...

Վազգենին ու Նիկոլին մի հակադրեք

Վազգենին ու Նիկոլին մի հակադրեք

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը շատ լավ իմացել է, որ մենք պարտված ենք, ու այն ասել է մեր հետ հանդիպմանը, որին 20 մարդ է մասնակցել: Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն իմացել է, որ պարտված ենք, իսկ հոկտեմբերի 20-ին բոլորին ասել է, որ գնան կոտորվեն: Սրա մնալով՝ մենք Հայաստանի նոր տարածքներ ենք տալիս, թուրքը քայլելով գալիս է: Նոր Սարդարապատն այսօր է: Սա Վազգենի և Նիկոլի տեսակների պայքար է»,- հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Ընդհանրապես ժամանակն է ոչ թե պատառիկներով, այլ ամբողջական ներկայացնել այդ 20 հոգանոց խոսակցության բովանդակությունը։ Հիմա Շարմազանովն ասում է, որ Փաշինյանը իրենց հետ կիսվել է, թե պարտված ենք. բա այդ դեպքում իրենց խորհուրդը կամ օգնությունը ո՞րն է եղել։ Փաշինյանի ասելով՝ 20 հոգին հորդորել են մինչև վերջ կռիվ տալ։ Ճիշտ է, Փաշինյանը կոնկրետ չի հայտարարել սրա մասին, բայց ելույթների մեջ մի քանի անգամ նման շեշտադրումով մեղադրանք հղել է հավաքի մասնակիցներին։ Գիտենք՝ այս խոսակցության վերծանումը մեծ հաշվով ոչինչ չի փոխելու, բայց այն կարևոր վավերագրություն կարող է դառնալ հետագա ուսումնասիրողների համար։ Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե սա Վազգենի և Նիկոլի տեսակների պայքարն է․․․․։ Այսինքն՝ շանս չունենք վերապրելու։ Ինչո՞ւ, որովհետև մեծ հաշվով Վազգենն էլ, Նիկոլն էլ պարտված կերպարներ են։ Ճիշտ է, նրանց մեջ համեմատություն դնելը պարզապես անհնար է, բայց երկուսն էլ ի վերջո պարտվել են։ Առաջինի ոչմիթիզականությունը ընդհատվեց սպանությամբ, երկրորդինը՝ ուրիշների սպանությամբ։ Բարոյական տարբեր կատեգորիաներ են, բայց նրանք ունեն մի ընդհանրություն, և դրա անունը՝ քաղաքական անհեռատեսությամբ փաթեթավորված ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ է։ Մեզ այսօր առավել քան երբևէ հաղթողի ստերեոտիպեր են պետք։  

Գոհար Վեզիրյան 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ