...

Գյուղացիների ձայնը տեղ հասավ

Գյուղացիների ձայնը տեղ հասավ

Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակիչներն այսօրվանից կարող են մայրաքաղաք հասնել:

Մայիսի 18-ից, երբ սկսեց գործել հանրային տրանսպորտը, 35 համարի երթուղային ավտոբուսը, որը սպասարկում է Հայանիստը և հարակից 6 համայնքները, այլևս գյուղեր չէր մտնում․ երթուղու վերջնակետը Գետաշեն թաղամասից Արգավանդ էր տեղափոխվել:

Պատկան մարմինները բնակիչներին փոխանցել էին՝ վիրուսի պատճառով երթուղին այլևս չի սպասարկվում։

Համայնքապետարանից «ՉԻ»-ին տեղեկացրեցին, որ այսօրվանից արդեն 35 համարի 2 ավտոբուս կսպասարկեն Հայանիստ և հարևան համայնքները: Արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր է ավելացնեն երթուղիների քանակը:

Օրեր առաջ համայնքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց և դիմում- նամակներ փոխանցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բնակիչները խնդրում էին, որ Փաշինյանն իր համաձայնությունը տա, որպեսզի 35 համարի ավտոբուսը նորից հասնի մինչև Հայանիստ:

«Մենք բոլորս կին ենք, դուրս ենք գալիս, ճանապարհներին կանգնում ենք, ձեռք ենք բարձրացնում, որ օտար տղամարդիկ կանգնեն, իրենց մեքենաներով մեզ իջեցնեն քաղաք, որ գնանք աշխատանքի: Այն օրը, երբ աշխատանքի չենք գնում, մեր երեխան սոված է մնում»,- ասել էր համայնքի բնակչուհի Տաթև Ավետիսյանը:

Իսկ հանրային տրանսպորտի հարցով զբաղվող Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պետի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը մեզ պարզաբանել էր, որ 35 համարի ավտոբուսը Երևանի քաղաքապետարանին է պատկանում, հետևաբար, պետք է սպասարկի միայն Երևան քաղաքը։ Նախկինում ավտոբուսն ուղեգծի շեղումով է հասել Հայանիստ:

Գյուղացիները չեն կարողանում օգտվել նաև համայնքի միջով անցնող 487 համարի երթուղուց: Այն աշխատում է գերծանրաբեռված ռեժիմով՝ լիարժեք չի իրականացնում բնակիչների տեղափոխումը: Իսկ Գետաշեն թաղամասի բնակիչները ստիպված են 1,5 կմ ճանապարհը ոտքով անցնել, որ կարողանան այդ երթուղուց օգտվել:

Պատկան կառույցներն այժմ բանակցություններ են վարում, որ այս գյուղերն ունենան իրենց տրանսպորտային միջոցը:

Բնակիչները դեռ չեն շտապում խնդիրը լուծված համարել: Ուզում են, որպեսզի տրանսպորտը նախկինի պես գործի, հակառակ դեպքում ստիպված են փակել գյուղի խաչմերուկը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2522 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ