...

Գյուղացիները մնացել են առանց ավտոբուսի և պատրաստվում են բողոքի

Գյուղացիները մնացել են առանց ավտոբուսի և պատրաստվում են բողոքի

Նամակ՝ վարչապետին

Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել: Տրանսպորտ ունենալու պահանջով նրանք երկուշաբթի կառավարության դիմաց բողոքի ակցիա կանցկացնեն և դիմում-նամակ կհասցեագրեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Արդեն տևական ժամանակ է՝ Արարատի մարզի 5 համայնքներ զրկված են հանրային տրանսպորտից:
35 համարի ավտոբուսը, որը սպասարկում էր Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփար և Հայանիստ համայնքները, այլևս գյուղեր չի մտնում: Գյուղերը քաղաքին կապող այս երթուղային միջոցը Նոր Նորքի 5-րդ զանգվածից մինչև Հայանիստ համայնքի թաղամաս Գետաշեն էր ուղևորափոխադրում կատարում: Այսօր արդեն այս համայնքների բնակիչներն աշխատանքի գնալ չեն կարողանում: 35 համարի ավտոբուսը Գետաշեն թաղամասում կանգառ կատարելու փոխարեն Արգավանդ է կայանում:

«Մենք մեծ դժվարությամբ ենք աշխատանքի գնում, հիմնականում տաքսիներով: Մեր աշխատավարձներն այնքան բարձր չեն, որպեսզի կարողանանք օգտվել տաքսիներից, վաստակած գումարը հազիվ բավարարում է կոմունալին և սննդին: Ամեն առավոտ հավաքվում ենք մի քանի հոգով, յուրաքանչյուրը 300-400 դրամ վճարում և քաղաք ենք հասնում տաքսիներով, նույն կերպ հետ ենք վերադառնում: Չէ՞ որ մենք ընտանիք ենք պահում: Ի՞նչն է պատճառը, որ 35 համարի ավտոբուսը գալիս հասնում է մինչև Արգավանդ ու գյուղեր չի մտնում: Մինչև Արգավանդ վիրուս չկա, Արգավանդից հետո կա՞»,- «ՉԻ»-ի հետ զրույցում դժգոհեց համայնքի բնակչուհի Տաթևիկ Ավդալյանը:

Նրանք չեն կարողանում օգտվել նաև համայնքի միջով անցնող 487 համարի երթուղուց: Այն աշխատում է գերծանրաբեռված ռեժիմով՝ լիարժեք չի իրականացնում բնակիչների տեղափոխումը: Իսկ Գետաշեն թաղամասի բնակիչները ստիպված են 1,5 կմ ճանապարհը ոտքով անցնել, որ կարողանան այդ երթուղուց օգտվել:

«Եթե պատճառը համավարակն է, ապա մենք ավտոբուսից օգտվելու ժամանակ հետևել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին. պարտադիր կրել ենք ձեռնոցներ և դիմակներ: Միայն գյուղերո՞ւմ է այդ համաճարակը, որ մեր միակ ավտոբուսն է գծից դուրս եկել»,- վրդովվեցին գետաշենցիները:

Հանրային տրանսպորտի հարցով զբաղվող Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պետի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը մեզ պարզաբանել էր, որ 35 համարի ավտոբուսը ուղեգծի շեղումով է հասել Հայանիստ: Նախկինում օրենքի խախտմամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսը սպասարկի նաև Հայանիստն ու Գետաշեն թաղամասը:

«Կա սահմանված կարգ, որ Երևանի ներքաղաքային տրանսպորտը մայրաքաղաքից մաքսիմում կարող է դուրս գալ 5 կիլոմետր շառավիղով: Այդ պատճառով պահանջել ենք, որ ներքաղաքային տրանսպորտն աշխատի երթուղու ուղեգծի համաձայն: Ավտոբուս Հայանիստ չի հասնելու»,- նշել է նա:

Մարզպետն անելիք չունի

Իսկ խնդրին «քաջատեղյակ» Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողի հարցին ի պատասխան տարակարծություններ է հայտնել: Մի կողմից ասում է, որ ուղևորահոսքի նվազման հետևանքով տրանսպորտը գյուղ չի հասնում: Մյուս կողմից էլ, թե գյուղեր հասնելու դեպքում գերծանրաբեռնված է լինում և խախտում չանելու համար խուսափում է Հայանիստ մտնելուց: Մարզպետի խոսքով, սակայն, ինքն այդ հարցում անելիք չունի:

«Միշտ չէ, որ ամեն ինչ, ինչ տեղի է ունենում Արարատի մարզում, կապված է մարզպետարանի հետ: Մենք ունենք մարզային երթուղիներ, որոնք մենք ենք սպասարկում և մրցույթներ անցկացնում: Իսկ ինչ վերաբերում է 35 համար ավտոբուսին, դա սպասարկում է Երևանի քաղաքապետարանը»,- ասել է Սարգսյանը:

Հիմա գյուղացիների հույսը վարչապետն է: Խնդրում են, որ Փաշինյանն իր համաձայնությունը տա, որպեսզի 35 համարի ավտոբուսը նորից հասնի մինչև Հայանիստ:

Բայց Հայանիստ համայնքի և Գետաշեն թաղամասի բնակիչներին ավտոբուսը հեշտ չի հասել: 3 տարի պայքարելուց հետո, հարևան համայնքում կանգառ կատարող ավտոբուսից կարողացել են նաև իրենք օգտվել: Ավտոբուս ունենալու պահանջով բազմաթիվ նամակներ են հասցեագրել պատկան մարմիններին: Տարիներ առաջ գյուղացիները բողոքի ցույց արեցին՝ կաթվածահար անելով միջպետական ճանապարհը: Ի վերջո, նախկին իշխանությունն ընդառաջեց գյուղացիներին, և 35 համարի ավտոբուսը հասավ նաև Հայանիստ: Հիմա էլ պատրաստվում են նույնը կրկնել: Պայքարել այնքան, որ տրանսպորտ ունենան:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4244 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ