...

Գյուղերը զրկվել են տրանսպորտից. ահազանգ

Գյուղերը զրկվել են տրանսպորտից. ահազանգ

Հայանիստ ավտոբուս չի մտնելու

Արդեն մեկ շաբաթ է՝ Արարատի մարզի 5 համայնքներ զրկված են հանրային տրանսպորտից:

35 համարի ավտոբուսը, որը սպասարկում էր Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփար և Հայանիստ համայնքները, այլևս գյուղեր չի մտնում: Գյուղերը քաղաքին կապող այս երթուղային միջոցը Նոր Նորքի 5-րդ զանգվածից մինչև Հայանիստ համայնքի թաղամաս Գետաշեն էր ուղևորափոխադրում կատարում: Այսօր արդեն այս համայնքների բնակիչներն աշխատանքի գնալ չեն կարողանում: 35 համարի ավտոբուսը Գետաշեն թաղամասում կանգառ կատարելու փոխարեն Արգավանդ է կայանում:

«Արտակարգ դրության պատճառով 2 ամիս աշխատանքի չգնացինք: Շատերը զրկվեցին գործից: Հիմա, երբ արդեն պարետի որոշմամբ հանրային տրանսպորտը գործում է, մենք կրկին չենք կարողանում աշխատանքի գնալ: Գյուղացիներով հավաքվում, տաքսիներով ենք գնում, որն էլ թանկացրել են: Ծանր վիճակում ենք հայտնվել: Հեղափոխություն արեցինք, որ լավ ապրենք, բայց արդյունքում քաղաքից 7 կիլոմետր հեռու գտնվող գյուղը մնաց առանց տրանսպորտ»,- «ՉԻ»-ի հետ զրույցում վրդովված ասացին Հայանիստ համայնքի բնակիչները:

«Երևանի ավտոբուս» ՍՊԸ-ի տնօրենը պնդում է, որ չեն հրաժարվել երթուղին սպասարկելուց: Ինչ հանձնարարություն ստացել են, դա էլ կատարում են: Իսկ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից հրահանգ են ստացել, որ քաղաքային տրանսպորտը այլևս մարզեր չի հասնելու: Այս ընթացքում օրենքի խախտմամբ են գործել:

Ավտոբուսն ուղեգծի խախտմամբ է գյուղեր հասել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանում է, որ նախկինում բացառություններ են եղել Հայանիստ, Զովունի, Արմավիրի մարզի մի շարք համայնքների դեպքում: Իսկ հիմա համավարակով պայմանավորված հսկողությունը խստացվել է:

«Այդ երթուղային գծերից մի քանիսը թույլտվություն չեն ունեցել: Քաղաքապետարանը բազմիցս դիմել է պատկան մարմիններին այդ խնդիրը լուծելու համար»,- նշեց նա:

Թե երբ տրանսպորտի խնդիր կլուծվի, քաղաքապետարանում դեռ չգիտեն: Հարցն այժմ անորոշ վիճակում է: Իսկ մինչ այդ տեղաշարժման խնդրի առաջ կանգնած գյուղացիներին քաղաքապետի խոսնակը խորհուրդ է տալիս ինքնակազմակերպվել:

Հանրային տրանսպորտի հարցով զբաղվող Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էլ հստակ չի կարողանում պատասխանել, թե Հայանիստ համայնքում երբ կվերականգնվի կանոնավոր ուղևորափոխադրումը:

Տեսչական մարմնի պետի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի խոսքով՝ 35 համարի ավտոբուսը ուղեգծի շեղումով է հասել Հայանիստ: Ասում է՝ նախկինում օրենքի խախտմամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսը սպասարկի նաև Հայանիստն ու Գետաշեն թաղամասը:

«Կա սահմանված կարգ, որ Երևանի ներքաղաքային տրանսպորտը մայրաքաղաքից մաքսիմում կարող է դուրս գալ 5 կիլոմետր շառավիղով: Այդ պատճառով պահանջել ենք, որ ներքաղաքային տրանսպորտն աշխատի երթուղու ուղեգծի համաձայն: Ավտոբուս Հայանիստ չի հասնելու»,- մանրամասնեց պատկան կառույցի ներկայացուցիչը:

Հիշեցրեցինք, որ նախկինում 35 համարի ավտոբուսի վերջին կանգառը Խաչփար համայնքում է եղել: Արտյուշ Գրիգորյանը պնդեց, որ այդ ժամանակ էլ է խախտումով աշխատել:

Տեսչական մարմնի պետի տեղակալը նշեց, որ այդտեղ կա այլ կանոնավոր ուղևորափոխադրող: Հայանիստցիներին հորդորեց օգտվել համայնքի միջով անցնող Արմավիրի մարզը սպասարկող 487 համարի երթուղային տաքսուց:
Դիտարկմանը, թե նախկինում օգտվել են այդ երթուղուց և այն գերծանրաբեռնված է աշխատում, Գրիգորյանն ասաց, որ այդ դեպքում պետք է ավելացնել երթուղիների քանակը:

«Մենք 487 համարի երթուղային միջոցը սպասարկող «Գալիք» ՍՊԸ-ին առաջարկել ենք, որ դիմի նախարարություն՝ պատճառաբանելով, որ ուղևորահոսքի ավելացմամբ պայմանավորված չվացուցակներում իրականացվի փոփոխություն: Արտակարգ դրությունը, սակայն, գործը հետ գցեց»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում երթուղիները կվերսկսեն աշխատանքն ամբողջ ծավալով:

Գյուղացիները պատրաստվում են ճանապարհ փակել

Բայց Հայանիստ համայնքի և Գետաշեն թաղամասի բնակիչներին ավտոբուսը հեշտ չի հասել: 3 տարի պայքարելուց հետո, հարևան համայնքում կանգառ կատարող ավտոբուսից կարողացել են նաև իրենք օգտվել: Ավտոբուս ունենալու պահանջով բազմաթիվ նամակներ են հասցեագրել պատկան մարմիններին: Տարիներ առաջ գյուղացիները բողոքի ցույց արեցին՝ կաթվածահար անելով միջպետական ճանապարհը: Ի վերջո, նախկին իշխանությունը ընդառաջեց գյուղացիներին, և 35 համարի ավտոբուսը հասավ նաև Հայանիստ: Այսօր էլ պատրաստվում են ծայրահեղ քայլերի գնալ: Առաջիկայում խնդրին լուծում չտալու դեպքում, 5 գյուղերի բնակիչները պատրաստվում են փակել միջպետական ճանապարհը: 35 համարի ավտոբուսից նաև Հայանիստին հարակից Հովտաշատ և Ոսկեհատ գյուղերի բնակիչներն են օգտվում:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4483 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ