...

Գարնանային ոչ քաղաքական սրացումներ

Գարնանային ոչ քաղաքական սրացումներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանն երեկ առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ։ Ընտրությանը մասնակցեց միայն ՔՊ-ն, որի անդամները՝ 69 պատգամավոր, կողմ քվեարկեցին Խաչատրյանին։

Ընդդիմությունը բոյկոտեց ընտրությունը՝ հայտարարելով, թե չի ցանկանում լեգիտիմացնել գործընթացը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր ճակատագրի հեգնանք է համարել ստեղծված իրավիճակը։ Ըստ նրա՝ այն ժամանակվա իշխանության և այսօրվա ընդդիմության պատճառով նախագահի ընտրությունները նորից անցնում են մեկ թեկնածուով: «Եթե այն ժամանակ որպես ընդդիմություն էինք իշխանությանն առաջարկում այլընտրանք ապահովել, հիմա որպես իշխանություն ասում ենք՝ առաջադրեք թեկնածու, ունեք հնարավորություն, բայց այսօր նորից մեր թեկնածուով ենք ընտրություն անում։ Եթե ընդդիմությունը լեգիտիմության խնդիր էր տեսնում, պետք է թեկնածու առաջադրեր և մասնակցեր քննարկմանը, հարցեր տար»,- «Aravot.am»-ի փոխանցմամբ՝ ասել է իշխանական խմբակցության ղեկավարը։ Նա նաև հավելել է, որ ընդդիմադիր դաշինքները մոտ 300.000 քվե են ստացել․ «Մի՞թե այդքան քաղաքացիների մեջ ընդդիմությունը չգտավ մի թեկնածուի, որը կարող էր նախագահի թեկնածու լինել։ Չգտա՞վ, թե՞ չցանկացավ։ Հետևաբար, հարգելի քաղաքացիներ, դուք ներկայացված չեք այս կարևոր գործընթացում, և ընդդիմությունը խլել է ձեր տված ընդդիմադիր մանդատը, այն բռնազավթված է, այն չի օգտագործվում հանուն պետության, մինչդեռ այս ամբիոնից ճամարտակում են դավաճանությունների մասին և լքում դահլիճը»։

Կանանց մի տեսակ կա, որ տղամարդուն կողքին պահելու համար ինչ շանտաժ ասես անում է, վերջում էլ նպատակին չհասնելով՝ սկսում է լուրեր տարածել, թե նա իմպոտենտ էր։ Հիմա՝ ՔՊ խմբակցության ղեկավարինն է։ Սկզբում համոզում է, թե լավ կլիներ մասնակցեիք, որպես իշխանություն՝ հորդորում է թեկնածու առաջադրել, անգամ լեզուն պտտվում է ասել՝ «հնարավորություն ունեք»։ Հետո սկսում է շոյել ընդդիմադիրների ինքնասիրությունը, թե դուք ահագին ձայն եք ստացել՝ 300.000 քվե ու հաստատ կարող էիք ձեր միջից մեկին գտնել, բայց չեք ցանկացել։ Այնուհետև վրա է հասնում Կոնջորյանի ցասումը, և նա սկսում է քաղաքացիներին բացել այն մեծ՝ իմպոտենտության գաղտնիքը՝ ընդդիմությունը խլել է ձեր մանդատը, և այն բռնազավթված է։ Իրականում մասնակցեր, որ ի՞նչ աներ, որ ՔՊ-ին հնարավորություն տար արձանագրելու, թե ազնիվ ու արդար մրցակցային պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքում իրենք հաղթե՞լ են։ Ի դեպ՝ 300.000-ի մասին․ խորհրդարանական այսօրվա ընդդիմությանը քվեարկածների գերակշիռ մեծամասնությունը ձայնը տվել է նրանց ոչ թե նախագահ ընտրելու կամ տունտունիկ խաղալու համար, այլ․․․․։ Լավ դե, չասենք՝ ինչի համար։

Հ.Գ. Այսօր կայացավ ընտրության երկրորդ փուլը․ խորհրդարանը երկրորդ փորձով ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Վահագն Խաչատրյանին։ Վերջինս ստացավ 71 կողմ ձայն։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2102 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ