Երկու օր է՝ որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, թե իբր դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից: Դժվար չէ կռահել, որ տարածողները գերազանցապես քոչարյանական լրատվամիջոցներն են։
ԲԴԽ-ն հերքել է լրատվամիջոցներով տարածված լուրերը, թե մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց, և այդ պատճառով է ձգձգվում վիրահատությունից հետո նրա` աշխատանքի վերադարձը։ ԲԴԽ մամուլի ծառայության ղեկավար Ա.Խաչատրյանը մասնավորապես ասել է, որ ուժի մեջ է ԲԴԽ մամուլի ծառայության տարածած վերջին հաղորդագրությունը, ըստ որի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի»։
Չնայած այս հերքմանը, քոչարյանական լրատվամիջոցները հայտնի կենդանու համառությամբ շարունակում են ապատեղեկատվության տարածումը՝ մի փոքր փոխելով ասելիքի բովանդակությունը։ Հիմա էլ ասում են, թե իբր Աննա Դանիբեկյանն «իսկապես հրաժարվել է գործից, սակայն իշխանությունները և ԲԴԽ որոշ անդամներ ճնշում են գործադրել, համոզել, որ դատավորը շարունակի գործը և չհրաժարվի, քանի որ նրանք ևս համոզված են, որ կկանգնեն փակուղու և որոշ խնդիրների առջև»:
Երբ օրեր անց վերսկսվի դատավարությունը, ու Աննա Դանիբեկյանը՝ որպես դատավոր, շարունակի քննել գործը, հիշյալ լրատվամիջոցները էլի չեն հանգստանա ու թերևս նոր հեքիաթներ կպատմեն դատավորին «ճնշելու» մասին՝ հղում անելով իրենց անանուն, իրականում շատ էլ լավ հայտնի աղբյուրներին։
Լրատվամիջոցների այս ապատեղեկատվության տարածման սկզբնաղբյուրներն ու հասցեները շատ պարզ են։ Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց Աննա Դանիբեկյանի «հրաժարվելու» ապատեղեկատվությանը քավորություն են անում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ու փաստաբանական թիմը, իհարկե, ուղղակիորեն չասելով, թե Աննա Դանիբեկյանը հրաժարվել է գործի քննությունից, այլ ակնարկներ անելով այդ մասին։
Այսպես. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասում է. «Հիմա էլ դատավորին ասել են՝ գնա վիրահատության, ինչ ուզում ես արա, ձգձգիր։ Թե չէ ինչպես և ինչի հիման վրա նա պետք է մերժի Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Անուշավան Դանիելյանի երաշխավորությունը»։
Քոչարյանի անխոնջ փաստաբան Հայկ Ալումյանն էլ հայտարարում է. «Ակնհայտ է, որ Աննա Դանիբեկյանը չի ցանկանում քննել այդ միջնորդությունը։ Մի կողմից օրենքը, ՄԻԵԴ-ն ասում են, որ հիմքեր չկան պարոն Քոչարյանին պահելու կալանքի տակ, բայց պահվում է կալանքի տակ, հիմա դատավոր Դանիբեկյանին միջնորդություններ են ներկայացված: Դանիբեկյանը հասկանում է, որ որևէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու, մյուս կողմից՝ նա հասկանում է, որ եթե պարոն Քոչարյանին կալանքից ազատի, իր համար կարող են կատաստրոֆիկ հետևանքներ լինել»:
Թե ինչից է ակնհայտ, որ Աննա Դանիբեկյանը չի ցանկանում քննել այդ միջնորդությունը, երևի միայն ինքը՝ Ալումյանը կիմանա, որը Քոչարյանի եկամտաբեր պաշտպանությանը լծվելիս այնքան է կորցրել բարեխղճությունն ու իրականության զգացումը, որ ամեն մի հարցազրույցում և ելույթում ստի ու կեղծիքի անգերազանցելի ռեկորդներ է սահմանում։
Համլետ Կիրակոսյան