...

Գեներալիտետից մնաց հագած-մաշած կամուֆլյաժե բիկինին

Գեներալիտետից մնաց հագած-մաշած կամուֆլյաժե բիկինին

«Փակ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին անձամբ ինձ և ոչ միայն ինձ տեղեկացրել է, որ ռուսական կողմից պատերազմը կանգնեցնելու առաջարկ է ստացվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Առաջին փակ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: «Այն ժամանակ ես նրան առաջարկեցի դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով և համաձայնել ռուսական կողմի առաջարկներին։ Չէ՞ որ մարդկային և տարածքային նոր կորուստների հավանականությունն ավելանում էր։ Նիկոլ Փաշինյանն իմ առաջարկը բացասական չի ընդունել։ Կարելի է անգամ ասել, որ դրական է պատասխանել և համաձայնել է։ Բայց խնդիրն այն է, որ մի ամբողջ շաբաթ նա ռուսներին չի դիմել... Հոկտեմբերի 19-ին նրան ուղիղ հարց են տվել. «Մենք պարտվե՞լ ենք»։ Նա ի պատասխան խոստովանել է, որ այո, սա պարտություն է։ Ասել է, որ մենք ինչ-որ կերպ իրավիճակը շտկելու հնարավորություններ չունենք։ Ուրեմն, ինչո՞ւ նա պատերազմը չկանգնեցրեց դեռևս հոկտեմբերի 19-ին։ Կարծում եմ, որ այդ մասին միայն իրեն է հայտնի։ Բազմաթիվ վարկածներ կան»,- նշել է ՀՀԿ մամուլի քարտուղարը։

Ոչ մի վարկած էլ չկա, կոնսպիրոլոգիական տեսություններ՝ ևս։ Նիկոլ Փաշինյանը պարզ ասել է, որ հնարավորություն է ունեցել կանգնեցնելու պատերազմը, բայց դա չի արել։ Վախեցել է, որ իրեն դավաճան կասեն։ Մարդը 10 անգամ նույն բանը ասել է։ Դրանից հետո զոհվածների ծնողներն են դիմել դատախազություն՝ Փաշինյանի խոստովանական ցուցմունքի վրա նրան որպես մեղադրյալ ներգրավելու պահանջով։ Եվ այսքանից հետո Շարմազանովը դեռ վարկածներ է փնտրում, գաղտնիքներ ու անհայտներ է առաջ քաշում։ Լավ է չի առաջարկել, որ ազգովի բախտ բացողի մոտ գնանք, Փաշինյանի նկարն էլ հետներս տանենք ու բախտագուշակին խնդրենք մի երկու խոսք ասել նկարի մարդու անցած-ներկա-ապագա գործողությունների մասին։ Ինչ վերաբերում է հարցազրույցի այն հատվածին, որտեղ Փաշինյանը ուղիղ խոստովանել է, որ մենք պարտվել ենք և իրավիճակը շտկելու հնարավորություններ չունենք, ապա սա էլ շատ տխուր իրողությունների մասին է խոսում։ Ստացվում է` Փաշինյանը միայնակ որոշել է շարունակել կոտորածը, իսկ մեր գեներալները, զինվորական էլիտան, 20 տարի «կռված տղու» ամենազոր միֆի տակ ֆռֆռացողները ականջները կախ գլխավոր գերագույն հրամանատարին են ենթարկվել՝ առանց նրան դեմ տալու պատին ու հասկացնելու, որ պետք է օր առաջ կանգնեցնել պատերազմը, որովհետև արդեն պարտվել ենք և չենք կարող բեկում ունենալ։ Վանոն է շատ պատկերավոր ասել՝ կամուֆլյաժե բիկինի հագած գյադաներ։ Դե, հիմա էլ հագեք։

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ