...

Քաղաքապետարանը հանցավոր դանդաղկոտություն է ցուցաբերում

Քաղաքապետարանը հանցավոր դանդաղկոտություն է ցուցաբերում

Շուրջ 450 միկրոավտոբուս կլքի տրանսպորտային ցանցը

Առաջիկայում մայրաքաղաքը տրանսպորտային ճգնաժամի առաջ է կանգնելու:

Երևանի տրանսպորտային ցանցը ներկայումս գտնվում է ծայրահեղ դժվար վիճակում։ Մինչև տարեվերջ էլ շուրջ 450 միկրոավտոբուս այլևս շահագործման ենթակա չի լինի։ Օրենքով միկրոավտոբուսները 15 տարուց ավելի չեն կարող շահագործվել, և դրանք կլքեն տրանսպորտային ցանցը այն դեպքում, երբ օրական 900 միկրոավտուբուս է քաղաքը սպասարկում, այսինքն` տրանսպորտային ցանցի մոտ կեսն այլևս չի կարողանա սպասարկել:

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հստակեցնում է, որ իրավաբանորեն այդ միկրոավտոբուսների շահագործման ժամկետներն ավարտվում են, որից հետո դրանց շահագործումը հանցագործություն է: Եթե այդ միկրոավտոբուսներով փոխադրումներ կատարվեն և հանկարծ պատահար գրանցվեց, շահագործող ընկերության տնօրենը կկանգնի քրեական պատասխանատվության առաջ: Նոր շարժակազմի ձեռքբերման անհրաժեշտություն կա: Իսկ մինչ այդ քաղաքացիները սոցցանցերում մտահոգություններ են հայտնում, որ դասերը վերսկսվելուն պես տրանսպորտային կոլապս է առաջանալու: Գազելների թիվը կրճատվում է, իսկ կանգնած հաճախորդ էլ տեղափոխելու իրավունք չկա:

«Ըստ քաղաքապետի բազմաթիվ հայտարարությունների՝ մեծ, միջին և փոքր տեղատարողությամբ ավտոբուսներով պետք է կազմակերպել հետագա փոխադրումները: Քաղաքապետարանը շատ է դանդաղում՝ հանցավոր դանդաղկոտություն է ցուցաբերում նոր շարժակազմերի հայթայթման գործում: Կամ ինքը պետք է հայթայթի, կամ ավտոբուսներ ներկրելու մրցույթ հայտարարի: Այս բոլորը, ցավոք սրտի, ստացվում է, որ ժամանակավրեպ է: Այսինքն՝ այն, ինչ ասում էի մեկ-երկու տարի առաջ, ականջի հետև էին գցում, իսկ այսօր Երևանում անձնական օգտագործման ավտոմեքենաների քանակը շատ է ավելացել»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց նա:

Խնդիրները տերև-տերև են լուծում

Այս ամենն էլ ամենավատ սցենարով, ըստ փորձագետի, հնարավոր է բերի նոր հեղափոխության կամ գոնե իշխանափոխության, իսկ ամենալավ սեցնարով՝ ուղևորները կարող են իրենց գլխի ճարը տեսնել, ինչպես արտակարգ դրության այն ժամանակահատվածում, երբ հանրային տրանսպորտը չէր գործում:

«1000 դրամ տաքսուն վճարում էին աշխատավայր հասնելու համար, 1000 վերադարձի համար էին տալիս, 1000 էլ աշխատում: Հետո արդեն գումար չունեին աշխատավայր հասնելու համար և հայտնվում էին անելանելի վիճակում: Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ինտենսիվությամբ դրանք կդադարեն շահագործվել: Երթուղային ցանցը վաղուց պատրաստ է: Եթե իշխանափոխություն չլիներ, մենք արդեն մոտ 2 տարի կունենայինք նոր շարժակազմ, նոր տրանսպորտային կազմ, բայց սա պատմության գիրկն է անցել, չկա: Այսօր այս մեր ընկերները խնդիրները լուծում են տերև-տերև: Ես չգիտեմ, թե ինչու են այդպես վարվում՝ խիստ կոմպետենտ ե՞ն, թե՞ լրիվ հակառակը: Իրենք հարցերը տերև-տերև են լուծում: Մի տերևը վերցնում են շուռ տալիս, հետո մյուսն այն դեպքում, երբ պետք է 2 տերևը միասին շուռ տալ: Չգիտեմ՝ դրա պատճառն որն է: Ընդունում ենք, որ 100 տոկոս լեգիտիմ են, չեմ հասկածում, որ իրենք իսկապես ընտրված մարդիկ են, բայց որ կոմպետենտ չեն, դա էլ չեմ կասկածում: Երբ չեն սովորում, իսկ եթե սովորում են, շատ դանդաղ են սովորում, այն որ մասնագետներին չեն հարցնում, դրանք էլ եմ տեսնում»,- ասաց Փոխադրողների միության նախագահը:

Հրանտ Եղիազարյանը նշում է, որ տրանսպորտային խնդիրն արդեն 10 տարուց ավել է: Նրա խոսքով՝ քաղաքապետարանը պետք է անընդհատ մատը պուլսի վրա պահի և կուտակված խնդիրներով զբաղվի:

«Այսօր գծատերերն այլ տարբերակ չունեն, նրանք պետք է այդ միկրոավտոբուսները շահագործեն, քանի դեռ շահագործվում է, որովհետև ներդրումը կատարել են, և եթե երթուղիները թողնեն դուրս գան, այդ մեքենաները կմնան իրենց վրա, դրա համար մինչև վերջ պետք է քամեն: Սա ուրիշ խնդիր է»,- մատնանշեց նա:

Իսկ տրանսպորտային հնարավոր կոլապսի մասին էլ ասում է. «Մի այսպիսի հասկացողություն կա՝ անհրաժեշտ քանակություն: Երբ անհրաժեշտ քանակությունը չկա, մնացած փոքր մասն ինտենսիվ օգտագործման հետևանքով ավելի շուտ է շարքից դուրս գալիս: Պանդեմիայի հետևանքով հիմա գերծանրաբեռնված միկրոավտոբուսներ գրեթե չկան, իսկ մնացած մարդկանց ո՞վ պետք է տեղափոխի: Այո, այսօր իսկ այդ խնդիրները կան, որ մարդիկ չեն հասցնում իրենց անհրաժեշտ տրանսպորտը նստել: Պետք է մեկ ժամ առաջ դուրս գան, որ ժամանակին կարողանան հասնել իրենց ցանկացած վայրը, երբ այդ ճանապարհը կարող են 15 րոպեում հասնել: Իսկ ո՞վ է կորցնողը. քաղաքացին: Այդ ժամանակը, որ նա կորցնում է ճանապարհի վրա, կարող է նպատակային օգտագործել»:

Դեռևս նախորդ տարի տրանսպորտային խնդրի մասին հարցին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ արեց երևանցիներին լինել համբերատար ու ավելի շատ քայլել ոտքով, համենայն դեպս այնտեղ, որտեղ հնարավոր է։ Եթե առաջիկայում խոստացված տրանսպորտային ցանցը չկարգավորվեց, ոտքով ենք աշխատանքի գնալու:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   896 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ