, հանրային տրամադրությունները և հատկապես ժողովրդի բացարձակ մեծամասնության ընդգծված բացասական վերաբերմունքը Քոչարյանի ու ընդհանրապես ռոբասերժական շրջանակների նկատմամբ։
Սակայն, կտրված լինելով իրականությունից, Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ապրել ֆանտազիաների աշխարհում և կրկնել իր հորինած թեզը ու երևակայության մեջ գծագրված սյուրռեալիստական-կուստուրիցական ոճի սյուժետային զարգացումը։
Իր բազմաթիվ քարոզչամիջոցներից մեկին՝ «Yerevan.Today»-ին տված հերթական հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը վերստին ազդարարել է ներքաղաքական նոր փուլի մասին (նկատենք, որ արդեն մի քանի անգամ հայտարարել է այդպիսի նոր փուլերի մասին, որոնք բոլորն էլ թոզմիշ են եղել) և քաղաքական զարգացման հավանական սցենար նկարագրել. «Աշունը քաղաքականապես ակտիվ էր և վստահաբար կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է։ Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորումը, ինչպես նաև կորոշվի օրակարգը, որն ունակ կլինի համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին։ Քաղաքական գործընթացներն ընթանում են ԱԺ-ից դուրս, որտեղ էլ ձևավորվում է երկրի քաղաքական օրակարգը։ Ընթացիկ տարում խորհրդարանի կոնֆիգուրացիան վերջնականապես կդադարի արտացոլել հասարակական տրամադրությունները, ինչը կնշանակի լեգիտիմության կորուստ։ Այս հանգամանքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն է դարձնելու»։
Ծանոթ տեքստ ու սցենարի նկարագրություն է, չէ՞։ Այո, չեք սխալվում։ Իրականությունից կտրված այս տեքստերն ու սյուժեները Քոչարյանն արդեն մեկ տարուց ավել է, ինչ արտաբերում է՝ համեմված թեժ գարուն-թեժ ամառ-թեժ աշուն-թեժ ձմեռ եղանակային հարացույցերի դատարկ հերթագայությամբ։ Այդ ֆանտաստիկ սյուժեն ամեն օր քարոզվում է նաև նրա հետ փոխկապակցված լրատվամիջոցներով։
«Կոնսենսուս մինուս մեկ»-ի հարցում Քոչարյանը ինչ-որ տեղ ճիշտ է. ուղղակի շփոթել է հասցեներն ու հասցեատերերին։ Լայն հանրության տրամադրությունների մեջ իսկապես կա «կոնսենսուս մինուս մեկ», որտեղ մինուսը ինքն է՝ Քոչարյան Ռոբերտը։
Համլետ Կիրակոսյան