...

Գիտակցված ընտրության և «քաղտեխնոլոգիայի» արդյունքների տարբերությունը

Գիտակցված ընտրության և «քաղտեխնոլոգիայի» արդյունքների տարբերությունը

1991 թ․ հոկտեմբերի 16-ին Հայաստանը Նախագահ էր ընտրում։ Դժվար է թերագնահատել այս իրադարձությունը, մանավանդ եթե այն դիտարկենք նույն թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցածի համադրմամբ։ 31 տարի անց շատ ավելի լավ է երևում, թե ի՛նչ արժեք ունեին անկախության և Նախագահի ընտրությունները, ինչքա՛ն էին դրանք փոխկապակցված, ի՛նչ ամուր հենք էին դրանք մեր երկրի ճակատագրում։

Եվ այսպես, արձանագրենք և ապացուցենք, որ 31 տարի առաջ Հայաստանի ընտրությունը տրամաբանական էր և գիտակցված։ Նշենք՝ Անկախության հանրաքվեն և Նախագահի ընտրությունը նույն՝ բարձր գիտակցության և պատասխանատվության արդյունքն էին։ 

Այս իրադարձություններին նախորդ շրջանն սկսվել էր 1988-ին և տևել բավականին երկար՝ մոտ 3 տարի։ Այսինքն՝ հասարակությունն անցել էր վերելքների և վայրէջքների միջով, ըմբռնել էր պատասխանատվության չափը, ընկալել էր անկախ պետականության արժեքը։ Իհարկե, այժմ կարելի է տեսնել, որ խոսքը ոչ թե ամբողջ հասարակության մասին է, այլ նրա շոգեքարշի՝ երիտասարդ և ինտելեկտուալ հատվածի, ինչպես նաև ավագ սերնդի այն ներկայացուցիչների, որոնք իրենց կյանքով և գործով էին հակադրվում խորհրդային տոտալիտար ռեժիմին։ 

Ահա այդ շոգեքարշն էր հասարակության համար օրինակելի, և բնական էր, որ նրա ընտրությունը, առնվազն 88-ից սկսած, կանխորոշեց թե՛ պետականության վերականգնումը, թե՛ Արցախյան հաղթանակները։

Մեր հանրության այն ժամանակվա երևացող և չերևացող վերնախավի հեղինակությունը շատ բան էր նշանակում։ Շատ բան էին ասում նաև այն ժամանակվա տրամաբանված, ճշգրիտ տեքստերը, որոնք զերծ էին զազրախոսությունից, դատարկաբանությունից և ավելորդ հուզականությունից։ ԿԳԲ-ի «քաղտեխնոլոգիաները» բախվում էին Արցախյան շարժման առաջնորդների կուռ տրամաբանությանը, Արցախը և Հայաստանը ազատ տեսնելու իրական գաղափարին։ Գաղափար, որը ո՛չ ֆեյսբուքյան լայքերի կարիքն ուներ, ո՛չ էլ որևէ մեկի ցնդաբանությունն էր։ Հանուն այս գաղափարի, հանուն ազատության մարդիկ նաև անհրաժեշտ զգուշավորության և զիջումների էին պատրաստ։ Չէր կարելի վնասել երկրին և վտանգի տակ դնել շարժումը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հանրաքվեն միակն էր Խորհրդային Միության տարածքում, որն անցկացվել էր այդ երկրի օրենսդրության տառին համապատասխան, այսինքն՝ ուներ իրավական ուժ, այսինքն՝ Հայաստանն իրավական տեսակետից պաշտպանված էր։

Հիմա Նախագահի ընտրության մասին։

Խորհրդային շրջանում փորձում էին մեր գլուխը մտցնել մի տխմար միտք, որը տոտալիտար ռեժիմին անընդհատ վերարտադրվելու հնարավորություն էր ընձեռում։ Այն է՝ անհատը պատմության մեջ որևէ դեր չունի, կարևորը մասսաներն են։ Սա մարդկային հանրույթը դիմազրկելու հրաշալի միջոց էր։ Իհարկե, սույն «գաղափարը» հետագայում մոդիֆիկացիայի ենթարկվեց՝ արևմտյան երանգավորում ստանալով՝ «կարևորը համակարգն է, ոչ թե անհատը»։ Սակայն սրա մասին կխոսենք հետագայում։ Վերադառնանք Նախագահի ընտրությանը։

1991 թ․ հոկտեմբերի 16- ին Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ բարձր ինտելեկտով օժտված գիտնական, որն արդեն քաղաքական փորձ և անվերապահ հեղինակություն ուներ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Այսինքն՝ այն ժամանակ հասարակությունը երկրի ղեկը վստահեց մի մարդու, որն իր թիմով կարողացավ վերականգնել հայոց պետականությունը, դնել պետության հիմքերը, հաղթանակ ապահովել պատերազմում։ Նշենք նաև, որ Հայաստանն աշխարհին ներկայանում էր այսպիսի դեմքով՝ գիտնականի և քաղաքական հմուտ գործչի։

Ցավոք, ինչպես գիտեք, 1998-ի հեղաշրջումը դրեց ժանգոտման այն հիմքը, որն իր գագաթնակետին հասավ 2018 թ․-ին։ Այո՛, նախանձի և կեղծիքի, չարության և ընչաքաղցության ժանգը աստիճանաբար քայքայեց թե՛ երկրի տնտեսությունը, թե՛ հասարակության ինտելեկտը։ Եվ 20 տարվա քայքայումն ապահովեց այնպիսի ընտրություն, որից հիմա շատերս ենք ամաչում։ «Քաղտեխնոլոգիաների» և ժանգի արդյունքն այսօրվա ազգակործանների դեմքով է մեզ ներկայացնում աշխարհին։ Դրանց արդյունքն են նաև պատերազմը, շարունակական պարտությունը և ստեղծված իրավիճակից ելք գտնելու անկարողությունը։

Ամփոփենք․ ինտելեկտուալ, պայքարող Հայաստանի դեմքը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Ինտելեկտուալ, պայքարող Հայաստանը հաղթանակ և պետություն է կերտել։ «Քաղտեխնոլոգիաների» Հայաստանի դեմքը շատ լավ գիտեք, «քաղտեխնելոգիաների» Հայաստանի «նվաճումները» պարտությունը և քայքայումն են։

Զարուհի Գաբրիելյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ