Հիմա նախընտրական շրջան է, ու քանի որ օրվա պատուհասներին ռադ անելու հիմնական հավակնորդները նախկին իշխանություններն են, նրանք, ուզած-չուզած, ստիպված են լինելու անդրադառնալ նաև իրենց իշխանության տարիներին թույլ տված սխալներին։ Սա նաև հասարակության հետ անկեղծ զրույցի իմիտացիա ստեղծելու տեսանկյունից է շահեկան, իբր՝ տեսեք, մենք անկեղծորեն նաև մեր սխալներն ենք ընդունում, բայց հիմա դասեր ենք քաղել ու հաստատ նույն սխալները չենք կրկնի․․․
Իհարկե, բոլոր իշխանությունների օրոք էլ բացասական երևույթներ են եղել։ Առանց դրանց չի լինում։ Այլ հարց է՝ դրանք պայմանավորված են եղել օբյեկտիվ հանգամանքներո՞վ, կամ այլ կերպ ասած՝ տվյալ պահի իշխանությունները դրանցից խուսափելու հնար չունեի՞ն, թե՞ լավ էլ ունեին, բայց գիտակցաբար գնացել են սխալ ճանապարհով։ Օրինակ՝ մի՛ բան է, երբ երկիրը հայտնվում է լիակատար շրջափակման մեջ, փակվում են և՛ ադրբեջանական, և՛ վրաց-աբխազական երկաթուղիները, և արդյունքում ունենում ենք ծանրագույն էներգետիկ ճգնաժամ, ու բոլորովին այլ բան, երբ ճգնաժամը հաղթահարելուց հետո կառուցվում է Իրան-Հայաստան գազամուղը, բայց այնպիսի տրամաչափով, որ որևէ կերպ չի նվազեցնում Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Առաջին դեպքում ոչինչ անել հնարավոր չէր, երկրորդ դեպքում՝ լավ էլ հնարավոր էր, բայց չի արվել։
Հիմա, երբ Քոչարյանի թիմակիցները խոսում են իրենց իշխանության «բացթողումների» մասին, շատերն ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքի վրա, որ այդ «բացթողումներն» ախր հարկադրված չեն եղել, դրանք միտումնավոր ու գիտակցված են արվել։ Ու խոսքն այն մասին չէ, որ, օրինակ, Քոչարյանին որևէ մեկը չէր ստիպում «պրիվետ, Ռոբ» բառերից հետո թիկնապահներին ասել «տարեք հանգստացրեք դրան», նա կարող էր պարզապես ուշադրություն չդարձնել, և ոչինչ տեղի չէր ունենա։ Խոսքն ավելի գլոբալ հարցերի մասին է։ Օրինակ՝ ի՞նչն էր ստիպում «մի շապիկով Հայաստան եկած» Քոչարյանին կարճ ժամանակում չանթել իրեն դուր եկած ցանկացած օբյեկտ ու մուլտիմիլիոնատեր դառնալ։ Եթե այդպես չաներ՝ այդ ձեռնարկություններն անտե՞ր էին մնալու, երկիրը չէ՞ր զարգանալու, թե՞ եթե ինքը մուլտիմիլիոնատեր չդառնար՝ պետական կառավարման համակարգը խարխլվելու էր։ Ի՞նչն էր ստիպում նրան պետական կառավարման հիմքում դնել քրեաօլիգարխիկ համակարգը, այլ տարբերակներ չկայի՞ն, պետությունը զարգացման այլ տարբերակներ չունե՞ր։ Եթե բջջային հեռախոսների ներկրման մենաշնորհն իր որդունը չլիներ՝ Հայաստանում մարդիկ իրար հետ հեռուստացույցի պուլտերո՞վ էին խոսելու, եթե որդին հյուրանոցներ չսարքեր՝ հյուրերը փողոցներո՞ւմ էին գիշերելու, թե՞ եթե ավտոմեքենաների ներկրման բիզնեսն իրենով չաներ՝ մարդիկ «Ժիգուլիներով» էին երթևեկելու։ Հիմա էլ կանգնել են, թե դե հա, որոշ բացթողումներ ունեցել ենք․․․ Տասը տարի շարունակ հետևողականորեն իրականացվող «բացթողումը» ո՞րն է։
Նույնն էլ Սերժ Սարգսյանի դեպքում է։ Նրա իշխանության օրոք էլ է «մի թեթև բացթողում» եղել՝ ինչքան եղբայր, փեսա ու ազգական է ունեցել՝ բոլորը պատահաբար մուլտիմիլիոնատերեր են դարձել։ Դե հիմա մարդն ավելի լուրջ գործերով էր զբաղված, նման մանրուքներով զբաղվելու ժամանակ չուներ։ Նշանդրեքներում ու ատամհատիկներում տրնգի պարելու ժամանակ՝ ինչքան ասես, բայց դրա համար՝ չէ, ժամանակ չկար։ Պարզապես քանի որ այսօրվա պատուհասների՝ պետությանը հասցված վնասների մասշտաբներն անհամեմատելի են իրենց արածների հետ, հիմա իրենք համարում են, որ արդեն կարող են բաց ճակատով ներկայանալ հասարակությանը, և բացառիկ մեծահոգություն են դրսևորում՝ իրենց «մանր-մունր բացթողումների» մասին խոսելով։
Ու դրա համար պիտի շնորհակալ լինեն այսօրվա գլխավոր պատուհասին, որովհետև միայն նրա բերած աղետի ֆոնին իրենց «բացթողումները» կարող էին մանրուքներ թվալ։
Մարկ Նշանյան